Տեղ հասանք

Տեղ հասանք

Էրդողանը մրսեց, իսկ Ալիևը փորլուծ կպավ Գրանադա մեկնելու նախօրյակին, որտեղ պետք է կայանային բանակցություններ ՀՀ ոչ բարով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ԵՄ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների մասնակցությամբ։ Ինչպե՞ս հասկանալ այս իրավիճակը, ի՞նչ է կատարվում Նիկոլի ներսում այս պահին: Ի վերջո՝ Գրանադայում կայանում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որին Թուրքիայի և Ադրբեջանի «գագաթները» կարող էին նաև մասնակցել, բայց չհանդիպել ու չբանակցել Հայաստանի «գագաթի» հետ: Եվ միայնակ ի՞նչ է անելու Նիկոլ Փաշինյանն այդ գագաթնաժողովի շրջանակներում, ո՞ւմ է նա պետք, եթե Էրդողանն ու Ալիևն այնտեղ չեն: Մակրո՞նն է Նիկոլին կարոտել, թե՞ Շոլցը: Ո՞ւմ հետ պիտի նկարվի Շառլ Միշելը, Նիկոլի՞: Նկարվի, որ ի՞նչ անի:

Այսուհանդերձ Նիկոլին ասեք՝ Հռոմի ստատուտը հետը տանի Գրանադա: Մարդ ես, մեկնումեկը, հնարավոր է, հետաքրքրվի՝ ընդունեցի՞ն վերջապես այդ հիմարությունը, թե՞ չընդունեցին: Ձեռքի հետ էլ կարելի է մտնել Միջազգային քրեական դատարան ու դատի տալ Ալիևին: Խնդրեմ, սա մեր Հռոմի ստատուտը, սա էլ մեր հայցադիմումը, դե Ալիևին դատեք: Բայց Նիկոլին չթողնեք մենակ մտնի դատարանի շենք: Ապուշ դատավորներ ամեն տեղ էլ կան ու հնարավոր է նրանցից մեկը Նիկոլին հարցնի՝ իսկ ո՞վ էր Ալիևի հետ շաշկի խաղում 44-օրյա պատերազմի և արցախահայության տեղահանման օրերին: Մեկ էլ տեսար՝ էշ-էշ խոստովանի՝ ես: Տեղում կձերբակալեն, Հռոմի ստատուսին էլ չեն նայի…
Բայց եկեք այս Կիկոսի պատմությունը թողնենք և անցնենք բուն խնդրին՝ Էրդողանի և Ալիևի՝ Գրանադա չգնալուն: Պատահական համընկնո՞ւմ էր, արդյոք, Էրդողանի մրսածությունն ու Ալիևի փորլուծությունը: Հազիվ թե:

Քաղաքականության մեջ համընկնումներ շատ են լինում, բայց այս կարգի՝ երբեք: Եթե մի փոքր ուշադիր լինեինք մեր տարածաշրջանային լրահոսին, ապա նույնիսկ կարող էինք գուշակել, որ Էրդողանն ու Ալիևը մերժելու են Գրանադայի բանակցություններն ու վիժեցնելու են Եվրոպայի հովոնու ներքո Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը: Վերջին շրջանի ռուս-իրանական և թուրք-իրանական շփումները և հարցերը տարածաշրջանային «3+3» ձևաչափում կարգավորելու մասին ակտիվացած խոսակցությունները տրամագծորեն հանգեցնելու էին մի յուրօրինակ ժամանակավոր կոնսենսուսի՝ Արևմուտքին այս տարածաշրջանից հնարավորինս հեռու պահելու խնդրի շուրջ: Կարելի էր նույնիսկ պնդել, որ այդ կոնսենսուսը Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև այսօր արդեն իսկ կայացած փաստ է, եթե չլիներ Հայաստանի անհասկանալի պահվածքն իր դաշնակիցների և թշնամիների միջև: Եվ որքան էլ զարմանալի ու ցավալի լինի, պետք է արձանագրել, որ տարածաշրջանային հիմնական խաղացողների միջև կոնսենսը կայացել է Հայաստանի Հանրապետության տարածքային կորուստների և մասնատման հաշվին: Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, ինչու ոչ՝ Չինաստանի ավանդական պահպանողական ռեժիմները չէին կարող թույլ տալ իրենց քթի տակ ի դեմս Հայաստանի մի նոր արևմտյան հենակետի ձևավորում, որ կարող է ավելորդ գլխացավանք դառնալ տարածաշրջանային բոլոր ծրագրերի համար: Այլ խոսքով՝ Փաշինյանի ռեժիմը, որ ներդրվեց Հայաստանում, ուղղակի օտար մարմին էր, որն այսօր դուրս է մղվում՝ հայ ժողովրդի համար ամենավատ հետևանքներով: