Մեծ սիրեկանը` Գի դը Մոպասան

Մեծ սիրեկանը` Գի դը Մոպասան

Ֆրանսիացի այս գրողն անհագ էր սիրո հարցում: Ողջ կյանքի ընթացքում նա փոխում էր կանանց ձեռնոցի նման: Նրա ինտրիգների մեծամասնությունը իր ստեղծագործությունների համար սյուժեի հիմք էին դառնում: Մոպասանը հպարտանում էր իր սիրային կենսագրությամբ այնպես, ինչպես գրելու տաղանդով:

Ա՜խ կանայք, կանայք…

Գիի մայրը` Լորան, խելացի ու ուժեղ կին էր` չհավասարակշռված հոգեկանով: Իր ամբողջ կյանքում Գին զգում էր մոր հզոր ազդեցությունն իր վրա` ե՛ւ որպես գրողի, ե՛ւ որպես մարդու: Հայրը, լինելով խաղամոլ ու տարված լինելով թեթեւամիտ գործերով, որդուն քիչ էր ուշադրություն դարձնում, հատկապես` Լորայից ամուսնալուծվելուց հետո: 
Մինչեւ ամուսնալուծությունը նրանց ընտանիքը հաճախ էր գնում Սարգասի ծովափ` Էթրեթ գյուղ, հանգստանալու: Գին խենթանում էր այս վայրի համար: Նա այստեղ կարող էր անդադար հիանալ լողացող կանանցով: Մանկական, հետո նաեւ հասուն տարիքի նրա ընկալումներում ջուրն ասոցացվում էր կանանց հետ, կանայք` ջրի: Իր հիշողություններում Մոպասանը գրում է. «Կանանց սեռի ոչ բոլոր ներկայացուցիչներն են ի վիճակի կրելու ծովափի փորձությունները: Միայն այստեղ կարելի է նրանց ամբողջությամբ զննել ու գնահատել»:
Մի անգամ 18-ամյա Գին այս լողափին ծանոթանում է փարիզուհի Ֆանիի հետ: Խենթ սիրահարը նրան բանաստեղծություն է ձոնում, իսկ երեկոյան՝ այցելում նրան: Մոտենալով աղջկա պատուհանին` Գին բարձր ծիծաղ է լսում. Ֆանին ընկերների համար կարդում էր երիտասարդ գրողի` իրեն նվիրած բանաստեղծությունը: Նման ստորացում պատանին չէր սպասում… Գին դա երբեք չի կարողանում ներել ողջ իգական սեռին:

Կանանց «որսորդը»

1869 թվականի աշնանը Գին ընդունվում է Փարիզի համալսարան` իրավունքի ֆակուլտետ, իսկ 1870-ի ամռանը Ֆրանսիան պատերազմ է հայտարարում Պրուսիային, եւ Գին, առանց տատանվելու, գնում է պատերազմ: Այս շրջանում նրա միակ ոգեւորիչ զբաղմունքը պատմվածքներ գրելու հնարավորությունն էր: 

Աշխատանքից ազատ ժամերին Գին անպայման գնում էր Սեն գետի ափ: Գետը նրան երջանկության զգացողություն էր փոխանցում. ընկերներ, նավակ եւ ամեն օր` նոր ընկերուհի: Իսկ արձակուրդները Մոպասանը, ավանդույթի ուժով, անցկացնում էր Էթրեթում: 
1877-ի գարնանը Գին նամակ է գրում ընկերոջը` Ռոբերին, որտեղ հիացմունքով հաղորդում է, որ ինքը սիֆիլիսով հիվանդ է. «Ես հպարտ եմ. ինձ մոտ ամենաիսկական սիֆիլիսն է, եւ ես արդեն չեմ վախենում, որ կվարակվեմ»: Այն ժամանակ բժշկությունը չէր կարողանում բուժել սիֆիլիսը, ինչով հիվանդ էին բազմաթիվ մեծ գրողներ ու նկարիչներ: 

Գրելուց ու բուժվելուց ազատ ամբողջ ժամանակը նա տրամադրում էր կանանց «որսին»: Նրան գրավում էին երիտասարդ դքսուհիներն ու կոմսուհիները, որոնք, թեեւ արհամարհում էին, բայց հրապուրված էին նրանով: Իսկ հետո նա հաճույքով վրեժ էր լուծում այդ կանանցից` նկարագրելով նրանց իր էրոտիկ պատմություններում: Գին զուգահեռ մի քանի սիրային ինտրիգներ էր ունենում: Եվ դրանք բոլորը վերածում էր վեպերի ու պատմվածքների: 

Ես ոչ մեկին չեմ սիրել

Մոպասանը հաճախ էր իրեն նույնացնում իր հերոսների հետ: Իր նամակներից մեկում նա խոստովանում է. «Ես կանանց կոլեկցիոներ եմ. մի  մասի հետ հանդիպում եմ տարին մեկ անգամ, մյուսների հետ` կես տարին մեկ, որոշների հետ՝ երբ նրանք ցանկանան… Բայց ես ոչ մեկին չեմ սիրել»:

Գրողի օգնականն իր օրագրերում քննարկում է. «Ես չգիտեմ` նրա բոլոր կանանց մեջ կա՞ր մեկը` ամենաանհրաժեշտը նրան` Էրմինա՞ն, Լիտցելմա՞նը, Մարի Կա՞նը, թե՞ «մոխրագույն հագած տիկինը»: Ի դեպ, վերջինը` Ժիզել դը Էստոկը, Գիի օգնականի կարծիքով, արագացրեց Մոպասանի մահը: Այդ կինը Մոպասանի հետ կիսում էր ոչ միայն թմրանյութերի հանդեպ նրա կիրքը, այլեւ լայնացնում էր Գիի արատների շրջանակը: Նրանք նաեւ միասին տրվում էին մարմնավաճառների հետ ժամանակ անցկացնելուն: 

«Մեր սիրտը» դառնում է Մոպասանի վերջին վեպը: Նրա գլխավոր հերոսուհին կրկին վերցված է հերթական սիրուհու կերպարից` Էրմինա Լեկոնտ դյու Նուից:

Խենթ կյանքի խելագար մայրամուտը

Մոպասանի գրական գործունեությունը նրան մեծ հարստություն ու փառք է բերում: Կյանքի մայրամուտին նա ուներ մեծ կարողություն, բազմաթիվ անշարժ գույք ու մի քանի յախտա: Սակայն սիֆիլիսը նրան խելագարության է հասցնում: Նա տանջվում է հալուցինացիաներից եւ նույնիսկ կոկորդը կտրելու փորձ կատարում: Նրան տեղափոխում են հոգեբուժարան, որտեղ էլ մահանում է 1893 թվականին: 

Մոպասանի մահից տասը տարի անց փարիզյան մի ամսագիր` «Էկլերը», մի նորություն է հրապարակում` հայտնի գրողն իրենից հետո սերունդ է թողել` երկու աղջիկ ու մի տղա: Ինքը` Մոպասանը, նրանց մասին երբեք չի հիշատակել, իսկ նրա մայրը` Լորան, եւ ընտանեկան բժիշկը հերքում են այդ փաստը: Այն ժամանակ բարձր հասարակությունում սովորական բան էր լքել անօրինական ծնված երեխային: 

Իր կտակում Գին որպես իր օրինական ժառանգ է ճանաչում եղբոր դստերը: Ծնողներին հասնում է նրա կարողության միայն մեկ քառորդ մասը:

Թե քանիսն են եղել Մոպասանի կանայք, դժվար է ասել: Սակայն իր պատմվածքներից մեկում նա նշում է` 300-ը: Գուցե ինքն է՞լ էր հաշիվը կորցրել: 
«Ես սիրում եմ միայն մի կնոջ` անծանոթուհու, ով իրականության մեջ գոյություն չունի»,- գրել է մեծն Մոպասանը:

Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Նյութի աղբյուր`
storyfiles.blogspot.com