Փաշինյանն ու Ալիեւը պայմանավորվել են, որ Ադրբեջանի կողմից վախ սերմանվի 

Փաշինյանն ու Ալիեւը պայմանավորվել են, որ Ադրբեջանի կողմից վախ սերմանվի 

Hraparak.am-ը զրուցել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ: 

- Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մայիսի 28-ին իրականացված ակցիան ինչպե՞ս կազմակերպվեց, ինչպե՞ս եք գնահատում այն։

- Ինչ Երևանում սկսվել էին անհնազանդության ակցիաները, անընդհատ մեզ՝ ընդդիմադիրներիս, արցախցիները հարցնում էին՝ բա մենք ե՞րբ ենք, ի վերջո, նման բան անելու, Հայաստանն արթնացել է, մենք պետք է առաջինը նման նախաձեռնությամբ ակցիաներ սկսեինք, ո՞ւմ ենք սպասում։ Իրականում մենք մտածում էինք, թե ինչ ձևաչափով անել։ Խորհրդանշական համարեցինք մայիսի 28-ին այն իրականացնել, որովհետև մեր պետականության և վերածննդի օրն է։ Եվ հիմա էլ, փաստորեն, նույն խնդրի, նույն վտանգի առաջ ենք կանգնած։ Սա շատ լավ առիթ էր, որպեսզի մարդիկ օրվա խորհրդի ներքո արթնանային ու գիտակցեին, թե ինչ վտանգներ են մեզ սպասվում։ Եվ որպեսզի նորից հերոսանալու առիթ չունենանք, պետք է ուղղակի ոտքի կանգնել։ Արցախում մարդիկ չեն սիրում անհնազանդության ցուցադրություն, աչքի ընկնող գործողություններ, ավելի խիստ են այս առումով։ Սակայն այս անգամ դանակը ոսկորին էր հասել։ Այսպիսի բան մեկ էլ 1988 թվականին էր եղել։ Երբևիցե այսքան մարդաշատ չի եղել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր չէին կարողացել գալ կամ չէին եկել` ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, հիմա պահանջում են կրկին նմանատիպ ակցիա իրականացնել։ Նույն օրը երթեր իրականացրեցինք նաև Մարտունիում,  Ասկերանում։ Մարտակերտում չիրականացվեց, որովհետև դրանից կարճ ժամանակ առաջ էր եղել։ Բայց Վերածննդի հրապարակին միացել էին նաև  մարտակերտցիները։

- Ինչպե՞ս ստացվեց, որ մոտ երկու ամիս առաջ Արցախի նախագահի հրամանագրով արգելվեցին հանրային հավաքներն ու ակցիաները, եւ այդ որոշումը դեռ ուժի մեջ է, բայց հնարավոր եղավ իրականացնել նման բազմամարդ հավաք-երթ։

- Սա օրենքի խախտում չէր։ Տոն օրերին կարելի է նման միջոցառումներ կազմակերպել, որովհետև սա ոչ միայն երթ էր, այլ նաև` տոնակատարություն։ Թույլտվությունն օրինական, ինչպես կարգն է, քաղաքապետարանից ստացել էինք։ Ամենակարևորն այն էր, որ իշխանություններն արհեստական խոչընդոտներ չստեղծեցին։

- Կարելի՞ է ենթադրել, որ իրենք ևս համամիտ էին իրականացված ակցիային։

-Այո, մենք էլ ենք այդպես կարծում։ 

- Սադրիչներ չհայտնվեցի՞ն։

- Ոչ թաքուն, ոչ բացահայտ՝ ոչ մի սադրիչ գործողություն չի եղել։ Հակառակը՝ մարդիկ շատ զուսպ էին, ու յուրաքանչյուրն իր ցասումն էր արտահայտում իր խոսքով, կոչով։ Չկար գեթ մեկ մարդ, ով հակառակ կարծիքն ունենար։

- Հաշվի առնելով, որ տոնական օրով էր կազմակերպված ակցիան, կհաջողվի՞ ընդդիմությանը նույնաթիվ մարդկանց կրկին հավաքել Վերածննդի հրապարակում։

- Օրենքով, այո, հանրահավաքն արգելված է, բայց եթե դրա կարիքը եղավ, իհարկե, մենք կդիմենք կառավարությանը, կհորդորենք, որ անպայման վերանայեն այդ որոշումը։ Ես չեմ կարծում, որ մենք նման խնդիր ունենալու ենք։ Հասարակությունն էլ է պահանջում։ Այստեղ նիկոլականներ գրեթե չկան, եթե կան էլ, իշխանական թևի մեջ են, կամ իշխանական թևի մի երկու-երեք պատգամավոր։ Բազմաթիվ մարդկանցով այդ հավաքը նաև պատասխանն էր Հայաստանի իշխանությունների լրատվամիջոցներին, որոնք ներկայացնում են, թե իբր Արցախը և արցախցիները դեմ չեն հայաստանյան իշխանություններին և ընդունում են նրանց վարած քաղաքականությունը։ Ամեն դեպքում բոլորը տեսան, որ այդպես չի, որ արցախցին առավել քան չի ընդունում Հայաստանի իշխանություններին, ասեմ ավելին՝ համարում է, որ իր բոլոր դժբախտությունների մեջ հենց հայաստանյան իշխանություններն են մեղավոր։ Սա պետք է ոգևորիչ լիներ այն մարդկանց համար, ովքեր կասկածում էին՝ արդյոք արժե՞ դուրս գալ փողոց, թե՞ ոչ։ Արցախցին դուրս էր եկել փողոց, որպեսզի ցույց տար, որ տեր է հայրենիքին, որ պատերազմի ժամանակ մենք չենք պարտվել, որ մեզ դավաճանել են և պիտակավորել են փախնողի, վախեցողի պիտակով։ Բայց իրականում մենք տեր ենք ու պաշտպանելու ենք մեր հայրենիքը և չենք պատրաստվում գնալ Արցախից։ Այստեղ որևէ մեկը փողոց դուրս չէր եկել որևէ մեկին սատարելու կամ որևէ մեկի հետևից գնալու։ Այստեղ բոլորը դուրս էին եկել հանուն հայրենիքի, հանուն իրենց երեխաների ապրելու և ապագայի և ամենակարևորը՝ հանուն մեր նահատակված հերոսների հիշատակի։

- Առաջիկայում ի՞նչ է ծրագրում ընդդիմությունը։

- Մենք մեր քաղաքական օրակարգից չենք շեղվելու։ Այսօր արդեն մեր սահմանադրությունն ենք հանրային քննարկման դրել։ Առաջարկները երբ կլինեն՝ արդեն վերանայումներ կլինեն, ժամկետներ կորոշվեն, և կգրվի վերջնական սահմանադրությունը։ Եվ կգնանք սահմանադրության հանրաքվեի, որից հետո էլ, եթե հաջողվեց, մեր սահմանադրությունը կունենանք։

-  Բրյուսելյան վերջին եռակողմ հանդիպումից հետո Ալիևը կրկին հայտարարեց, որ եթե կա սահմանազատման գործընթաց, Արցախի հարցի, կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող։

- Այո, դա առաջին անգամը չի և դա գնալով հոխորտանքի ու մատ թափ տալու ձևով է անում։ Ուզում է լսելի դարձնել մեզ։ Սա նրանից է, որ հայաստանյան իշխանության հետ ինքը խնդիր չունի։ Այո, վերջին հանդիպումից հետո Ադրբեջանը փոխել է իր տակտիկ մոտեցումները։ Հնարավոր տարբերակներից մեկն այն է, որ հենց Նիկոլ Փաշինյանի հետ են պայմանավորվել, որ այդ ճնշումները պետք է լինեն Ադրբեջանի կողմից, և այդ վախն էլ հենց պետք է սերմանվի Ադրբեջանի կողմից, որպեսզի մարդիկ չփորձեն հանկարծ ըմբոստանալ։ Ես վստահ եմ, որ սա իրենց համատեղ գործն է։ Եվ ամենակարևորը, Փաշինյան-Ալիև յուրաքանչյուր հանդիպմանը ինչ-որ դիվանագիտական հաջողությունների մասին են բարբաջում, գալիս են այստեղ, Ալիևը սկսում է հոխորտալ, որից հետո լսում ես ԱԳՆ-ի ինչ-որ խրոխտ հայտարարություն, որի վրա` չգիտես ծիծաղես, թե լաս։ Որովհետև հասկանում ես, որ իրենք ուղղակի բանավոր պայմանավորվածություններ ունեն։ Այնպես չի, որ Ալիևը պատահական որոշում է ու խոսում է։ Նման ղեկավարության դեպքում միանշանակ Ադրբեջանը հաջողելու է, որովհետև ինքը կարողանալու է պարտադրել։ Ավելի կարևորում եմ այն պահը, որ այս իշխանությունները ուղղակի իրենց հետ համագործակցում են և այդ համագործակցության արդյունքում են այս ամենն իրականացնում։ Իսկ մնացածը կախված է յուրաքանչյուրիցս։ Մենք պիտի հասկանանք, որ տարբերակ էլ չունենք։ Միակ տարբերակը հեռացումն է այս իշխանությունների, որովհետև իրենց ուղղակի անհնար է ստիպել կամ պարտադրել հայանպաստ որևէ գործ կատարելը։ Այս ամենը վաղուց պայմանավորված ու վաճառված է, սպասում են վայելողին։ Եթե մեր հայրենակիցները մտածում են, որ Արցախը տալու են ու հանգիստ ապրեն, իրենք սխալվում են։ Առանց Արցախ անհնար է Հայաստանի գոյությունը։ Եվ միջազգային հանրությանը Հայաստանը հետաքրքրում է հենց Արցախով։