Սա ընտրություն չէ, այլ՝ նշանակումներ

Սա ընտրություն չէ, այլ՝ նշանակումներ

Պատգամավորության թեկնածուների կողմից ԿԸՀ ներկայացրած ինքնաբացարկների դիմումների առիթով բարձրացած բումը երկու օր է՝ չի թուլանում։ Սա, կարելի է ասել, երրորդ աղմկոտ բացահայտումն է ընտրությունների հետ կապված՝ կրթօջախների տնօրենների ու ՍԱՍ-ի ժողովի ձայնագրության հրապարակումից հետո։ Թվում է՝ այն, որ տնօրենները ձայներ են հավաքում, ժողովներ են արվում, թեկնածուները նախապես ինքնաբացարկի դիմումներ են գրում, բոլորս գիտեինք, բայց այսպես առարկայական դեռ խնդիրը չէր ծառացել հանրության առաջ։ Սակայն եթե «Ծառուկյան դաշինքից» մի քանի թեկնածու համարձակվեց հետ վերցնել դիմումները, ապա ՀՀԿ-ում որեւէ մեկը չհանդգնեց դեմ գնալ «բոսի» որոշմանը, թեպետ այստեղ էլ որեւէ մեկը մինչեւ վերջին պահը չգիտեր գլխին գալիքը։



ՀՀԿ-ում պատգամավորացուների ինքնաբացարկների դիմումներն ինն են, մեծ մասը՝ գործադիրի անդամներ, որոնք համամասնական ցուցակի առաջին տասնյակում էին ընդգրկվել որպես «խայծ»՝ որպես ՀՀԿ-ի «նորանալու, սերնդափոխվելու» սիմվոլներ․ Վիգեն Սարգսյան, Արմեն Ամիրյան, նրանք կվերանշանակվեն պաշտպանության եւ մշակույթի նախարարի պաշտոններում, Տարոն Մարգարյան, որը գլխավորում է մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ՀՀԿ ցուցակը։ Փոխարենը օրենսդիր աշխատանքին կվերադառնա ՀՀԿ ցուցակի առաջին կին թեկնածուն՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Շաբաթներ շարունակ քննարկվում էր գործադիրում նրա մնալ-չմնալու հարցը, սակայն ՀՀԿ վերնախավը նպատակահարմար գտավ նրան տանել խորհրդարան։ Չի բացառվում, որ Արփինե Հովհաննիսյանը նշանակվի նաեւ ԱԺ փոխխոսնակ՝ լուծելով գենդերի հարցը։ Նախարարի պաշտոնում նրան փոխարինողի թեկնածությունն է քննարկվում՝ նախկին գլխավոր դատախազ, պատգամավորության թեկնածու Գեւորգ Կոստանյան, սակայն նրա անունից ինքնաբացարկի դիմում չի եղել, թեեւ չի բացառվում, որ լինի մոտ օրերս։ Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահ նշանակվելու հարցը, հավանաբար, կհետաձգվի մինչեւ 2018թ․-ն։ Ինքնաբացարկների թվում է նաեւ Արտակ Զաքարյանի դիմումը, որը ցուցակի անցողիկ 22-րդ հորիզոնականում է, բայց նշանակվելու է պաշտպանության փոխնախարար։ Ի դեպ, ՀՀԿ ցուցակի մինչեւ 33-րդ համարը մանդատ կստանա, վերջին թեկնածուն Կարինե Աճեմյանն է, հերթում սպասում է Տաճատ Վարդապետյանը։



Գեղարքունիքի մարզում ամենաշատ ձայն հավաքած ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Կարեն Բոթոյանը նույնպես մանդատից հրաժարվելու դիմում է գրել, նա կնշանակվի Գեղարքունիքի մարզպետ, իսկ գործող Ռաֆիկ Գրիգորյանը կտեղափոխվի խորհրդարան։ Բոթոյանի փոխարեն պատգամավոր կդառնա Հակոբ Հակոբյանը՝ Թունելի Հակոբը, որն ընտրությունների արդյունքներով չէր անցել։ Բախտը ժպտաց նաեւ ոստիկանապետ Վովա Գասպարյանի փեսա Արթուր Գեւորգյանին, նա էլ չէր անցել, բայց Գալուստ Սահակյանի որդու ինքնաբացարկի դիմումից հետո նա եւս մանդատ կստանա։ Արման Սահակյանը, հիշեցնենք, թիվ 2 ընտրատարածքում ամենաշատ ձայն ստացած ՀՀԿ-ականն է, նրան հաջորդում է Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը։
Նախորդ օրն ակնհայտ դարձավ, որ Արման Սահակյանը եւս տեղյակ չէ, թե ինչ ճակատագիր է սպասվում իրեն․ «Ազատության» եթերում նա անորոշ դատողություններ էր անում, թե՝ ինչպես քաղաքական կուսակցությունը կորոշի։



Կոտայքի մարզից ամենաշատ ձայն ստացած Սամվել Սանամյանը եւս հրաժարվեց մանդատից։ ՊԵԿ մաքսանենգության վարչության երկարամյա պետի՝ գործարար Բարսեղ Բեգլարյանի փեսայի մանդատը կփոխանցվի Ջրային պետական կոմիտեի ղեկավար, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին՝ Բուլկի Արամին, որը տարիներ շարունակ անբացատրելի պատճառներով մի պաշտոնից մյուսին է տեղափոխվում՝ ոչ մի տեղ չհամապատասխանելով պաշտոնին ու ոչ մի տեղում չարդարացնելով իրեն։ Ի դեպ, նրան գործադիրից հեռացնելու հիմքում Կարեն Կարապետյանի վճռական մոտեցումն է դեր խաղացել։ Իսկ ԱԺ մտնելու հարցը նրան անհույս «սիրահարված» Սերժ Սարգսյանի ձեռքի գործն է:



Կոտայքում երկրորդ ամենաշատ ձայն ստացած թեկնածուն Անդրանիկ Հարությունյանն է՝ Կարեն Կարապետյանի մտերիմը, «Գազպրոմի» մասնագետ։ Ստաժավոր պատգամավոր Վարդան Այվազյանը, փաստորեն, դուրս մնաց այս խորհրդարանից։ Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզում էլ ամենաշատ ձայն ստացած առաջին եւ երրորդ թեկնածուներն են բացարկի դիմումներ գրել՝ մարզպետ Վահե Հակոբյանը եւ Առուշան Առուշանյանը։ Վերջինս Հակոբյանի ընկերոջ որդին է, նրան կփոխանցվեր պատգամավորի մանդատը, եթե ընտրություններից հետո չհայտնվեր տհաճ միջադեպի կենտրոնում։ Նախապես իմանալով, որ Վահե Հակոբյանը հրաժարվելու է մանդատից, եւ այն բաժին է հասնելու իրեն, Առուշ Առուշանյանը ջահելների հետ տոնել է «հաղթանակը», գինովցել, հիշել, թե ով ընտրություններին չի աշխատել իրենց օգտին, ու գնացել հաշվեհարդարի։ Նրանց փոխարեն Աշոտ Արսենյանի հետ խորհրդարան կանցնի Սիսիանի քաղաքապետի եղբայրը՝ «Հիդրո» շինարարական ընկերության սեփականատեր Ավետ Սարգսյանը։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ