Ինչ ընթացակարգերով կձևավորվեն ԱԺ-ն ու կառավարությունը

Ինչ ընթացակարգերով կձևավորվեն ԱԺ-ն ու կառավարությունը

ՀՀ Ազգային ժողովի նոր գումարման առաջին նիստը տեղի կունենա 2017 թվականի մայիսի 18-ին, ժամը 10-ին, ինչպես սահմանում է ԱԺ կանոնակարգ-օրենքը։



Սահմանադրության փոփոխության ու ԱԺ նոր կանոնակարգ-օրենքի ընդունման փաստը փոփոխություն չի մտցնի նոր խորհրդարանի ու կառավարության ձեւավորման հարցում։ Խորհրդարանը կգումարվի նախկինների պես, ըստ նոր կանոնակարգ-օրենքի, որում շեշտակի փոփոխություններ չեն արվել, իսկ կառավարությունը՝ ըստ հին Սահմանադրության։



Առաջին նստաշրջանի նիստերը բացում եւ մինչեւ Ազգային ժողովի նախագահի ընտրվելը նախագահում է տարիքով ավագ պատգամավորը: Նոր խորհրդարանի ավագը «Ծառուկյան դաշինքի» ներկայացուցիչ, մանդատը զոռով ստացած ութնյակի ամենաակտիվ ներկայացուցիչ Նապոլեոն Ազիզյանն է, որը, սակայն, ինքնաբացարկի դիմումը հետ վերցնելուց եւ մանդատն ստանալուց հետո օրերս հայտարարեց, որ պատրաստ է հրաժարվել մանդատից։ «Ծառուկյանը ոնց կորոշի»,- ասաց նա։ Բայց մինչ մանդատից հրաժարվելը 71-ամյա «Նապը» ստիպված կլինի վարել առաջին նիստը։
Առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն հանրապետության նախագահը եւ Ամենայն հայոց կաթողիկոսը։ 2012-ին, հիշեցնենք, երկուսն էլ ներկայացան ու իրենց օրհնանքն ու ելույթը հղեցին։ Ողջույնի ելույթներից հետո պատգամավորները պետք է արտասանեն երդման տեքստը․ «Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»: Նիստից բացակայող կամ Ազգային ժողովի կազմը հետագայում համալրած պատգամավորը երդվում է Ազգային ժողովի՝ իր մասնակցությամբ առաջին նիստում: Պատգամավորների երդումից հետո նիստը նախագահողն Ազգային ժողովի ընտրվելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրության հիման վրա պաշտոնապես հայտարարում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թիվը, քաղաքական կոալիցիա կազմած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) անվանումները եւ ներկայացնում պատգամավորներին` կարդալով յուրաքանչյուրի անունը, ազգանունը, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անվանումը, որից հետո պատգամավորները գրանցվում են:



Նիստը նախագահողը հայտարարում է առաջին նստաշրջանի օրակարգը՝ հաշվիչ հանձնախմբի ստեղծում, Ազգային ժողովի նախագահի ընտրություն, ԱԺ նախագահի երեք տեղակալների ընտրություններ, մշտական հանձնաժողովների ստեղծում, մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ, կառավարության ծրագրին հավանություն տալու հարց: Առաջին նստաշրջանի նիստերն անցկացվում են հերթական նիստերի համար սահմանված կարգով: Մինչեւ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների հարցի քննարկումն ավարտելը տեղի են ունենում ամենօրյա նիստեր: Կառավարության ծրագիրն Ազգային ժողով ներկայացվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը հայտարարում է հարցի քննարկմանը նվիրված նիստի օրը եւ ժամը: ԱԺ նախագահն առաջին նստաշրջանի նիստում հանդես է գալիս խմբակցությունների եւ մշտական հանձնաժողովների, ինչպես նաեւ խորհրդի կազմավորման վերաբերյալ հայտարարությամբ:
Առաջին նստաշրջանն ավարտվում է Ազգային ժողովի նախագահի եզրափակիչ ելույթով եւ հերթական նստաշրջանի գումարման օրվա մասին հայտարարությամբ:



Նոր կառավարությունը կձեվավորվի հին ձեվով



Սահմանադրության փոփոխությունների համաձայն` Սահմանադրության 6-րդ գլուխը, որով, ի թիվս այլ հարցերի, սահմանվում է կառավարության կազմավորման կարգը, ուժի մեջ է մտնելու հանրապետության նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնման օրը, այսինքն` 2018 թվականին։ Սա նշանակում է, որ կառավարությունը կազմավորվելու է 2005 թվականի սահմանադրական կարգավորումների համաձայն: Իսկ նախկին Սահմանադրությամբ կառավարության ձեւավորման ընթացակարգը հետեւյալն է. նորընտիր ԱԺ առաջին նիստի օրը` մայիսի 18-ին, գործող կառավարությունը հրաժարական կներկայացնի, որին տասնօրյա ժամկետում կհաջորդի վարչապետի նշանակումը, որից հետո էլ, քսանօրյա ժամկետում, կձեւավորվի նոր կառավարությունը: Իր հերթին կառավարությունը կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, Ազգային ժողով է ներկայացնում իր ծրագիրը։ Կառավարության ծրագրին Ազգային ժողովի կողմից հավանություն տալու հարցը քննարկվում է եւ քվեարկության դրվում այն ներկայացվելուց հետո հնգօրյա ժամկետում: Ի դեպ, այս ժամկետները մաքսիմում ժամկետներն են, շատ հնարավոր է, որ կառավարության ծրագիրը 20 օրից շուտ ներկայացվի, նախարարներն էլ ավելի շուտ նշանակվեն։



Այսինքն, եթե բոլոր ժամկետները պահպանվեն, ապա մինչեւ հուլիսի կեսերը խորհրդարանը կաշխատի։ Թեեւ տեղեկություններ կան, որ իշխանությունը ծրագրում է հնարավորինս սեղմ ժամկետներում ձեւավորել կառավարությունն ու հաստատել ծրագիրը, որ գնան վաստակած հանգստի։ Հիշեցնենք, որ այս գումարման ԱԺ-ում 12 մշտական հանձնաժողով էր գործում, սակայն տեղեկություններ կան, որ նոր գումարման խորհրդարանում դրանց թիվը կրճատելու մտադրություններ կան։ Ավելին, հնարավոր է, որ հանձնաժողովները ոչ թե մեկով կամ երկուսով կրճատվեն, այլ գուցե ավելի շատ։ Չի բացառվում, որ 6-րդ գումարման 105 հոգանոց ԱԺ-ում ընդամենը 6 հանձնաժողով գործի։ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ ԱԺ մշտական հանձնաժողովի կազմը պետք է արտահայտի խմբակցությունների, պատգամավորական խմբերի եւ դրանց կազմում չընդգրկված պատգամավորների թվական հարաբերակցությունը: Որոշվել է եվրաինտեգրացիայի հանձնաժողովը միացնել արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, մարդու իրավունքներինը՝ պետաիրավական հարցերի հանձնաժողովին, գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովներն են միավորվելու, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովները՝ նույնպես։ ՀՀ-ում խորհրդարանական կառավարման ձեւին ամբողջովին անցում կկատարվի միայն 2018 թվականին։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ