Չի կարելի սեւ կատու որոնել մութ սենյակում

Չի կարելի սեւ կատու որոնել մութ սենյակում

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարությանը եւ արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին ընդունված փաստաթղթում «հստակ էր, թե ինչ նպատակ է հետապնդում ՀՀ իշխանությունը»: Ըստ այդմ, Հայաստանը գտնում էր, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման իրավական հիմքերն անխոցելի են, ցանկացած վերջնական համաձայնություն կամ վերջնական փաստաթուղթ պետք է ստանա նաեւ ղարաբաղյան կողմի հավանությունը, եւ Հայաստանն ընդունելի է համարում կարգավորման միայն այն տարբերակները, որոնք ուղղված կլինեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի գոյության անշրջելի իրողությունն ամրագրելուն: Վիտալի Բալասանյանի հայացքով՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից ոչ միայն Արցախը չի դիտարկվել որպես հանրապետություն, այլեւ փոխվել է բանակցային նպատակը: Այն է՝ Հայաստանը շարունակելու է սատար կանգնել «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը՝ առանց սահմանափակման եւ հարկադրանքի»: Վիտալի Բալասանյանը համարում է, որ Հայաստանի ներկա իշխանությունները «հստակ չեն ֆիքսել Ադրբեջանի ենթակայությունից դուրս Արցախի դե ֆակտո ինքնիշխանությանը տալ միջազգային ճանաչում»: Ուստի նա դիմում է Արցախի իշխանություններին՝ պահանջելով պարզաբանել՝ այդ փաստաթուղթն իրենց հետ քննարկվե՞լ է, կիսու՞մ են նրանք պաշտոնական Երեւանի տեսակետը, որ Արցախի հարցում «մեր առաջնային խնդիրը ոչ թե դե ֆակտո կարգավիճակին միջազգային ճանաչում տալն է, այլ անորոշություն պարունակող ինքնորոշման իրացումն ու անվտանգության ապահովումը»: Վերջում նա Արցախի քաղաքացիներին կոչ է անում պահանջատեր լինել եւ ստիպել, որ իշխանությունները հստակ տեսակետ ներկայացնեն: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կարգավորման հարցում հստակ տեսակետ ներկայացրել է յոթ սկզբունքների տեսքով:

Դրանք հրապարակված են, հասանելի: Մնում է ցանկություն ունենալ եւ ծանոթանալ: Վիտալի Բալասանյանը, ցավոք, այլ ճանապարհ է ընտրել: Քաղաքագիտական բանավեճի մեջ մտնելու անհրաժեշտություն, թերեւս, չկա: Արձանագրենք մի բան. Արցախի ինքնորոշման իրացումն առանց սահմանափակման եւ հարկադրանքի, որի ապահովմանը հասնելու խնդիր է դրել Հայաստանի գործող իշխանությունը, շատ ավելի բարձր նշաձող է, քան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի գոյության անշրջելիությանն ուղղված՝ կարգավորման տարբերակներին սատարելը, որը ռազմավարական առաջնահերթություն էր Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին: Վիատալի Բալասանյանը պարզապես չի ցանկանում տեսնել ակնհայտին՝ Արցախի ինքնորոշման իրավունքի առանց սահմանափակման եւ հարկադրանքի իրացումը նույնն է, ինչ քաղաքական գործիչներն ասում են, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու: Սա է եղել Հայաստանի ռազմավարությունն ի սկզբանե: Այն կա եւ լինելու է՝ մինչեւ հարցը վերջնականապես չկարգավորվի այդ սկզբունքի գերակայությամբ: Չի կարելի սեւ կատու որոնել մութ սենյակում, մանավանդ որ այնտեղ կատու չկա: