Բացառվում է, որ Ալեքսանյանն «առվակ» դառնա

Բացառվում է, որ Ալեքսանյանն «առվակ» դառնա

Հանրապետական Լեռնիկ Ալեքսանյանի բախտն այս ընտրություններին չժպտաց, Սերժ Սարգսյանը նրան դուրս թողեց համամասնական ցուցակից, իսկ ռեյտինգային ցուցակում էլ պատգամավորը չի ցանկացել ընդգրկվել։ Լեռնիկ Ալեքսանյանը վստահեցնում է՝ չի նեղացել կուսակցությունից ու չի պատրաստվում «առվակ» դառնալ, կտրվել մայր գետի հունից՝ հետեւելով իր համերկրացի Հովիկ Աբրահամյանի օրինակին։



- Պարոն Ալեքսանյան, ինչո՞ւ չառաջադրվեցիք, ընտրություններից առաջ Դուք չէիք բացառում ռեյտինգային ցուցակով առաջադրումը։



- Եվ ես, եւ կուսակցությունը որոշեցինք չառաջադրվել։ Փոփոխություն անելու, նոր սերնդի առաջ բերելու խնդիր կա, այս ամեն ինչը հաշվի առնվեց, ու շատ նորմալ է։



- Գալուստ Սահակյանը, Սամվել Նիկոյանը կամ Գագիկ Մինասյա՞նն են նոր սերնդից։



- Բոլոր դեպքերում եղել է իմ ցանկությամբ, համաձայնությամբ, երկար տարիներ եղել եմ պատգամավոր, բայց այդպես ամբիցիաներ չեմ ունեցել, որ միշտ պատգամավոր մնամ։



- Իսկ այլ աշխատանքի անցնելո՞ւ եք։



- Չգիտեմ, կյանքը ցույց կտա։



- Դուք ասում էիք, որ ռեյտինգայինով երեւի կառաջադրվեք, ինչո՞ւ մտքափոխվեցիք, այդ ընտրակարգը հարմա՞ր չէր Ձեզ։



- Այո, ես չուզեցի ռեյտինգայինով առաջադրվել։



- Ինչո՞ւ, որովհետեւ գիտեիք, որ չե՞ք դիմանա փողի պայքարին, ինքներդ էիք ընտրություններից առաջ հայտարարում, որ պայքարելու եք, որ թեկնածուները մրցակցային պայմաններում պայքարեն։



-Պրովոկացիոն հարցեր մի տուր, վստահեցնում եմ՝ էդ ամբիցիան, ցանկությունը չեմ ունեցել։ 18 տարի ես պատգամավոր եմ եղել, թող գան՝ փոխարինեն, հո պորտս ստեղ պատգամավոր չե՞ն կտրել։ Ինչ վերաբերում է պայքարին, այո, այդպես էլ արել ենք, նորմալ ընտրություններ են եղել։ Որեւէ վարչական լծակ չի կիրառվել, մարդիկ եկել են ու ընտրել են իրենց կամքով։



- Այսինքն՝ «ՍԱՍ» ընկերության տնօրինության ժողովներից Արարատում չեն եղել։



- Ես այդ մասին մամուլից եմ լսել ու չեմ բացառում, որ որեւէ տեղ․․․ բայց Արարատում նման բան չի եղել։



- Ընտրակաշառք բաժանելու ահազանգեր էին հնչում։



- Կաշառքը, մի հատ ուրիշ կոպիտ բան էլ կա, չեմ ասում, մինչեւ անձամբ չեմ տեսնում, ոչինչ չեմ ասում։



- Իսկ Ձեր կուսակիցների՝ մանդատի նկատմամբ թուլությունն ինչպե՞ս կմեկնաբանեք, կան մարդիկ, որոնք չորրորդ, հինգերորդ անգամ են խորհրդարան անցնում։



- Ես չգիտեմ, դա կուսակցությունն է որոշում, երեւի ցանկություն է հաշվի առնվում։ Ես ինքս թողել եմ, որ կուսակցությունը որոշի։



- Ըստ այդմ՝ Դուք տեղ չունեցաք ցուցակում։



- Ասում եմ՝ պրովոկացիոն հարցեր մի տուր։



- Իսկ ընտրություններին ակտիվ մասնակցե՞լ եք՝ Ձեր կուսակցության օգտին։



- Այո, ես քաղաքական առումով շատ կայուն մարդ եմ։



- Այսինքն՝ «մայր գետից պոկված առվակ» չեք դառնա՝ Ձեր համերկրացի Հովիկ Աբրահամյանի օրինակով։



- Չէ, չէ, իհարկե, բացառված է, ես սովորաբար չեմ սիրում ու չեմ ընդունում, որ մարդիկ այնտեղ, որտեղ եղել է, փոփոխում է․․․ եթե ճանապարհ ես գնացել, դա քոնն է, քո կենսագրությունը, անցած կենսագրությունը պիտի հարգես։



- Երկու օր առաջ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ից դուրս չի եկել։



- Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ի մասին վատ բան չի ասել մինչ օրս։ Պահեր էին, հարաբերություններ, չեմ ուզում խորանալ, ոչ էլ այդքան ինֆորմացիա ունեմ։



- Այսինքն՝ հոգո՞վ դուրս չի եկել ՀՀԿ-ից։



- Իրենից պիտի հարցնեք։



- Գուցե ՀՀԿ-ն է իրեն դուրս հրավիրել։



- Չէ, չէ։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ