Արցախում իշխանափոխության իմպերատիվը կա՝ օդ ու ջրի պես

Արցախում իշխանափոխության իմպերատիվը կա՝ օդ ու ջրի պես

ՆՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Ներկա պահին Արցախում ամբողջական իշխանափոխության իմպերատիվը կա՝ օդ ու ջրի պես: Այնպիսի իշխանափոխություն, որի արդյունքում ծնվի կամ ձեւավորվի նոր առաջնորդություն՝ խարսխված բացառապես ազգային շահերի վրա: Կան անհատներ եւ ուժեր, ովքեր կարող են հանձն առնել այդ որակի նոր առաջնորդության ծանր բեռը, հաջողությամբ հետ մղելով ազերաթուրքական բռնաճնշումները, այլեւ՝ չեզոքացնելով հայաստանյան ազգադավ իշխանությունների կործանարար քայլերը: 

ԱՀ ներկայիս նախագահը կարող է ու պարտավոր է կատարել իր կյանքի ամենահայրենասիրական քայլը՝ հրաժարական տալ եւ տեղ բացել նոր առաջնորդության համար: Վերջապես ժողովրդական մեծ վստահություն կձեւավորվի հանրապետության ղեկավարության հանդեպ, միաժամանակ, բարերար ալիք կփոխանցվի Հայաստան՝ այստեղ եւս արագ իշխանափոխության հասնելու համար: Միեւնույն է՝ որքան էլ փորձեն մշուշել ու ձեւախեղել հայ հանրության միտքը, ակնբախ է մնալու, որ հայաստանյան քաղաքական ցանկացած վերնախավի կենսունակությունը դեռ երկար ժամանակ ուղղակիորեն կախված է լինելու արցախյան իրողություններից: Հայաստանում եւս այս պահին հրատապորեն պետք է նոր առաջնորդություն՝ արցախաշունչ, հայասեր եւ ազգային միասնության ոգով տոգորված:

Հրանտ Ալեքսանյան