Նա կարող է խաղալ գժված Օթելլոյից «մինչև Պյուտին»

Նա կարող է խաղալ գժված Օթելլոյից «մինչև Պյուտին»

Քաղաքականությունը խիտ անտառ է, հնարավոր չէ մտնել ու չմոլորվել։ Օրինակ, Պուտին- Փաշինյան հանդիպման արարողակարգային ընդհանուր հայտարարություններից որևէ բան հասկացա՞ք։ Սոցիալական ցանցերն ու կայքերը կենտրոնացան Փաշինյանի ռուսաց լեզվին մոտիկ արտահայտությունների վրա ու ․․․ վերջ։

«Պյուտին» արտահայտությունը մարդկանց այնպիսի մառազմի մեջ գցեց, որ նրանք արդեն չէին ընկալում, թե ինչի համար է գնացել Փաշինյանը կամ ինչ է թելադրվում Հայաստանին։ Երկուսից մեկը երանությամբ գրում է՝ տեսնես՝ Նիկոլը էլ ե՞րբ է Ռուսաստան գնալու, որ մի լավ խնդանք։ «Պյուտին» բառը դարձավ Ռուսաստան գնալու ողջ քննարկման թեման, ու քաղաքական հիմնական օրակարգը դուրս մնաց։ Որևէ մեկդ հասկացա՞ք, թե ինչ է ուզում Պուտինը Հայաստանից, ի՞նչ թեմա է շոշափվում։ 

Քաղաքականությունը հենց դա է։ Եթե ձեզ թվում է, թե Նիկոլ Փաշինյանը շարքային մի լրագրող է, չարաչար սխալվում եք։ Նա բարձր պատրաստվածություն ունեցող խաղացող է, մանրևող, ով կարող է հիմնական թեմայից շեղելու համար նման տրյուկներ անել։ Այնպիսի տրյուկներ, որ մարդիկ գլխավորը թողած ընկնեն հազարերորդական հարցերի հետևից։ Ես չեմ ասում, որ նա «ռուսերենը դորդ ու բեշ է անում» , բայց նա ամենալուրջ խնդիրն այնպիսի ծիծաղելիության է հասցնում, որ նույնիսկ քաղաքական գործիչներն են վերլուծում նրա «Պյուտինը»՝ մոռանալով, որ նա այլ բանի համար է գնացել ու դա պիտի հրամցնել ժողովրդին։ 

Երբևէ կարո՞ղ էիք պատկերացնել, որ մեկը կարող է Արցախի 75 տոկոսը հանձնել, Սյունիքը դնել թշնամու ափի մեջ, մյուս սահմանամերձ գյուղերի մասին էլ այնպես խոսի, որ հեսա․․․ «հեսա պիտի տա» ու դուք այդպես անլուրջ մոտենաք հարցին։ Խնդաք, խնդմնդաք ու․․․ անցնեք։ Դա պրոֆեսիոնալ խաղացողի արվեստ է, որը կարող է գժված Օթելլո խաղալ, տեղն եկած տեղը խեղդել իր սիրելիին, հետո արալեզի նման վերքերը լիզելով կենդանացնել նրան, նոր պաշտոն տալ․․․ Իսկ հետո խաղալ մի խղճուկ մարդու դեր, ով Պուտինին «Պյուտին է ասում», իսկ նա քմծիծաղում է։