ՀՀԿ-ի «խարոշիները»․ ով ինչ թափ ունի

ՀՀԿ-ի «խարոշիները»․ ով ինչ թափ ունի

ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների ամիսների կատաղի պայքարն անցյալում է, ապրիլի 3-ին երեւաց բոլորի կշիռը, ով ինչքան ձայն ստացավ, ով էր գլուխ գովում, ում «քաշեցին», ով սուսիկ-փուսիկ իր գործը տեսավ։ Որոշ ընտրատարածքներում անակնկալներ եղան, որոշ պոռոտախոսներ խայտառակ քիչ ձայներ ստացան, ոմանց չփրկեց անգամ վարչական ռեսուրսը։



Արմավիրի մարզն ընդգրկող թիվ 6 ընտրատարածքում ՀՀԿ-ական օդիոզներից ամենաշատ ձայներ ստացած թեկնածուն Նահապետ Գեւորգյանն է՝ Նովոն, 22 հազար 64 ձայն։ Հաջորդը գեներալ Սեյրան Սարոյանն է՝ 21 հազար 937 ձայն, ռեյտինգային մյուս թեկնածու Ալեքսան Պետրոսյանի՝ ՄԱՊ-ի Ալիկի օգտին քվեարկել է 9 հազար 474 ընտրող: Առաքել Մովսիսյանը, նույն ինքը՝ Շմայսը, պարտություն է կրել: Նրա օգտին գրանցվել է 6 հազար 716 ձայն: Գեներալ Մանվել Գրիգորյանի հորեղբորորդի Հրանտ Գրիգորյանն ստացել է 4 հազար 862 քվե: Մինչեւ ընտրություններն էլ հայտնի էր, որ մրցակցությունը Նովոյի ու գեներալի միջեւ է ընթանալու, բայց առավել հավանական էր, որ Սարոյանը բացահայտ առավելություն կունենա։ Նովոյին աջակցում էր այդ ընտրատարածքի ամենամեծ համայնքի՝ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, մարզպետն էլ ՄԱՊ-ի Ալիկի օգտին էր աշխատում։



Արարատի մարզում մինչեւ ընտրարշավը բորբոքված կրքերը, ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուների միջեւ հակամարտություններն ավարտվեցին Ավշարի գինու գործարանի սեփականատեր Արայիկ Գրիգորյանի բացահայտ առավելությամբ։ Նա ստացել է 45 հազար 339 ձայն․ ի դեպ, նա մարզի եւ առհասարակ ՀՀԿ-ի ռեյտինգայիններից ամենաշատ ձայներ ստացած թեկնածուն է։ ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանի օգտին է քվեարկել 18 հազար 202 ընտրող, իսկ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի՝ 6 հազար 393։ Ալիկ Սերգեյիչը երեկ պարզաբանել է, որ ինքը տեւական ժամանակ մարզում չի եղել, աշխատանքներ չի տարել, հետեւաբար՝ իր ստացած քվեները քիչ չեն։



Ընտրություններն անակնկալ արդյունքներ ունեցան Գեղարքունիքի մարզում։ Թվում էր, թե մեծահարուստ գործարար Տիգրան Արզաքանցյանին հասնող չի լինի, որն ընտրարշավի ժամանակ էլ հաղթաթուղթ էր դարձրել իր բարեգործությունների թեման, սակայն նա ընդամենը 3 հազար 500 ձայն է ստացել։ Այնպես որ, բոլորովին կարիք չկար նրան բերել տալ արտերկրից եւ օրենքի կեղծմամբ թույլ տալ առաջադրվել (Հայաստանում բնակվելու եւ գտնվելու ցենզը նա չէր բավարարում, եւ բացակայությունները հարգելի ճանաչվեցին իբրեւ թե դրսում ուսանելու անվան տակ)։ Առաջատարն այս մարզում երիտասարդ Կարեն Բոթոյանն է՝ 14 հազար 932 ձայնով, Սերգեյ Մանուկյանի ՝ Շինանյութի Սերոժի փեսան։ Բոթոյանի համար աշխատում էին նաեւ նորատուսցի հայտնի Բանդուրյան եղբայրները։ Լավ ցուցանիշներ է արձանագրել նաեւ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը՝ 14 հազար 430 ձայն, իսկ Հակոբ Հակոբյանը՝ Թունելի Հակոբը, ստացել է 13 հազար 248 քվե։ Բոթոյանը նախորդ խորհրդարան էր անցել ՕԵԿ-ով, երբ ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից, Բոթոյանը տեղափոխվեց ՀՀԿ-ի շարքերը։



Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերում ռեկորդային թվով շատ ձայն է ստացել Հանրապետականը։ Առաջատարը մարզպետ Վահե Հակոբյանն է՝ 21 հազար 823 ձայն, «Ջերմուկի» սեփականատեր, նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանը՝ 17 հազար 563։ «ԳորՄետալ» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Առուշ Առուշանյանն ստացել է 6 հազար 879 ձայն, «Հիդրո» ՍՊԸ տնօրեն Ավետ Սարգսյանը՝ 4 հազար 661։ Վահե Հակոբյանը, ինչպեսեւ խոստացել էր, կարողացավ ապացուցել, որ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի «սուրբ» տեղը դատարկ չի մնում։



Շիրակի մարզում եւս անսպասելի պատկեր է արձանագրվել․ ՀՀԿ-ի ռեյտինգայիններից առաջատարն Արման Սահակյանն է: Նա հավաքել է 14 հազար 510 ձայն, նախկին մարզպետ, գեներալ Ֆելիքս Ցոլակյանը երկրորդն է՝ 11 հազար 796 ձայնով, նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը 10 հազար 700 քվեով երրորդն է ՀՀԿ-ի ռեյտինգայինների ցանկում, մինչդեռ նախորդ ընտրություններում նա բավականին բարձր ցուցանիշներ էր արձանագրել: Այս ընտրատարածքում ՀՀԿ-ի վարկանիշայիններից էր նաեւ նախկին ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանը, որն ստացել է 8 հազար 799 ձայն՝ հիմնականում Արթիկից ու հարակից համայնքներից։ Այստեղ Պետոյանի դեմ ողջ թափով պայքարում էին Վարագյան եղբայրները։ Թասիբով գյումրեցիները, հավանաբար, պատժեցին ճամբարափոխ ԲՀԿ-ականներին։ Ի դեպ, փոխմարզպետ Մխիթար Վարագյանն առաջադրվել էր ՀՅԴ-ից եւ բավականին քիչ ձայներ է ստացել՝ 1000-ից քիչ ավելի։



Ուշագրավ է, բայց նույն պատկերն է նաեւ Արագածոտնի ընտրատարածքում, այստեղ էլ նախկին ԲՀԿ-ականներ Արագած Ախոյանն ու Բազմասեր Առաքելյանն են ՀՀԿ ռեյտինգայիններից ամենաքիչ ձայներ հավաքածները՝ համապատասխանաբար մոտ 2 հազար 500 եւ 4 հազար 500 ձայն են ստացել։ Առաջատարը նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայր Նաիրին է՝ 14 հազար 166, որին աջակցում էին ՀՀԿ-ական համայնքապետերը՝ Սարգիս Սահակյանի նախկին ենթակաները։ Երկրորդը Գազի Ռուբոյի որդին է՝ Ռոլանդ Հայրապետյանը՝ 7 հազար 349, որին աջակցում էր Քննչական կոմիտեի ղեկավար, ապարանյան կլանի պարագլուխ Աղվան Հովսեփյանը։ Պատգամավոր Մնացական Մնացականյանն էլ 5 հազար 218 ձայնով երրորդն է։ Սա ամենափոքր ընտրատարածքն է, եւ, ամենայն հավանականությամբ, ՀՀԿ-ականներից միայն մեկը կգործուղվի խորհրդարան, տեսնենք, թե ում վրա կկանգնի Սերժ Սարգսյանի ընտրությունը։ Եթե ընտրությունը կանգնի Նաիրի Սահակյանի վրա, կարող ենք ակնկալել, որ խորհրդարանն այս անգամ էլ կունենա իր «շմայսը»։



Կոտայքի մարզում ՀՀԿ-ն, ընդհանուր հաշվով, զիջում է «Ծառուկյան դաշինքին», ռեյտինգայինների ցուցանիշներն էլ են համեստ։ Ինչպեսեւ սպասվում էր, առաջատարը գործարար Բարսեղ Բեգլարյանի՝ Ֆլեշի Բարսեղի փեսան է՝ Սամվել Սանամյանը՝ 12 հազար 645 ձայնով։ Հաջորդը Անդրանիկ Հարությունյանն է՝ 11 հազար 324 («Գազպրոմ Արմենիա» Արտաշատի ԳԳՄ տնօրեն), Կոտայքի նախկին մարզպետ, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանն ստացել է 10 հազար 808 քվե, իսկ պատգամավոր Վարդան Այվազյանը դուրս կմնա խորհրդարանից․ նա 7 հազար 226 ձայն է հավաքել։



Լոռու մարզում, սպասվածի պես, առաջատարը «Տաշիր գրուպի» սեփականատեր ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանն է՝ 44 հազար 255 ձայնով։ Նա ավելի շատ ձայն է հավաքել, քան ՀՀԿ-ի մյուս երկու ֆավորիտները միասին վերցրած։ Ուշագրավ է նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի արձանագրած ցուցանիշը, թեեւ Արկադի Համբարձումյանը՝ Դերժավայի Արկադը, չէր խնայում իր ռեսուրսները, բայց Բաղդասարյանը երկրորդն է՝ 17 հազար 637 ձայնով, Արկադի Համբարձումյանը զիջում է հազարից ավելի ձայնով՝ 16 հազար 402։



Տավուշում էլ դարձյալ իշխանությունը «ժառանգաբար» փոխանցվել է․ հաղթողը Գրիգոր Ավալյանն է՝ 17 հազար 113 ձայնով, նա «Գրանդ տոբակո» ընկերության ֆինանսական տնօրենն է։ Պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Պիվի Հակոբը, մոտ կրկնակի անգամ զիջում է նրան՝ 8 հազար 90 ձայնով։
Երեւանի չորս ընտրատարածքների ռեյտինգայիններից ռեկորդակիրը Սամվել Ալեքսանյանն է, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3-ում՝ ստացել է 42 հազար 472 ձայն։ Ալեքսանյանը չի կարողացել օգնել փեսային՝ Կորյուն Նահապետյանին, որը 1046 ձայն է ստացել։ Երկրորդը պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանն է, ում աջակցում էր Կադաստրի պետ, Շենգավիթի նախկին թաղապետ Մարտին Սարգսյանը, եւ ստացել է 19 հազար 710 քվե։



Թիվ 2 ընտրատարածքը, որը ներառում է Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն վարչական շրջանները, Գալուստ Սահակյանի որդին՝ Արմանը, մոտ 6 հազար ձայնով առավելություն ունի թիմակիցների նկատմամբ․ նա ստացել 17 հազար 767 ձայն, Արտակ Սարգսյանի՝ «ՍԱՍ»-ի սեփականատիրոջ օգտին քվեարկել է 11 հազար 979 ընտրող, իսկ Արթուր Գեւորգյանին փրկել չկարողացավ անգամ ՀՀ ոստիկանապետ աները, նա երրորդն է՝ 10 հազար 124 ձայնով։ Լավ ցուցանիշ է գրանցել անհայտ թեկնածու Տավրոս Գեւորգյանը՝ 8 հազար 200։



Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթունում պատերազմն ավարտվեց Տարոն Մարգարյանի աներձագի հաղթանակով։



Թիվ 1 ընտրատարածքում Ռոբերտ Սարգսյանն է առաջին հորիզոնականում՝ 27 հազար 107 ձայնով, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը մոտ 20 հազար քվե է ստացել։ Թիվ 4՝ Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջաններում Երեւանի նախկին քաղաքապետ, կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբորն են վստահության քվե տվել՝ Հակոբ Բեգլարյանը 26 հազար 1 ձայն է ստացել։ Զարմանալին Հարություն Կարապողոսյանի՝ Սնխչի Հարութի ցուցանիշներն են, նախկին ԲՀԿ-ականը սահուն անցում կատարեց ՀՀԿ ու հավաքեց 20 հազար 306 ձայն։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ