Ապրիլի 2-ի բացահայտումները․ ինչ է պետք ժողովրդին

Ապրիլի 2-ի բացահայտումները․ ինչ է պետք ժողովրդին

Երեկ կեսօրին ԿԸՀ-ն ամփոփեց 2017 թվականի ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները։ Ճշգրտումներ դեռ կլինեն, բայց հիմնական պատկերը կարելի է ուրվագծված համարել։ Ըստ այդմ, խորհրդարանը կձեւավորվի քաղաքական 4 ուժից՝ ՀՀԿ, «Ծառուկյան դաշինք», «Ելք» եւ ՀՅԴ։ Նրանց ստացած տոկոսներն են․ ՀՀԿ՝ 49,12 (771 հազար 249 ձայն), «Ծառուկյան դաշինք»՝ 27,32 (428 հազար 965), «Ելք» դաշինք՝ 7,78 (122 հազար 49) եւ ՀՅԴ՝ 6,58 (103 հազար 173)։ Ըստ նախնական գնահատականների, Հանրապետականը խորհրդարանում կունենա 55 մանդատ, «Ծառուկյան դաշինքը»՝ 30, «Ելքը»՝ 9, իսկ դաշնակցականները՝ 7։



Համարձակների ու գիտակների պակաս է զգացվելու նոր ԱԺ-ում
2012 թվականի ԱԺ-ի համեմատ, որում 6 քաղաքական կուսակցություն էր ներկայացված եւ երեք անկախ պատգամավոր, ի դեմս Կարեն Բոթոյանի, Արայիկ Գրիգորյանի եւ Էդմոն Մարուքյանի, այս խորհրդարանն աղքատ է ու անհրապույր։ Խորհրդարանում չեն լինի փայլուն տնտեսագետ Հրանտ Բագրատյանը, Զարուհի Փոստանջյանը՝ իր վառ ու համարձակ ելույթներով, չի լինի արմատական ընդդիմադիր Արամ Մանուկյանը։ Իրավաբան Էլինար Վարդանյանի փոխարեն այդ բլոկը լրացնելու է Արտակ Զեյնալյանը։ Ընդդիմադիր թեւը կազմված է լինելու «Ծառուկյան» եւ «Ելք» դաշինքներից, իշխանականը, ամենայն հավանականությամբ՝ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայից, եթե դաշնակցականները համաձայնեն։ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ հայտարարել է, որ Հանրապետականը, ունենալով մեծամասնություն, կարող է ինքնուրույն կառավարություն ձեւավորել, բայց ավելի հակված է կոալիցիա կազմելուն։



ԱԺ ընտրությունների անակնկալները



Առաջին անակնկալը ՀՀԿ-ի ձայների բարձր տոկոսն էր։ Անգամ ամենահոռետեսներն իրենց պրոգնոզներում չէին գուշակում, որ ՀՀԿ-ն մոտ 50 տոկոս ձայն է տանելու։ Իշխանական համարվող սոցիոլոգներն ու գործակալությունները նույնիսկ ավելի փոքր թվեր էին նշում։ Մարտի առաջին շաբաթը Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչությունը 23 տոկոս էր «տվել» ՀՀԿ-ին։ Անցած շաբաթ՝ արդեն 30։ Իսկ Ահարոն Ադիբեկյանը մեկ ամիս առաջ 51 տոկոս էր կանխատեսում ՀՀԿ-«Ծառուկյան դաշինքի» համար՝ պնդելով, որ 5-7 ուժ կանցնի խորհրդարան։ Բոլորը սխալվեցին։ ՀՀԿ-ն այս անգամ էլ տոկոսներ «խփեց»։ Երկրորդ անակնկալն այն է, որ իշխող ուժը հաղթեց ոչ թե ընտրակեղծիքի, այլ ընտրակաշառքի եւ վարչական ռեսուրսի շնորհիվ։ Ժողովրդի մեծամասնությունն ընտրեց գործնականում օգտակարը՝ ուժը, փողն ու ռեսուրսը։ Ընդ որում, ինչպես վկայում են թաղերում, փող բաժանողները, ժողովուրդն ընտրեց ազնվաբար։



«Փող վերցնելու ու չընտրելու» տարբերակը չաշխատեց



Պատճառը, բացի աղքատ խավի «բնածին» ամոթխածությունից, նախ թեկնածուների մեծ թվաքանակն էր՝ 2012 թվականի համեմատ։ Այս անգամ ավելի մեծ թվով մարդիկ էին «աշխատում» նրանց օգտին․ շենքերի լիազորների, թաղապետարանի աշխատողների, ակտիվ բնակիչների, ձայն բերողների եւ այլ գործակալների քանակը մի քանի անգամ շատ էր։ Յուրաքանչյուր ձայն հաշված էր, ամեն ընտանիք իր «տերն» ուներ։ Իսկ ռեյտինգայինները, անգամ տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող, այնպես կազմակերպվեցին, որ նույնիսկ կարողացան համաձայնեցնել բաժանվող գումարների չափը։ Այս միջկուսակցական ջենթլմենական համաձայնությունների արդյունքում փող բաժանող «ուժերը» կանգնեցին ընդհանուր թվի՝ 10 հազար դրամի վրա։ Նախորդ ընտրություններում, ինչպես հիշում ենք, բաժանվում էր 5-հազարական դրամ։ Ծախսված թվերին համահունչ, այս անգամ ավելի խիստ էր վերահսկվում քաղաքացիների քվեարկությունը։ «Իշմարների» համակարգն ավելի էր կատարելագործվել։ Սմարթֆոններ բաժանել եւ պահանջել նկարահանել քվեաթերթիկը, դուրս հանել տեղամասից 8 չօգտագործված քվեաթերթիկները, պատռել դրանք, որ հաջորդ ընտրողը մախինացիայի շանս չունենա, բաց քվեարկության պահանջը եւ այլն։



Ծախսի արդյունավետությունն ստուգելու բոլոր ձեւերի ահռելի թվով արձանագրումներ կան, որոնք կատարել են դիտորդներն ու վստահված անձինք։ Այնուամենայնիվ, բացարձակացնել փողի գործոնը եւս չի կարելի։ «Ելքը» փող չէր բաժանել, բայց մեծ թվով ձայներ ստացավ։ Այս դաշինքի առաջին համար Էդմոն Մարուքյանն արդեն հայտարարել է, որ իրենց հաջողվել է պահել իրենց ստացած բոլոր ձայները, եւ որ իրենք բավարարված են ընտրության արդյունքով։ Նշանակում է՝ նոր, երիտասարդ դեմքերին, մաքուր կենսագրությամբ տղաներին, ժողովրդի հետ խոսելու հռետորական արվեստը մարդիկ ընդունեցին։



Ինչը չընդունեցին, ինչին ձայն չտվեցին



Չընդունեցին թույլ ու արդար կոմունիստներին, որոնք 0,7 տոկոս ստացան։ Նրանք իրենց բոլոր հանդիպումների ժամանակ խոսում էին թալանված տնտեսությունից, բայց չէին ասում, թե ինչպես են վերականգնելու, տարիքով էին ու անփող։ Գնացին երիտասարդ ուժերի ու ֆինանսի հետեւից։ Չընդունեցին Արթուր Բաղդասարյանին, որը մոտ 3,7 տոկոս ստացավ։ Նրա մասնակցությամբ մշակված մոտ 200 օրինագծերն ու սոցիալական պրոյեկտները դեր չխաղացին, նրա աստեղային ժամը 2008-ի մարտի մեկից առաջ էր։ Դրանից հետո նա այլեւս ոտքի չի կանգնում։ Չընդունեցին խաղաղության քարոզը։ 1,6 տոկոս ստացած Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ընտրած այս կարգախոսը, որպես նախընտրական գաղափար, իրեն չարդարացրեց։



Պարզվեց՝ խաղաղության գաղափարն այնքան էլ պոպուլյար չէ։ Այն չմիավորեց մարդկանց, այլ, հակառակը՝ վեճեր ու կոնֆլիկտներ հրահրեց, ատելության նոր ալիք, ինչպես 96-ին գրված «Պատերազմ եւ խաղաղություն» հոդվածը, գումարած իշխանության հետ համագործակցելու մեղադրանքները։ Սա նշանակում է, որ հանրությունը պատրաստ չէ «փոխզիջման»։ Հակառակը՝ Դաշնակցությունն իր ավանդական «հայդատական» քարոզներով եւ «ոչ մի թիզ հող» պատերազմի տանող դրույթներով ավելի մեծ հետեւորդներ ունի, եւ սա էլ է ապրիլի 2-ի բացահայտումներից։



Եռյակը փոշիացրել է իր վստահության ռեսուրսը



Ժողովրդին պետք չեկան նաեւ խելոքացած ու սեփական սխալները գիտակցող, դարձի եկած նախարարները՝ Սեյրան, Օսկանյան, Րաֆֆի եռյակը, որին հազիվ 2 տոկոս տվեցին, այն էլ՝ հիմնականում սահմանամերձ գյուղերում, որոնց նախարար եղած ժամանակ Օհանյանը լույսի գումար էր տալիս։ Առաջին երկուսն ասոցացվեցին անցած էտապի՝ Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակների, մարտի 1-ի, բանակային կոռուպցիայի, ապրիլյան պատերազմի ձախողումների հետ։ Նրանց վերափոխմանը մարդիկ չհավատացին, ինչպես չհավատացին Րաֆֆու հավաստիացումներին, որ, ահա, վաղը գարուն է գալու։



Րաֆֆի Հովհաննիսյանի ահռելի ընտրազանգվածից, որը նա 2013-ի նախագահականից հետո անարդյունք մաշեց փողոցային աղոթքներում, պարզվում է՝ բան չի մնացել։ Անգամ «Ժառանգությունը» նա փոշիացրեց, անգամ Զարուհու ակտիվությունը, մինչեւ վերջին պահը նրան ոչ մի կուսակցության «չտալով»։ Եվ հիասթափված Զարուհին նախընտրական թեժ շրջանում ստիպված նոր կուսակցություն հիմնել՝ իրացնելով իր բնածին քաղաքական ակտիվությունը։



Ոչ թե ինտելեկտ, այլ բարեգործություն



Ժողովրդին, պարզվում է, պետք չէին նաեւ մաքուր կենսագրությամբ, բարի համբավ ունեցող Անահիտ Բախշյանը, մարդու իրավունքների պաշտպան, ակտիվ քաղաքացի, ճկուն վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը։ Հրանտ Բագրատյանին քիչ ընտրեցին, որի հեղինակությունն ընդունում են աշխարհի հայտնի կառույցները Եվրոպայում ու ԱՄՆ-ում, եւ որը, որքան էլ ներքեւ իջնենք տնտեսական զարգացման աստիճաններով, միշտ ելքեր ու լուծումներ է առաջարկել մեր կառավարիչներին։ Նրա «Մրցունակ Հայաստան» ծրագիրը հերթական ելքն էր, որը չգնահատվեց մեծամասնության կողմից։ Հրանտ Բագրատյանի հետ հանդիպումների ժամանակ կային մարդիկ, որոնք անկեղծորեն ափսոսում էին՝ ո՞նց կլինի, որ Դուք ԱԺ-ում չլինեք։ Խաչատուր Քոքոբելյանի հետ նրա միացումը թերեւս ճիշտ չէր։



«Ազատ դեմոկրատների» մոտ 1 տոկոս ձայն հավաքելը նշանակում է, որ մեր ժողովրդի մեծամասնությունը չի ընտրում ինտելեկտը որպես արժեք։ Սամվել Ալեքսանյանին՝ նրա անվճար վիրահատությունների ու մարդկանց գործի դնելու խոստումներով, փողոցում քաշած լույսերով, աղքատներին բաժանած լավաշով ու դեղի փողով, մոտ 42 հազար մարդ ընտրեց։ «Ծառուկյան դաշինքի» ռեյտինգայինների բոլոր քվեներն էլ իրականում նրան էին տվել, ոչ թե ռեյտինգային թեկնածուներին Գագոյի «խաթեր համար»։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ