Իսկ ո՞ւր մնացին ընդդիմությանը խոստացված լիազորությունները

Իսկ ո՞ւր մնացին ընդդիմությանը խոստացված լիազորությունները

Երբ իշխանության ներկայացուցիչներն ու նոր Սահմանադրության հեղինակներն ամպագոռգոռ հայտարարություններ էին անում, թե այս փոփոխություններով Մայր օրենքն ու պառլամենտական համակարգը լայն լիազորություններ են տալու ընդդիմադիրներին, նրանց դարձնելու են գործոն՝ երկրում կարեւորագույն որոշումների ընդունման ժամանակ, քչերն էին կասկածում, որ դրանք բլեֆներ են։ Պարզվեց՝ ՀՀԿ-ին չխանգարեց անգամ նոր Սահմանադրությունը, որպեսզի նոր պառլամենտն իր «հագով» ձեւի։



Ապրիլի 2-ի ընտրություններից հետո, երբ գրեթե հայտնի է, թե ապագա խորհրդարանում ինչ համամասնությամբ են գործելու իշխանությունն ու ընդդիմությունը, փարատվում են նաեւ փոքրիկ կասկածները, որ ընդդիմադիրները կարող են մասնակից լինել որոշումների կայացմանը։ Առաջիկայում եւս նրանք գործելու են այնպիսի դաշտում, որտեղ նվաճումներն ու հաղթանակները լինելու են զուտ բարոյական բնույթի։ Խորհրդարանի 101 մանդատներն ապրիլի 2-ի ընտրություններից հետո անցողիկ շեմը հաղթահարած չորս ուժերի միջեւ բաշխվել են հետեւյալ համամասնությամբ՝ ՀՀԿ-ն ստանում է 55 մանդատ, «Ծառուկյան դաշինքը»՝ 30, «Ելք»-ը՝ 9, իսկ ՀՅԴ-ն՝ 7: Եվս չորս մանդատ էլ կգումարվի այս թվին՝ 105 պատգամավոր կունենանք, չորս մանդատները կտրվեն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին՝ 3-ը ՀՀԿ-ին, 1-ը՝ «Ծառուկյան դաշինքին»։ Դեռեւս չի գումարվել 6-րդ գումարման Ազգային ժողովը, եւ հայտնի չէ, թե որ ուժն ինչ կարգավիճակում է հանդես գալու՝ ընդդիմությո՞ւն, թե՞ իշխանություն, բայց նախնական պատկերացում կարելի է կազմել այս ուժերի նախկին հայտարարություններից ու քաղաքական ներկա գործընթացներից։



Ըստ այդմ, «Ելք»-ը եւ «Ծառուկյան դաշինքը» թերեւս կհայտարարեն ընդդիմություն լինելու մասին, իսկ ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն քննարկում են նոր կոալիցիայի, համագործակցության հուշագիր ձեւավորելու հարցը։ Թե ինչու պիտի ՀՀԿ-ն կոալիցիա կազմի ՀՅԴ-ի հետ, եթե նոր խորհրդարանում առանց Դաշնակցության էլ մեծամասնություն է կազմում, պատասխանում է իշխանության ընդունած Սահմանադրությունը, համաձայն որի՝ հիմնադիր օրենքներն ու պաշտոնատար անձանց ընտրությունները հնարավոր է կյանքի կոչել խորհրդարանի 3/5-ի կամ 63 պատգամավորի ձայնով։ Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքը, Ընտրական օրենսգիրքը, Դատական օրենսգիրքը, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը, «Հանրաքվեի մասին» օրենքը, «Կուսակցությունների մասին» օրենքը եւ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքը սահմանադրական օրենքներն են եւ ընդունվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, այսինքն՝ 63 ձայնով: Նույնկերպ են ընտրվում օմբուդսմենը, Կենտրոնական բանկի նախագահը, ՍԴ, վճռաբեկ դատարանների նախագահները, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամները։ Մի խոսքով՝ բոլոր կարեւոր օրենքներն ու պաշտոնները կարող են ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն համատեղ անցկացնել, առանց ընդդիմության դույզն-ինչ մասնակցության։ Թերեւս այս պատճառով է, որ ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցել ՀՅԴ-ի հետ, իսկ վերջինս էլ թանկացնում է իրեն եւ ցանկանում ավելին կորզել ՀՀԿ-ից, քան ուներ մինչեւ ընտրությունները։



Իսկ պառլամենտական փոքրամասնությունն ընդամենը հնարավորություն է ստանում հասարակությանը հետաքրքրող ցանկացած հարցի վերաբերյալ ստեղծել քննիչ հանձնաժողով, եթե առկա է պատգամավորների թվի ¼-ը: Հանձնաժողովը լիազորություն ունի ինչ-որ փաստեր պարզելու: Այստեղ հանրությանը հետաքրքրող հարցերը կարող են քննարկման առարկա դառնալ, քննիչ հանձնաժողովը կարող է հրավիրել իր նիստերին համապատասխան պաշտոնատար անձանց, զեկույց գրել ու եթե հանցակազմ պարունակող փաստեր ու արարք գտնի, կարող է ուղարկել այն իրավապահ մարմիններին: Հարցի մյուս կողմն է, թե իրավապահներն ինչպես կվերաբերվեն ընդդիմության ներկայացրած փաստերին։



Նոր Սահմանադրության համաձայն՝ ԱԺ տեղակալներից մեկն առնվազն պետք է լինի պառլամենտական փոքրամասնություններից, սակայն դա էլ զուտ ներկայացուցչական ապահովվածություն կլինի ընդդիմության համար։



Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, Սահմանադրական դատարանի խորհրդական, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Գեւորգ Դանիելյանին հարցրինք՝ իսկ որտե՞ղ ենք տեսնելու խորհրդարանական փոքրամասնության գործոն լինելու փաստը, եւ ի՞նչ լծակների մասին էր հայտարարվում նախապես։ «Եթե մենք քննարկենք զուտ Ազգային ժողովի կողմից ձեւավորվող պաշտոնատար անձանց ու մարմինների կտրվածքով, միգուցե այդ հարցն այլեւս արդիական չլինի, որովհետեւ ՀՅԴ-ՀՀԿ պատգամավորները միասին կարող են հաղթահարել այդ շեմը»,- համաձայնեց պարոն Դանիելյանը, նկատելով նաեւ․ «Չնայած հասկանում եք նաեւ, որ նման դեպքերում բոլորը պարտադիր կլինեն Հայաստանում եւ որեւէ խնդիր չեն ունենա, պարտադիր ներկա կգտնվեն նիստերին, պրակտիկան ցույց է տալիս, որ միշտ էլ լրացուցիչ կարիք զգացվում է»։ Ընդունելով նաեւ, որ քննիչ հանձնաժողովն առանցքային նշանակություն ունենալ չի կարող, այդուհանդերձ, Դանիելյանի կարծիքով, միայն նշված հարցերով չի ավարտվում ընդդիմության դերակատարումը․ «Մի քանի այլ լիազորություններ կան, որոնք, իմ համոզմամբ, շատ ավելի արժեքավոր են, քան, ընդունենք՝ մի պաշտոնատար անձի նշանակումը կամ ընտրությունը։ Նախ՝ օրինաստեղծ աշխատանքի կտրվածքով վերցնենք, ընդդիմադիրները կարող են նախաձեռնել օրինագծեր եւ եթե տեսնեն, որ օրինագիծը չի անցնում, կարող են քաղաքացիական նախաձեռնությանը դիմել եւ հասնել նրան, որ ռեֆերենդումի միջոցով իրենց կողմից հավանության արժանացած օրինագիծը հավանության դրվի։ Այսինքն՝ եթե իրենք վստահ են, որ այդ նախագիծը մեծամասնության աջակցությունը կվայելի, վստահ են, այլ ոչ թե պարզապես խոստումներ են տալիս, իրենք կարող են հասնել նրան, որ քաղաքացիական նախաձեռնության կարգով դա դրվի հանրաքվեի»։



Նշենք, որ, ըստ Սահմանադրության, եթե Ազգային ժողովը մերժում է Սահմանադրության 109-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով ներկայացված օրենքի նախագծի ընդունումը, ապա մերժումից հետո` 60 օրվա ընթացքում, օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությանն ընտրական իրավունք ունեցող եւս 300 հազար քաղաքացու միանալու դեպքում նախագիծը դրվում է հանրաքվեի, եթե Սահմանադրական դատարանը նախագիծը ճանաչում է Սահմանադրությանը համապատասխանող: Քաղաքացիական նախաձեռնության մասնակիցների ստորագրությունների վավերականությունը հաստատում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Ընդդիմության լիազորությունները, ըստ Դանիելյանի, այսքանով չեն ավարտվում․ «Օրինակ՝ վարչապետին անվստահություն հայտնելը, 1/3-ը կարող է նման նախագիծ ներկայացնել, սա եւս լուրջ խնդիր է, կամ Սահմանադրական դատարան դիմելը»։ Սակայն այս նախագծերը կընդունվեն միայն՝ ստանալով պատգամավորների մեծամասնության ձայները։ «Իհարկե, բայց մի կողմից հետեւյալ խնդիրն է՝ իրենք պետք է կարողանան փաստարկված հանդես գալ, եթե պարբերաբար հանդես գան, ու պարբերաբար մեծամասնությունը մերժի, չեմ կարծում, թե դրանով մեծամասնությունը շահեկան վիճակում է հայտնվելու, համոզված եղեք... Հետո՝ զուտ կեղծ ընդդիմություն խաղալու համար սրանք հարմար թեմաներ չեն, որ, գիտե՞ք ինչ, մենք արեցինք, բայց հաջողության չհասանք։ Եթե իսկապես լուրջ խնդիրներ բերեն, փաստարկված, որոնք, այնուամենայնիվ, կանտեսվեն, այդ թվում՝ Հաշվեքննիչ պալատի դեպքում, պատկերն ամբողջովին կփոխվի»,- նշեց Դանիելյանը։



Նա չհամաձայնեց, որ, այս ամենով հանդերձ, ընդդիմությունն այսուհետ եւս նախկինի նման միայն բարոյական հաղթանակներ է ունենալու։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ