Պատգամավորի աշխատանքն ինձ հետաքրքրում է

Պատգամավորի աշխատանքն ինձ հետաքրքրում է

Նախագահի վերահսկողական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանը Շիրակի մարզն ընդգրկող ընտրատարածքում ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում ընդգրկվելիս ի սկզբանե նպատակ է ունեցել պատգամավոր դառնալ, այլ ոչ թե ՀՀԿ-ի համար սոսկ ձայներ բերել։



Ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքում իշխող Հանրապետականի ռեյտինգային թեկնածուների հավաքած քվեների վերջնական պատկերը հետեւյալն է. Արման Սահակյան՝ 14 հազար 510, Ֆելիքս Ցոլակյան՝ 11 հազար 796, Մարտուն Գրիգորյան՝ 10 հազար 700: ՀՀԿ-ի քվոտայով այս ընտրատարածքից 2 պատգամավոր է անցնելու ԱԺ։ Ֆելիքս Ցոլակյանը երեկ չուզենալով, բայց պատասխանեց մեր հարցերին։



- Պարոն Ցոլակյան, վերջապես կասե՞ք՝ վերադառնո՞ւմ եք Ձեր պաշտոնին, թե՞ գործուղվում եք խորհրդարան։



- Համբերեք մի փոքր՝ ամեն ինչ կիմանաք, հենց իմացա, առաջինը Ձեզ եմ ասելու։



- Հավատացեք, այդ հայտարարությունը շատ բան է փոխելու շատերի կյանքում, մի հապաղեք։



- Սպասեք, էդ օրը զանգ եմ տալիս ու ասեմ։



- Իսկ Ձեր թեկնածությունն առաջադրում էիք կուսակցությանը օգուտ տալո՞ւ, թե՞ մանդատ ստանալու նպատակով։



- Բնականաբար՝ մանդատ ստանալու։



- Կարելի՞ է ասել, որ կվերցնեք մանդատը, թե՞ պետք է սպասել, թե ինչ որոշում կկայացնի կուսակցությունը։



- Ես իմ ցանկությունն ասացի։



- Դուք բավականին շատ ձայներ հավաքեցիք մարզում, թեպետ վերջին տարիներին մարզում չեք բնակվում, ինչպե՞ս Ձեզ հաջողվեց, քարոզչական հնարքնե՞ր եք կիրառե՞լ, թե՞...



- Ոչ մի առանձնակի հնարք չի եղել։ Գնացել եմ, հանդիպել եմ մարդկանց, խոսել-զրուցել եմ ու եկել եմ տուն, կարող եք տեղում հարցնել։



- Բայց ռեյտինգային թեկնածուների միջեւ դաժան պայքար էր ընթանում, ընտրակաշառք, վարչական լծակներ...



- Ասում եմ՝ կարող եք տեղում հարցնել ժողովրդից։ Մեր ընտրատարածքում որեւէ նման բան չի եղել։



- Չի՞ եղել որեւէ մեկի կողմից, թե՞ Ձեր կողմից ու Ձեր անձով պայմանավորված են քվեարկել։



- Երեւակայիր, իմ անձով պայմանավորված ժողովուրդը քվեարկեց։



- Իսկ մյուս թեկնածուները կիրառե՞լ են։



- Ոչ, ոչ։



- Տեղեկություններ կան, որ Ձեր թեկնածությունը քննարկվում է ԱԺ նախագահի պաշտոնի համար։



- Թողեք հանգիստ ապրեմ, իմ կյանքով ապրեմ, էլի, մի ուրիշ ավելի թիթիզ խոսք կա, ասում է՝ թողեք իմ մահով մեռնեմ։



- Դուք միշտ աշխատել եք ուժային կառույցներում, ու հետաքրքիր անցում է այնտեղից օրենսդիր մարմին, ինչո՞ւ, կարո՞ղ եք արդյոք։



- Այ, ասացիք՝ հետաքրքիր, հետաքրքիր բան էլ կա։



- Այսինքն՝ պատգամավորի աշխատանքը Ձեզ հետաքրքրո՞ւմ է։



- Այո։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ