Հայկական սփյուռքը և թուրքական հանրաքվեն

Հայկական սփյուռքը և թուրքական հանրաքվեն

Թուրքիայում ապրիլի 16-ին սահմանադրական հանրաքվե անցկացվեց, որի արդյունքները դեռ ալեկոծում են երկիրը։ Գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը պահանջել է քվեաթերթիկների 60 տոկոսի վերահաշվարկ, բայց այն փաստը, որ «այո»-ն ընդամենը մոտ 1 տոկոսով է շատ եղել «ոչ»-ից, անուղղակի ապացուցում է կեղծիքների ու խախտումների ոչ մասսայական բնույթը։ Նախագահ Էրդողանը, որն այս աթոռին է 2014 թվականից, նոր Սահմանադրությամբ իրավունք կունենա առաջադրվել նաեւ 2019 եւ 2024 թվականներին, իսկ վարչապետի պաշտոնը նոր Սահմանադրությամբ վերացվում է։ 2016 թվականի պետական հեղաշրջման փորձը վախեցրել էր Էրդողանին, եւ նոր Սահմանադրության անհրաժեշտության գլխավոր հիմնավորումը երկրի անվտանգության ամրապնդումն էր։ Թուրքիայի նախագահը նաեւ հստակ հակաեվրոպական գործչի համբավ ունի, ուստի նրա իշխանության ամրապնդմամբ, ըստ քաղաքագետների, Թուրքիա-Եվրոպա հարաբերություններն ավելի են սառելու։ Հայերը մեծ հույսեր չեն կապել հանրաքվեի հետ եւ մեծ խանդավառությամբ էլ չեն մասնակցել դրան։ Նոր Սահմանադրությունից էլ մեծ սպասելիքներ չունեն, քանի որ գտնում են, որ սրանով իսլամն ուժեղանալու է։



«Հայի համար այո կամ ոչ չկա»



Մայնցի հայ համայնքի ակտիվ անդամ Սիմոն Դարոնյանը, որը ծնվել է Մուշ նահանգի Վարթո գյուղում, «Հրապարակի» հարցերին պատասխանելով՝ ասաց․ «Հայերի համար «այո» կամ «ոչ» չկա։ Ի՞նչը պիտի փոխվի։ Այս Թուրքիան ստի վրա հիմնված պետություն է, հիմնադրման պահից մինչեւ այսօր այն շատ ներքին խնդիրներ ունի։ Հայերը ոչ թե ազգ են այստեղ, առանձին ժողովուրդ են, այլ կրոնական փոքրամասնություն, կրոնական գաղութ ենք»։ Նա համաձայն չէ, որ Թուրքիան դեմոկրատական երկիր է․ «Իսկական Թուրքիան դեմոկրատական չէ, այլ ամենաիսկական դիկտատուրա է, ամեն ինչ օգտագործեցին, անուններ փոխեցին՝ շոու անելու համար․ Նոր Թուրքիա, Հին Թուրքիա, նոր օսմանյան։ Իրականում սրանք խաղալիքներ են, ոչինչ չփոխվեց ու էս Սահմանադրությամբ էլ չի փոխվելու, որովհետեւ քեմալիզմը դա պետական դիկտատուրա է, եւ Էրդողանն էլ ուզում է դիկտատոր դառնա»։ Սիմոն Դարոնյանն «Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարություն» կազմակերպության անդամ է։



Կարող են ռեպրեսիաներ տեղի ունենալ



Հայոց պահանջատիրության հարցը նպատակ դարձրած այս կազմակերպության ղեկավար Արամ Մկրտչյանը, որը ծնվել է Հայաստանում եւ հիմա բնակվում է Գերմանիայում, եւս ուշադիր հետեւել է Թուրքիայի ներքաղաքական պրոցեսին։ Նրա կանխատեսմամբ, նախագահական պետություն դառնալով, Թուրքիան գնալու է ֆեդերալացման ճանապարհով։ «Այս է ռեալ իրավիճակը։ Պիտի ստեղծվի չորս կամ հինգ մասից կազմված ֆեդերատիվ Թուրքիա։ Ստամբուլը կվերականգնի իր սկզբնական անունը եւ կստանա բացառիկ ստատուս, ինչպես Բեռլինը Գերմանիայում։ Էրդողանն իր պետության համար անում է առավելագույնը, իսկ մեր մասով խնդիրը մնում է հայ-քրդական տիրույթում։ Սա էլ ՀՅԴ-ի խնդիրն է։ Նա է հիմքը դրել, նա էլ պիտի լուծի այդ հարցը։ Հայկական կողմը Թուրքիայում նոմինալ քաղաքական եւ հասարակական ուժ է։ Այն օգտագործվում է պետության մեջ որոշակի խնդիրներ լուծելու համար։ Մասնավորապես՝ քրդերին զսպելու։ Մեր մասով ամեն ինչ մշուշոտ է»։



- Ի՞նչ եք կարծում, ռեֆերենդումի արդյունքներն ինչպե՞ս կանդրադառնան Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա։



- Հարեւան երկրում տեղի է ունեցել լրջագույն փոփոխություն։ Այն ունենալու է իր ազդեցությունն ընդհանրապես տարածաշրջանի վրա։ Հայաստան-Թուրքիա փոխհարաբերությունները մնալու են հին հիմքերի վրա, եւ դրական կամ բացասական զարգացումներ չեն լինի, իմ կարծիքով։



- Հայերը, հայ համայնքը կո՞ղմ էր նոր Սահմանադրությանը։



- Թուրքիայում կա մեկ համայնքի ղեկավար՝ Աթեշյան, եւ նրա ղեկավարած համայնքը միշտ կողմ է իշխանության վարած քաղաքականությանը։ Իսկ մնացածն անհատական կամ խմբակների մակարդակով են։ Բոլորը, ում հետ ես անձամբ կապ ունեմ, բոլորն ել մտահոգ են, որ կարող են ռեպրեսիաներ տեղի ունենալ, եւ իսլամը գա առաջին պլան։
Արամ Մկրտչյանն անդրադարձավ նաեւ ԵՄ-Թուրքիա հարաբերություններին, որոնք, ըստ կանխատեսումների, թուրքական նոր Սահմանադրության ընդունումից հետո ավելի են բարդանալու։ «Եվրամիությունը Թուրքիային քամելու է մինչեւ վերջին կաթիլը, նկատի ունեմ, որ կվերցնի իր անվտանգության համար բոլոր երաշխիքները, քանի որ Թուրքիան ԵՄ-ի համար առանցքային գործընկեր է»։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ