«Նավոդկան»՝ վերջում

«Նավոդկան»՝ վերջում

Երեկ առավոտյան մի արտառոց դեպք է տեղի ունեցել, որի մասին ՀՀ ԱԱԾ-ն չի իմացել: Չեմ էլ ասելու, թե ինչ է եղել, թող այդպես էլ էշի ականջում քնած մնան: Հետո էլ սովետի ԿԳԲ-ին էին անուն դնում: Էն ժամանակ, դեռ արտառոց դեպքը տեղի չունեցած, ԿԳԲ-ն արդեն գիտեր: Իսկ հիմա՞… Երկիրը լրիվ «բորդելի» է վերածվել, եւ դա՝ մեծավ մասամբ ԱԱԾ-ում տիրող «բարդակի» պատճառով: Մի նեղացեք, տղերք ջան, ես ձեր մասնագիտական կարողություններին մեռնեմ, բայց դուք պիտի հասկանաք, որ դրանք կիրառելի են նորմալ իշխանության դեպքում միայն: Նիկոլի Հայաստանում ձեր մասնագիտական կարողությունները ոչ մեկին պետք չեն, հետեւաբար՝ նաեւ ձեր կառույցը:

Էն, որ Նիկոլը մի անգամ ասաց՝ սատանա կա քաղաքում, բռնեցի՞ք: Չէի ասի, թե բանի տեղ չեք դրել վարչապետի հանձնարարականը, լավ էլ աշխատում էիք այդ ուղղությամբ, բայց սատանային բռնեցի՞ք: Իսկ կարո՞ղ եք ինձ ասել, թե որ երկրի ԱԱԾ-ին է հաջողվել երբեւէ սատանա բռնել: Չկա այդպիսի երկիր: Բայց չկա նաեւ այնպիսի երկիր, որի վարչապետը Նիկոլի չափ նիկոլ լինի եւ իր երկրի ԱԱԾ-ին նման հանձնարարություն տա: Թե բա՝ գնացեք, ՍԴ նախագահի հայրական տան տանիքը ստուգեք, կաշառքի գործ բռնեք… Տղերք, դուք էս ամեն ինչն արել եք, որովհետեւ մեր երկիրը Նիկոլի նման վարչապետ ունի: Եվ դուք մոռացել եք, որ ոչ թե Նիկոլը պիտի ձեզ ասի՝ ինչ անել, այլ դուք պետք է Նիկոլին ասեիք՝ ՍԴ նախագահի հայրական տան տանիքում բան-ման կա, գնա՞նք բռնենք: Եվ նշեմ, քանի ոչ թե դուք, այլ Նիկոլն է ձեր «նավոդչիկը», դուք ոչինչ չեք բռնելու, նույնիսկ՝ ձուկ:

Վստահ եմ, որ ադրբեջանցի «մոլորված» երիտասարդների՝ Հայաստանի սահմաններում հայտնվելու մասին դուք ոչինչ չգիտեիք: Հանկարծ հակառակը չպնդեք, որովհետեւ ստիպված կլինեմ ձեզ մեղադրել պղնձամոլիբդենային գործարանի աշխատակցի սպանության մեջ: Ուրեմն իմացել եք եւ չե՞ք կանխել այդ սպանությունը: Եկեք պայմանավորվենք՝ դուք չգիտեիք նաեւ, որ դրանք ոչ թե մոլորված գառներ են, այլ ադրբեջանցի մարդասպան ահաբեկիչներ կամ զինվորականներ՝ ինչպես կուզենաք: Մի անհամեստ հարց՝ իսկ ումի՞ց եք իմացել այդ մասին: Կարող եք չպատասխանել: Ես արդեն մոտավորապես գլխի եմ ընկել: Ձեր ինֆորմացիայի աղբյուրը, հավանաբար, ադրբեջանցիներից մեկի «լայվն» է եղել առ այն, որ իրենք Հայաստանում են եւ այստեղ անհավատների սպանդ են իրականացնում:

Հայտը լայվ մտնող Նիկոլի համար շատ ծանոթ իրավիճակ է, եւ նա իսկույն եզրակացրեց, որ դրանք Հայաստանի տարածքում մոլորված ադրբեջանցի ախմախ լակոտներ են: Ու մինչեւ դուք գնացիք, որ բռնեք, ՀՀ քաղաքացիները ոչ միայն բռնեցին դրանց, այլեւ մի լավ հունցեցին ու հանձնեցին ոստիկանությանը: Ամփոփելով այս դրվագը՝ ասեմ նաեւ, որ մեղավորը ոչ թե սահմանապահ զորքերի հրամանատարն է, ում ձեր առաջարկով վարչապետը պաշտոնանկ արեց, այլ ձեր անմիջական շեֆը՝ ԱԱԾ տնօրենը, որին թվում է, թե ինքը Նիկոլի աշխատողն է եւ պետք է կատարի բացառապես Նիկոլի հրահանգները: Իսկ Նիկոլը նույնիսկ այդ ադրբեջանցիներին բռնելու հրաման էլ չտվեց: Ու դուք չէիք բռնի նրանց, եթե ՀՀ քաղաքացիները չբռնեին:

Ձեր շուրջ, հարգելի ԱԱԾ-ականներ, նոր սկանդալ է հասունանում: Գիտե՞ք: Նիկոլ Փաշինյանը ձեր հիմնարկը վերջնականապես խայտառակելու նպատակով նոր մարդ է ընդունել գործի: Մանավանդ ձեր կառույցի հնաբնակները նրան լավ են ճանաչում: Անունը Անդրանիկ է՝ Անդրանիկ Քոչարյան: Նա հիմա հատուկ ձեզ վրա է աշխատում: Հիշո՞ւմ եք, Նիկոլ Փաշինյանը մի անգամ, իբր բերանից բաց թողեց, հայտարարեց «5-րդ շարասյան» մասին: Ես տեղեկություն չունեմ՝ Փաշինյանը ձեզ հանձնարարե՞լ է, արդյոք, բռնել այդ «5-րդ շարասյունը», թե ոչ, բայց թեման լուրջ շարունակություն է ստանում, եւ դա անում է, ոչ ավել, ոչ պակաս՝ ՀՀ քաղաքացի Անդրանիկ Քոչարյանը: Բա մի հատ չե՞ք ուզում այցելել այդ մարդուն եւ, դեռ տեղաշորից վեր չկացած, հարցնել՝ քաղաքացի Քոչարյան Անդո, էդ որ օրական 5-6 անգամ «5-րդ շարասյան» անուն ես տալիս, խոսում 6, 7-րդ շարասյուների մասին, լո՞ւրջ ես ասում, թե՞ մեզ ես կրակը գցում: Եթե չանկեղծանա, մի այսպիսի հարց էլ տվեք՝ տո այ քաղաքացի Անդո, երեկվա բրիֆինգի ժամանակ էդ ինչե՞ր էիր ասում, ո՞նց թե բոլոր ոլորտներում էլ շարասյուներ կան: Փոխարենը լրագրողին պատասխանելու՝ դե Նիկոլն է, մի բան ասել է «5-րդ շարասյան» մասին, դու մի հատ էլ վրաներս լրագրող ես խնդացնում… Հրես, բոլոր թերթերը, քո այդ հայտարարությանը հղումներ տալով, գրել են, որ ողջ երկրում շարասյուներ են վխտում, իսկ ԱԱԾ-ն ոչինչ անել չի կարողանում:

ՀԳ. Երկու բառով՝ հոդվածի սկզբում ակնարկածս արտառոց դեպքի մասին: Խոստացել էի ԱԱԾ-ին չասել, բայց, գիտեմ, հետո ինձ չեմ ներելու դրա համար: Եվ այսպես, ինչպես թերթերից գիտեք, Ադրբեջանն իր «մոլորված զինվորականներին» վերադարձնելու պահանջով դիմել է միջազգային ատյաններ: Եվ, ուրեմն, երեկ գիշեր ես երազումս տեսա, որ Նիկոլ Փաշինյանն արդեն որոշել է այդ թուրքի լամուկներին վերադարձնել: Դա պետք է կանխել: