Գետերի ու առվակների մասին խոսքն ավելի շատ հանդուրժողականության կոչ էր

Գետերի ու առվակների մասին խոսքն ավելի շատ հանդուրժողականության կոչ էր

ՀՀԿ անդամ Լեռնիկ Ալեքսանյանը պայքարելու է, որպեսզի հարազատ Արարատի մարզում կուսակիցներն ընտրություններին փող չբաժանեն, որովհետեւ եթե ինքն ընդգրկվի ռեյտինգային ցուցակում, ապա անհավասար մրցակցություն կստեղծվի։ ՀՀԿ-ականի հետ զրուցեցինք Հովիկ Աբրահամյանի հեռանալու ու մարզում ստեղծված իրավիճակի մասին։



- Պարոն Ալեքսանյան, ՀՀԿ ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ Հովիկ Աբրահամյանը, լքեց կուսակցությունը, ինչո՞ւ։



- Ինձ համար իրոք անհասկանալի է, երեւի իմ տրամաբանությունը չի հերիքում, որ հասկանամ։



- ՀՀԿ ԳՄ նիստից հետո ձեր կուսակցության մամլո խոսնակն ակնարկեց նրա նեղացածության մասին։



- Իհարկե, նեղացածության պահ կա, բայց ինքն էն մարդը չէ... Պետք է քաղաքական տրամաբանության մեջ երեւի նայել, բնականաբար, ինքն իր տրամաբանությունը կունենա, բայց ինձ համար, իրոք, անհասկանալի է։ Առաջիկա գործընթացները ցույց կտան դրդապատճառները, օրինակ՝ եթե շարունակելու է քաղաքականությունը, որ դաշտում է լինելու, որ ուժի հետ, էս ամենից կերեւա։ Մենք միշտ ասում ենք, չէ՞, որ անձնական շահերը պետք է վեր չդասենք կուսակցական շահերից, եւ կուսակցության մեջ անձնական ամբիցիաները պիտի մի կողմ դրվեն, եթե պետք է թիկունքում խաղան։



- Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ին ընդդիմությո՞ւն կդառնա։



- Ճանաչելով իրեն՝ ես դա մի քիչ անտրամաբանական եմ համարում, որ լինես մի կուսակցության լիդերներից մեկը, հետո պայքարես այդ կուսակցության դեմ, ընդդիմություն դառնաս։ Ինքը պատահական մարդ չէ, հեռատես է, փորձ ունի։



- Հովիկ Աբրահամյանի հեռանալուց հետո Արտաշատում մի շարք ՀՀԿ-ականներ վայր դրեցին կուսակցական անդամատոմսը, հրաժարական ներկայացրեց Արարատի մարզպետը, խոսվում է, որ նախկին վարչապետին կհետեւեն ուրիշները, չե՞ք կարծում, որ հողը փախչում է իշխանության ոտքի տակից։



- Չէ, չէ, այդպես չէ։ Բնական է, որ համախոհներն իր հետեւից պիտի գնան, բայց որակի առումով, որ կուսակցությունը փլուզվի եւ այլն, ես այդպիսի կասկածներ չունեմ։ Կուսակցությունն ամուր կմախք ունի, գաղափարի վրա հենված, կան էլի ֆունկցիոներներ, ՀՀԿ-ն մարդկային, գաղափարական, սկզբունքային ռեսուրսներ ունի։



- Իշխանությունից նեղացածների եւ պոտենցիալ հեռացողների ցանկը մեծ է՝ Մհեր Սեդրակյան, Սուրիկ Խաչատրյան, Վարդան Ղուկասյանն է հայտնվել Ծառուկյանի թիմում եւ էլի ուրիշներ։ Նրանք իշխանությանը «ձայն բերողներն» են եղել, առանց նրանց ՀՀԿ-ին կհաջողվի՞ բարձր տոկոսներ խփել։



- Էդ մարդիկ, որոնք գնում են-գալիս, կուսակցությանը որակական բան չեն բերի, որակական կորուստ։ Ովքեր կուսակցությունից դուրս են գալիս, նեղացածություն ունեն, ճիշտ չեն անում։ Մեկը մանդատի համար է գնում, մեկը գաղափարական տարաձայնություններ ունի, եթե գնում են, դա իրենց պրոբլեմն է, ես ճիշտ չեմ համարում։



- Ստացվում է, որ ՀՀԿ-ն գաղափարական կուսակցություն չէ, պաշտոնը, իշխանությունը կորցնելուն պես լքում են կուսակցությունը։



- Ոչ, համաձայն չեմ, էն մարդը, որը գաղափարական բանով է կապված ՀՀԿ-ի հետ, նեղացածության առումով պիտի դուրս գա, ու դեռ հարց է՝ կուսակցությունը դրանից կշահի՞, թե կտուժի՞... Չեմ ուզում անձնավորել, ընդհանուր եմ ասում։



- Սերժ Սարգսյանի ակնարկն ո՞ւմ էր ուղղված՝ «գետերից պոկված առվակների չորանալու» մասին։ Սա զգուշացում էր, որ կչորացվե՞ն այդ առվակները, թե՞ իրենք իրենց կչորանան։



- Դա ընդհանուր վերաբերում էր բոլորին, ովքեր դուրս են եկել։ Բայց դրանով հիմնականում ակնարկում էր, թե՝ գիտե՞ք ինչ կա, կարող է պահի տակ նեղացած լինեք, բայց ՀՀԿ-ի ճանապարհը երկար է, կարող եք միանալ նորից։ Դա ավելի շատ հանդուրժողականության կոչ էր։



- Իսկ եթե ՀՀԿ-ից հեռացածներն սպառնան Սերժ Սարգսյանի իշխանությանը, կարժանանան Ծառուկյանի ճակատագրի՞ն, կհեռացվե՞ն քաղաքականությունից։



- Սահմանադրական կարգը պահպանելու դեպքում ոչ մի վտանգ չի սպառնում։



- Արարատի մարզում գործընթացները եռում են, հնարավոր համարո՞ւմ եք, որ մինչեւ ընտրություններ մարզում հաշված հանրապետականներ մնան։



- Անհատների գնալով ոչինչ չի քանդվում, միշտ փոխարինողներ գտնվում են, մարդիկ կան, հասարակությունը կա։



- Նոր մարզպետ նշանակվեց՝ Արամայիս Գրիգորյանը, նա կարո՞ղ է հակակշռել Աբրահամյանների ազդեցությունը։



- Ախր ինչի՞ եք անձնավորում, մենակ Գրիգորյանի խնդիրը չէ, էլի մարդիկ կան, չէ՞։ Կա կուսակցություն, Գրիգորյանն ընդամենը մարզպետ է, այո, ինքը շատ լավ մարզպետ է, նախկինում էլ էր մարզպետ, շատ լավ մարզը ղեկավարել է, հիմա էլ, եթե նախկին մարզպետը հրաժարվել է, բնականաբար, պետք է փոխարինող լիներ իրեն, բայց մեկ մարդով ոչինչ պայմանավորված չէ։



- Օրինակ՝ Դուք ինչպե՞ս եք հակակշռելու ձեր տարածքում, մի կողմից Ձեր բարեկամ Արամ Սարգսյանի հանգամանքը կա, որը ներկայացնում է «Ելք» դաշինքը, մյուս կողմից՝ ռեյտինգային ցուցակում մարզի ազդեցիկներն են ընդգրկվելու, իսկ Դուք այդ «փող բաժանող» խավին չեք պատկանում։



- Անձնական հարցերում ես ունեմ իմ դիրքորոշումը եւ հնարավորության սահմաններում անելու եմ ամեն հնարավորը, որ ՀՀԿ-ն շատ ձայներ ստանա։ Իհարկե, դեռ որոշված չէ՝ կառաջադրվեմ, թե ոչ, բայց, ամեն դեպքում, ես կաշխատեմ կուսակցության ձայների համար։



- Իսկ ռեյտինգային ցուցակում ընդգրկվելու իմաստ տեսնո՞ւմ եք, քանի որ մարզում ազդեցիկների պակաս չի զգացվում, որոնք ֆինանսական ռեսուրսները կգործադրեն քվե ստանալու համար։



- Մրցակցությունը հեշտ չի լինելու, ինձ ճանաչողները գիտեն, որ ես երբեք փող չեմ բաժանել ու դա սխալ եմ համարում եւ կողմնակից եմ մարդկանց հետ աշխատելուն։ Եվ հետո․ ինչ ունես՝ ունես, փողով կարող է մի օրում ձայն ձեռք բերես, բայց իմը ամբողջ կենսագրությունն է։ Իհարկե, մրցակցություն է լինելու ՀՀԿ-ականների մեջ էլ, որը կարող է նպաստել ինքնամաքրման պրոցեսին։ Բնական է, որ եթե ես ռեյտինգայինով առաջադրվեմ, ես պետք է աշխատեմ, որ փող չբաժանվի, կաշառք չլինի, հատկապես, որ կուսակցությունում էլ դրված է՝ մաքուր ընտրություններ պիտի լինեն։ Եթե մեկնումեկը ՀՀԿ-ից դա կանի, ես անձամբ դեմ եմ լինելու, պայքարելու եմ նրա դեմ, եւ ինքնամաքրման պրոցեսն այդտեղից է սկսվելու, որը դրական բաղադրիչ է։



- Օրինակ՝ փող բաժանող կուսակիցների դեմ ի՞նչ պիտի անեք։



- Ինչ կարող եմ՝ կանեմ, մարդիկ կունենամ, պայքարի ճանապարհը կա։ Բնականաբար, փող բաժանելու տարբեր ձեւեր... ասեմ Ձեզ, փող բաժանելու տարբեր բաներ կան՝ բարեգործությունն ու կաշառքը պետք է տարբերել, մարդ կա՝ ժամանակի ընթացքում միշտ օգնել է, սա արդեն բարեգործություն կարելի է համարել, ժողովուրդը, հասարակությունը դա ընդունում է, բայց եթե մարդը դնում է էդ օրը ցուցակով փող է բաժանում, դա լրիվ ուրիշ բան է։



- Այսինքն՝ Դուք այդպիսի մտահոգություն ունեք։



- Դե, մեզ մոտ չունեմ, բայց մարդիկ են, անհատներ, դա կուսակցությունը չէ, կարող է մարդիկ կիրառեն։ Դա էն խնդիրն է, որ միշտ եղել է, կա ու կլինի։ Էէէ, ժողովրդավարական երկրներում էլ դա կա։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ