«Հրապարակ». Պետական պաշտոնյան կարող է գնալ հանրահավաքի, բայց քաղաքական ելույթ ունենալ չի կարող

«Հրապարակ». Պետական պաշտոնյան կարող է գնալ հանրահավաքի, բայց քաղաքական ելույթ ունենալ չի կարող

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը «Հանրային ծառայողների բարեվարքություն» թեմայով վերապատրաստման դասընթացներ է կազմակերպում։ Դասընթացները տեղի են ունենում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Բարեվարքություն Հայաստան» ծրագրի աջակցությամբ։ Տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչները թրեյնինգներ են անցնում, ներառյալ՝ ԱԱԾ-ն, ֆիննախը, էկոնոմիկայի նախարարությունը եւ այլն։ Քննարկումներն ընթանում են «Հանրային ծառայողի մասին» օրենքի այն կետերի շուրջ, որոնք վերաբերում են պաշտոնյայի կողմից նվերներ ստանալուն, պետական պաշտոնյայի՝ քաղաքական հավաքներին մասնակցելու, հրապարակային հոդվածներով հանդես գալու հարցերին, մի խոսքով՝ պետական պաշտոնյաների վարքի շուրջ են։ 

Մասնակիցներից մեզ պատմեցին, որ վերապատրաստման դասերից մեկի ժամանակ հարց են բարձրացրել արդյո՞ք կարող են մասնակցել հանրահավաքի։ Իրավապաշտպան, միջազգայնագետ Արա Ղազարյանը, ով վարում է բարեվարքության դասընթացները, պատասխանել է, որ պաշտոնյան աշխատանքային ժամից դուրս կարող է մասնակցել հանրահավաքներին, բայց քաղաքական զսպվածության սահմաններում չի կարող ելույթ ունենալ։ Սա ի՞նչ քաղաքական զսպվածության սկզբունք է, որը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով եւ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ արտահայտվելու ազատության իրավունքին, որն ասում է․ «Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք։ Այն ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ եւ գաղափարներ ստանալու եւ տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության եւ անկախ սահմաններից»։ 

 Կամ՝ ՄԻ կոնվենցիայի «Հավաքների եւ միավորման ազատության իրավունքի վերաբերյալ 11-րդ հոդվածն ասում է․ «Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության եւ այլոց հետ միավորվելու ազատության իրավունք` ներառյալ իր շահերի պաշտպանության համար արհմիություններ ստեղծելու եւ դրանց անդամակցելու իրավունքը»։ Նույն հակասություններն առաջանում են սահմանադրական իրավունքների հետ՝ սահմանված ՀՀ սահմանադրության «Կարծիքի արտահայտման ազատությունը» եւ «Հավաքների ազատությունը» հոդվածներով (42, 44)։ 
Ճի՞շտ են տեղեկությունները, որ հանրային ծառայողների համար կազմակերպված դասընթացների ժամանակ Դուք խոսել եք քաղաքական զսպվածության սկզբունքի մասին, որը պաշտոնյային արգելում է ելույթ ունենալ հանրահավաքում։ Այլ կերպ ասած՝ բոլորն իրավունք ունեն մասնակցելու հավաքներին, նախկինում դատախազներին օրենքով թույլ չէին տալիս մասնակցել, բայց այդ օրենքը վերացավ։ Այսօր նույնիսկ զինծառայողները կարող են մասնակցել հավաքների։ Այդ դեպքում ի՞նչ քաղաքական զսպվածության մասին է խոսքը։

Իրավապաշտպան Արա Ղազարյանը չի ժխտում, որ կան հակասություններ մարդու իրավունքների հետ։ «Հանրային ծառայողներն իրենց վարքագծի կանոններում ունեն քաղաքական չեզոքության պահանջ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մշակել է Հանրային ծառայողի վարքագծի տիպային կանոնագիրք, եւ հանրային ծառայության բոլոր ոլորտներն իրենց համար այս կանոնագրքի հիման վրա մշակում են իրենց սեփական կանոնագրքերը։ Դրանցում, որպես կանոն, օբյեկտիվության ընդհանուր սկզբունքի ներքո կա քաղաքական չեզոքության պահանջը, որն անհրաժեշտ է, որպեսզի հանրային ծառայողն օբյեկտիվորեն որոշումներ կայացնի։ Այնտեղ կան բազմաթիվ դրույթներ, նաեւ՝ արտահայտվելու ազատության հետ կապված։ Այս մասով արտահայտվելու ազատությունը բախվում է քաղաքական չեզոքության այս վարքագծային պարտավորության հետ։ Հիմնական լուծումն այն է, որ կարող եք արտահայտվել, բայց ցուցաբերելով զսպվածություն։ Մնացածը գնահատողական է։ Ասենք՝ Ֆեյսբուքում պոստ եք անում, ուզում եք քննադատել ձեր սեփական իշխանություններին, ձեր գերատեսչությանը։ Հիմնական նպատակն այն է, որ չխաթարվի հանրային վստահությունը տվյալ գերատեսչության նկատմամբ, եւ, ասենք, հանրային ծառայողն իր քաղաքական հայացքների պատճառով չդադարի օբյեկտիվ լինել իր աշխատավայրում»,- ասում է նա։

Արա Ղազարյանը, որպես եվրոպական մոտեցման օրինակ, մատնանշում է Գագիկ Ջհանգիրյանի գործով ՄԻԵԴ վճիռը, որին, ի դեպ, ՄԻԵԴ-ում հենց Արա Ղազարյանն էր ներկայացնում։ «Գագիկ Ջհանգիրյանը 2008 թվականի փետրվարի 23-ին դուրս եկավ իր աշխատավայրից, գնաց հանրահավաքի, բայց ոչ միայն գնաց, այլեւ ելույթ ունեցավ, խստորեն քննադատեց իր իշխանություններին ու նաեւ խոսեց այն քրեական գործի մասին, որի նկատմամբ իրականացնում էր դատախազական վերահսկողություն։ Դա Հոկտեմբերի 27-ի գործն էր։ ՄԻԵԴ-ը մերժեց Ջհանգիրյանի դիմումը եւ ասաց, որ որպես պրոֆեսիոնալ իրավաբան, նա պետք է իմանա, որ կա օրենք, օրենքի հստակ պահանջ, որը լեգիտիմ էր՝ որ դատախազը պետք է լինի քաղաքականապես չեզոք, եւ ինքը խախտել էր այդ օրենքի պահանջը։ Պետության կիրառած խիստ կարգապահական պատասխանատվության եղանակը՝ դասային աստիճանից զրկել, աշխատանքից ազատել, համարեց համաչափ տվյալ իրավախախտմանը։ Սկզբունքային է, որ բոլորն իրավունք ունեն մասնակցել հանրահավաքին, նաեւ՝ հանրային ծառայողները, որովհետեւ հանրահավաքին մասնակցելը նաեւ քաղաքական իրավունք է, բայց հանրային ծառայողները որոշակի զսպվածություն պետք է ցուցաբերեն»,- ասում է իրավաբանը` մի կարեւոր հանգամանք բաց թողնելով. Գագիկ Ջհանգիրյանն իրավաբան էր, դատախազության աշխատող, իսկ ինքը նման ինստրուկտաժ անում է բոլոր նախարարությունների շարքային աշխատողների հետ, այնինչ էկոնոմիկայի նախարարության եւ դատախազության աշխատողները բարեվարքության տարբեր կանոնների պետք է ենթարկվեն: Որեւէ նախարարության աշխատակցի հանրահավաքում ելույթ ունենալ կամ ՖԲ-ում գրառում անել արգելելը պարզ գրաքննություն է, մարդու իրավունքների ոտնահարում:

Կանոնագիրքը, որը մշակում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, չպե՞տք է բխի ՀՀ Սահմանադրությունից` այս դեպքում հակասում է, նկատում ենք մենք։ «Քաղաքական չեզոքությունը չի հակասում ազատ արտահայտվելու իրավունքին։ Եթե որեւէ գերատեսչությունում արգելում են գնալ հանրահավաքի, դա խախտում է։ Բայց մի բան է՝ գնալ, մի բան է՝ քաղաքական ելույթ ունենալ, քննադատել իշխանություններին, որովհետեւ իր արարքները կարող են մեկնաբանվել որպես իր գերատեսչության տեսակետ»,- ասում է Արա Ղազարյանը։ Նա կարծում է, որ դա վարքականոնի խախտում է, «իսկ վարքագծային պարտավորությունների նպատակն է՝ համակարգի անխոցելիությունն ապահովել»։