Կրկին զինված միջադեպ Ջրառատում, կան վիրավորներ

Կրկին զինված միջադեպ Ջրառատում, կան վիրավորներ

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբի տեղեկություններով՝ այսօր Ջրառատ գյուղում «Հայաստանի Հանրապետական» կուսակցության (ՀՀԿ) տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում կան վիրավորներ: Հավելյալ տեղեկություններ ունենալու դեպքում հանրությանը կտեղեկացնենք հաջորդիվ:



Ի դեպ, նախնական տեղեկություններով՝ կա երեք վիրավոր, նրանցից մեկը հրազենային վնասվածք ունի ոտքի շրջանը, մյուսին դանակահարել են, մեկն էլ ընկել է եւ ոտքը ջարդել: Բոլորն այժմ գտնվում են Էրեբունի հիվանդանոցում:



Հիշեցնենք, որ երկու օր առաջ դարձյալ միջադեպ էր եղել Ջրառատում: Կրակոց է հնչել։ Զենք են բարձրացրել Սեյրան Օհանյանի մարդկանց վրա, մասնավորապես՝ Մ․ Բաբոյանի, վերջինս էլ խլել է զենքը։ Օհանյանի մարդիկ ծեծել են իրենց վրա հարձակվողներին։ Նրանց թվում է եղել ոստիկանության գնդապետ Լեռնիկ Երանոսյանը։ Նա ոստիկանության համակարգում է 2013 թվականից։ Սարի թաղի դեպքերից հետո նրա լիազորությունները կասեցված էին։ ՀՔԾ-ն այս գործով քննություն է վարում, եւ Լեռնիկ Երանոսյանը վկայի կարգավիճակում է։



Ըստ ոստիկանության հաղորդման, մարտի 12-ի երեկոյան Վաղարշապատի հիվանդանոց է դիմել Լեռնիկ Երանոսյանը՝ «ձախ այտի կոպի շրջանի սալջարդային քերծվածքներ, գլխի, որովայնի, կրծքավանդակի վերին վերջույթների սալջարդ» ախտորոշմամբ։ Ավելի ուշ նրան տեղափոխել են «Նաիրի» ԲԿ, որտեղ ախտորոշել են փակ գանգուղեղային տրամվա։ Այժմ նա նեյրովիրաբուժական բաժանմունքում է: Ոստիկանությունում ծառայողական քննություն է ընթանում։ Լեռնիկ Երանոսյանը փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի եղբայրն է, այն նույն Լյովա Երանոսյանի, ով, ըստ հավաստի լուրերի, մարդ էր ծեծել տալիս անցած ամառ՝ Սարի թաղի դեպքերի ժամանակ, եւ նկատվել էր ֆոտոլրագրողների կողմից ցուցարարների վրա նռնակ նետելու պահին։ Այնպես որ՝ բումերանգի էֆեկտը երկար սպասել չտվեց։ Նրա եղբայրը հիմա տուժողի կարգավիճակում է։ Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության, Լեռնիկ Երանոսյանը հայտարարել է, որ իրեն ծեծել են Ջրառատ գյուղում: Միքայել Բաբոյանը՝ աչքի վնասվածքով եւ սալջարդով, նույնպես հիվանդանոցում է։