«Հրապարակ»-ի՝ «Ինչ գրքերի համար է մշակույթի նախարարությունը վճարել 23 մլն դրամ» հոդվածում արված հարցադրումների արձագանքը

«Հրապարակ»-ի՝ «Ինչ գրքերի համար է մշակույթի նախարարությունը վճարել 23 մլն դրամ» հոդվածում արված հարցադրումների արձագանքը

Հոդվածում (http://hraparak.am/…) նշված գրքերը հրատարակվում են «Գրականության հրատարակում» (պետական պատվեր) ծրագրով, որը գործում է դեռևս 2001 թվականից:
Յուրաքանչյուր տարի՝ պայմանավորված մշակութային քաղաքականության առաջնահերթություններով, ՀՀ մշակույթի նախարարին կից գրականության պետական պատվերի և աջակցության ցանկերը ձևավորող խորհուրդը սահմանում է ուղղություններ, որոնցով հրատարակչությունները ներկայացնում են համապատասխան հայտեր:



Խորհուրդը քննում է բոլոր հայտերը՝ ձևավորելով հաջորդ տարի հրատարակվելիք գրականության ցանկերը: Նույն սկզբունքով՝ 2017 թվականին հրատարակվող գրականության ցանկերը ձևավորելու համար դեռևս 2016-ի հունիս-հուլիս ամիսներին ընդունվել են հայտեր, որոնք մասնագիտական խորհուրդը քննել է և 2016-ի հոկտեմբերի 24–ի ամփոփիչ նիստով կազմել հրատարակվելիք գրականության ցանկերը:



«Գրականության հրատարակում» ծրագրով 2017 թվականին հրատարակվելու է հանրագիտարանային գրականություն, Հայաստանի պատմությունը և հայ մշակույթը ներկայացնող գրականություն, ալբոմային գրականություն, գեղարվեստական գրականություն և էլեկտրոնային գրականություն:



ՀՀ մշակույթի նախարարին կից 2017 թ. գրականության պետական պատվերի և աջակցության ցանկերը ձևավորող խորհրդի կազմում են եղել ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ն. Տեր-Վարդանյանը, Հայաստանի գրողների միության նախագահ, բանաստեղծ, մանկագիր Է. Միլիտոնյանը, թարգմանիչ, արձակագիր Լ. Իվանյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բան. գիտ. դ-ր, պրոֆ. Ա. Դոլուխանյանը, գրականագետ, բանաստեղծ Ա. Գաբրիելյանը, գրականագետ Հ. Հակոբյանը, թատերագետ Ն. Եղիազարյանը, գրականագետ, բան. գիտ. թեկնածու Հ. Համբարձումյանը, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Ա. Սարգսյանը, նույն վարչության գրականության հարցերով փորձագետ Ա. Սարգսյանը:



Այս ծրագրով հրատարակված գրականությունը նախարարությունը հատկացնում է Հայաստանի գրադարաններին, օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանատներին և հայկական մշակութային կենտրոններին, տարածում հանրապետական և միջազգային ցուցահանդեսների, փառատոների, շնորհանդեսների, գրական ծրագրերի անցկացման ընթացքում։