Գառնուկ ախպերը` Արցախից

Գառնուկ ախպերը` Արցախից

Ծնունդով արցախցի Սեյրան Բեգլարյանը ժիր, ուրախ մանկիկ է: Երեք տարեկան չկա՝ տեղում չի նստում, վազվզում է: Մայրը` Իրինա Ասլանյանը, որը ծնունդով երեւանցի է, Արցախում ամուսնացած, նրան մի կերպ է դարձրել ժիր ու կայտառ երեխա: Նախկինում Սեյրանը նույնիսկ քայլել չէր կարողանում: Ոսկորների խնդիր ունի` սուր օստեոմիելիտ: Նա վնասվածքաբանի մշտական հսկողության կարիք ունի: Երեխայի առողջական վիճակն Իրինան կապում է այն անտանելի պայմանների հետ, որ ամուսնու ընտանիքը ստեղծել է իր համար դեռ հղիության շրջանում: Բանը նույնիսկ ծեծուջարդի է հասել: Իրինան ամուսնալուծված է: Ամուսինը, որը հարազատների եւ նոր կնոջ հետ Ստեփանակերտի կենտրոնում ապրում է ահռելի բնակարանում, հրաժարվել է երեխայի բաժին տունն առանձնացնել: Իրինային ներս չեն թողնում: Երեխայի համար բնակտարածք հատկացնելու պահանջով Իրինան դիմել է դատարան, բայց դատավոր Ավանեսյանը մերժել է հայցը:

Հարազատ հայրը տղային գցել է դռնեդուռ: Տղայի ձեռքը բռնած՝ Իրինա Ասլանյանը եկել հասել է Հայաստան, բարեգործական կազմակերպությունների դռներն է ընկել: «Սոս մանկական գյուղեր» կազմակերպությունն ամիսը 50 հազար դրամով մութ ու խոնավ կիսանկուղ է վարձել մոր ու որդու համար, որը լուսամուտ նույնիսկ չունի: Հիվանդ երեխային նման պայմանները հակացուցված են, բայց Իրինան նույնիսկ այս ապաստանի համար է ուրախ: Երկու օր առաջ վարձակալության ժամկետն ավարտվել է: Սեյրանին գառնուկ ախպոր պես գիրկն առած՝ Իրինան երեկ տեղափոխվեց Էջմիածնի Լուսակերտ գյուղ: Մի բարի կին նրան թույլ է տվել երեխայի հետ ապրել իր գյուղի տանը, որ հետն էլ այգին մշակի, տիրություն անի գույքին: «Այստեղ միայն սանհանգույցն է նորոգված»,- ասում է Իրինան:

Քանի ամիս նրան կթողնեն, որ այստեղ ապրի, չգիտի: Անցյալ տարի նա Հայաստանի տարածքային կառավարման նախարարություն է դիմել՝ խնդրելով, որ իրեն ընդգրկեն Արցախի վերաբնակեցման ծրագրի մեջ: Համաձայն է նույնիսկ գյուղում ապրել: Նրան պատասխանել են, որ չի կարող բնակտարածք ստանալ այդ ծրագրով, քանի որ բազմազավակ չէ: «Ի՞նչ անեմ, որ մի երեխա ունեմ: Փողոցներո՞ւմ մնամ»: Արցախի գերատեսչություններից Իրինա Ասլանյանը խնդրում է, որ կա՛մ վերաբնակեցման հիմունքներով տան հարց լուծեն, կա՛մ գոնե մեկ տարվա վարձի գումար տրամադրեն, որ իր խեղճ երեխուն ձեռքը, ամիսը մեկ փախստականի կարգավիճակով էս կողմից էն կողմ չընկնի: Պատասխան առայժմ չունի: