Ալենն ի՞նչ իմանար 

Ալենն ի՞նչ իմանար 

Այսօր արթնացա առավոտ ծեգին՝ սովորականից մեկ-երկու ժամ շուտ: Արթնացա ու հիշեցի, որ երազիս մեջ երազ էի տեսնում: Երկրորդային երազս չեմ հիշում, բայց առաջնայինի մեջ անհանգիստ շուռումուռ էի գալիս: Երկրորդայինից արթնանալով՝ հանգստացա, քանի որ ես ինձ տեսա լուսավոր քաղաքի լուսավոր բնակարանում: Առաջնային երազի իմ «ես»-ը գիտեր, որ ինքն ապրում է անվտանգ ու երջանիկ երկրում: Որ այդ երկիրն իր հայրենիքն է, թեև երազում այն անանուն էր: Արթնանալուց հետո առաջին գործողությունը սմարթֆոնն ինչ-որ տեղից վերցնելն ու լուրերի վերնագրեր ընթերցելն էր: Լրահոսում աչքի զարնեց սկանդալային մի վերնագիր՝ մի ինչ-որ կնոջ ու նրանից մի քիչ ջահել տղամարդու նկարով: Աչքիս միմյանց ինչ-որ բան էին ուզում հասկացնել կամ էլ երևի լեզվակռիվ էին տալիս: Երազումս զգում եմ, որ ծանոթ են, բայց տեղը չեմ բերում, թեև ջանք եմ գործադրում ինչ-որ բան հիշելու: Բայց միաժամանակ զգում եմ, որ դա ինձ այնքան էլ չի անհանգստացնում՝ ես ուղղակի հանգիստ եմ: Ու այդ հակասական զգացումներից էլ ամբողջությամբ արթնացա ու այլևս չկարողացա քնել:  

Արթնացա ու երազս հիշելով՝ անմիջապես տեղը բերեցի նկարի անձանց: Մեկը ՀՀ ԱԺ նախագահ Սիմոնյան Ալենն էր, մյուսը ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: Որին Ալենը, չգիտես ինչու, անվանել էր քարտուղարուհի՝ երևի փորձելով վիրավորել նրան: Դե, Ալենն ի՜նչ իմանար, որ Ռուսաստանի պես պետության ԱԳՆ քարտուղարուհին (իրականում՝ խոսնակը) ավելի բարձր մակարդակ է, քան այսօրվա խեղճուկրակ Հայաստանի ԱԺ նախագահի պաշտոնը: Դա՝ մեկ, և երկրորդ՝ որքան գիտեմ, դեռևս Ռուսաստանն է ապահովում Արցախի ու Հայաստանի Հանրապետության անվտանգությունը: Ու, ըստ այդմ, Զախարովայի հետ խոսքակռվի մեջ ընկած ԱԺ նախագահի վարքագիծն ադեկվատ անվանել չեմ կարող: Ստիպված եմ ենթադրել, որ Ալենի ոչ ադեկվատ պահվածքը պայմանավորված էր այն հանգամանքով, որ ինքն իրեն պատկերացրել էր ոչ թե Հայաստանի, այլ, ասենք, Իսրայել պետության խորհրդարանի ղեկավար: Բայց իրականությունն այն է, որ ինքն իրեն հերոս զգացող Ալենի այդ դերակատարումը նվիրված էր նիկոլապաշտ հանրությանը: Ու Ավինյանի համար ձայներ ապահովելուն:

Ի դեպ, երբ Ալենի փաստացի վերադաս Նիկոլն էր ժամանակին Զախարովայի հետ կռիվ անում, թե՛ տողերիս հեղինակը և թե՛ բազմաթիվ այլ գրագետ անձինք փորձեցինք նրան հասկացնել, որ բարեկամին թշնամի չեն սարքում՝ երբ չունես իրական այլընտրանք: Բայց ինչպես երևում է, այս իշխանության ներկայացուցիչների առումով է մեր ժողովուրդը հնարել «Սևին սապոնն ի՞նչ անի, խևին՝ խրատը» ասացվածքը: Նրանց թվում է, թե արևմտյան երկրներն ու նրանց ազդեցության ներքո գտնվող միջազգային վերպետական կազմակերպություններն այլընտրանք են Ռուսաստանին: Դա հատկապես երևում է Ալենին այդ պաշտոնին նշանակողի ելույթներում: Չնայած հենց ինքն էլ անընդհատ բողոքում է, որ իր խոսքը տեղ չի հասնում և Հայաստանին տիրություն չեն անում: Պատկերացնո՞ւմ եք՝ հայաստանյան «ժողովրդավարության հիմնադրի» խոսքն արժեք չունի: Բայց քանի որ վերջինս համառ է իր հանցագործ սխալներում՝ դաստիարակվելու նշաններ չի ցուցաբերում: Ու դրանով դեպի անդունդ է գլորում հայոց պետականությունը: Իսկ Ալենն ու նրա նմաններն ընդամենը կրկնօրինակում են Նիկոլին՝ առանց հասկանալու, որ իրենցից գոնե մեկը պետք է մնա ադեկվատ, որպեսզի թշնամի դարձող բարեկամին կարողանա ետ վերադարձնել: Սա է, որ չի գիտակցվում Հայաստանի գործող իշխանության կողմից:

Իսկ թե ինչպիսին է իրականում Արևմուտքի վերաբերմունքը մեր նկատմամբ՝ երևում է, օրինակ,  Եվրամիության կառույցների հետևյալ խոսույթից: Խնդրեմ՝ Արցախում խորացող հումանիտար ճգնաժամին և Լաչինի միջանցքի արգելափակմանն անդրադառնալով՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ասել է, թե «ներկայումս չի դիտարկվում էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցության կասեցումը: Սակայն ԵՄ-ն կշարունակի ազդել Բաքվի վրա Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակի խնդրի հրատապ լուծման անհրաժեշտության հարցում, իսկ դա պատշաճ կերպով չանելը կարող է գործնական ազդեցություն ունենալ ԵՄ-ի հետ նրա հարաբերությունների վրա»: Արդեն ինն ամիս Արցախը շրջափակված է, իսկ բարձր (ես կասեի՝ խիստ բարձր, այնքան, որ չի ցանկանում արդեն տեսնել իրականությունը) ներկայացուցիչը խոսում է հրատապ լուծման մասին: Ենթադրում եմ, որ բորելների մտածողության պարագայում հրատապ լուծումը կարող է տևել ասենք մեկ տարի, երկու տարի և այլն: Իսկ թե Եվրամիությունն ինչպես է գործնական ազդեցություն ունենալու Ադրբեջանի վրա՝ կիմանան երևի նույն բորելները, որոնք չեն ցանկանում հրաժարվել այդ երկրի նավթագազային մատակարարումներից: Ինչպես նաև Նիկոլն ու նրա ստորադաոսները, որոնք մեր երկիրը թշնամացնում են Ռուսաստանի հետ՝ առանց իրական այլընտրանք առաջարկելու: