Գեներալը զինվորների վրա զենք է քաշել, վիրավորել․ Վկա

Գեներալը զինվորների վրա զենք է քաշել, վիրավորել․ Վկա

Դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, այսօր՝ մարտի երկուսին, ընթանում է զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի գործի քննությունը:

Նիստերի դահլիճում են նաեւ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները։

Իշխան Արմենի Վահանյանը, նշենք,  մեղադրվում է հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, 2020թ. հոկտեմբերի 9-ից նշանակված լինելով որպես Պաշտպանության բանակի համապատասխան զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, կոչումով մայոր, ծառայողական դիրքով եւ կոչման բերումով հանդիսանալով նույն գումարտակի ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու եւ սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ դրսեւորել է իշխանության անգործություն՝ չի կատարել իր վրա ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքով եւ ՀՀ ԶՈՒ մարտական կանոնադրությամբ դրված պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, այն է՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի համապատասխան զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի մի շարք զինծառայողներ զոհվել են, անհայտ կորել, գերեվարվել, ինչպես նաեւ՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

«Սերժանտը զանգեց ու հեռախոսը փոխանցեց որդուս։ Որդիս ասաց, թե պապ, շրջափակման մեջ ենք ընկել, չգիտենք՝ թշնամին հետևում է, թե դիմացում։ Բոլոր սպաները թողել են ու փախել, միայն կապի դասակի հրամանատարն է եղել, որն էլ նույնպես զոհվել է։ Զանգահարել եմ Հադրութի քաղաքապետին, ասել է՝ անպայման մի բան կանենք, մի անհանգստացեք, գլխներիս տակ փափուկ բարձր են դրել»,- դատարանում հայտարարեց 44-օրյա պատերազմում զոհված Սասուն Պետրոսյանի հայրը։

«Ես այլ տեղեկություններ էլ ունեմ։ Ահաբեկյան Արթուրը՝ նկատի ունենալով 18 տարեկան զինծառայողներին, ասել է՝ գառնուկներին տարեք առաջ։ Դպրոցում է եղել այդ խոսակցությունը, ես ժամկետային զինծառայողների հետ եմ խոսել։ Այդ դպրոցում եղել է դիվիզիաներից մեկի շտաբի պետը ՝ գեներալ Մանուկյանը, զենք-մենք են քաշել, երեխեքին հայհոյել, ասել, որ եթե առաջնագիծ չգնաք, ուրեմն ազգի դավաճան եք»,- հավելեց նա։