Չորս պատասխան Նիկոլին

Չորս պատասխան Նիկոլին

Նիկոլ
Ուզում եմ չհանձնվես, ուզում եմ չկասկածես: Քեզ փորձում են համոզել, թե դու սխավել ես՝ մտածելով, որ կարող ես որոշող լինել քո հայրենիքում, քո պետության մեջ: Քեզ փորձում են համոզել, թե ժամանակը հակառակը ցույց տվեց, որ կա՛մ պիտի հպատակ լինես քո հայրենիքում, կա՛մ կորցնես հայրենիքդ:

1-ին պատասխան Նիկոլին
Ես չեմ հանձնվում և ոչ էլ կասկածում: Իմ հայրենիքում, իմ պետության մեջ ես եմ եղել որոշողն իմ քվեով, և կրկին կլինեմ երկու շաբաթից: Երեք տարի առաջ որոշման իրավունքը ես տվեցի քեզ, որովհետև դու խոստացար հայկական ագորա: Բայց դա երբեք տեղի չունեցավ, ոչ մի հարցում: Ո՛չ անցյալի դեմ կռվի, ո՛չ մեզ պառակտելու՝ բաժանելով սևերի ու սպիտակներ, ո՛չ Ղարաբաղյան կարգավորման առումով բանակցելու և ո՛չ էլ պատերազմը կանգնեցնելու հարցում: Դու ուղղակի ինձ խաբեցիր: Ու մի բան էլ՝ ես երբեք հպատակ չեմ եղել, պայքարել եմ իմ ու այլոց իրավուինքների համար, սակայն այսօր կանգնած եմ հայրենիք կորցնելու վտանգի առաջ: 

Նիկոլ
Իսկ ես քեզ դիմում եմ համոզմունքով, որ ճշմարտությունն ուղիղ հակառակն է: Երկար տարիներ մենք շատ բաներ հանդուրժեցինք հանուն հայրենիքի, և արդյունքում պարզվեց, որ հայրենիքի քայքայումն ենք հանդուրժում: Այն պահին, երբ սկսեցինք չհանդուրժել, մեր հայրենիքն արդեն նմանվում էր անդունդ գահավիժող մի մեքենայի, որին փորձում էինք կառավարել՝ առանց ղեկի ու անիվների, առանց արգելակի ու շարժիչի: Գահավիժման այդ ընթացքը դժվարությամբ ենք կանգնեցնում՝ ծանր կորուստներով, բազմաթիվ զոհերով, անտանելի ցավերով, խառնակ ու խառնաշփոթ ժամանակներով:

2-րդ պատասխան Նիկոլին

Ես ոչ մի բան էլ էն գլխից չեմ հանդուրժել. ես աշխատել եմ, երեխա եմ դաստիարակել: Մեր մեքենան սարքին էր, ու ես ոչ մի գահավիժում չեմ զգացել իմ կյանքում, ընդհակառակը, որքան շատ եմ աշխատել, այնքան լավ եմ ապրել: Արանքում էլ օգնել եմ ուրիշներին, որ իրենք էլ նորմալ ապրեն: Բայց որոշեցի ավելի լավ ապրել ու մերժեցի Սերժին՝ քեզ ընտրելով, ու արդյունքում հայտնվեցի հենց «ծանր կորուստներով, բազմաթիվ զոհերով, անտանելի ցավերով, խառնակ ու խառնաշփոթ ժամանակներում»: 
Նիկոլ
Ու հիմա դու ընտրության առաջ ես՝ ենթարկվե՞լ ժամանակին, թե՞ քեզ ենթարկել ժամանակը: Ես ուզում եմ, որ քեզ ենթարկես ժամանակը, որովհետև այն ժամանակը, որ քեզ ենթակա չէր երեկ, մեր այսօրվա կորուստների առանցքային պատճառն է: Այսօրվա մեր դառնությունը կուտակվել է երեկ:
3-րդ պատասխան Նիկոլին

Այսօր ես, այո, կանգնած եմ ժամանակի խնդրի առաջ. թուրքը ժամ առ ժամ պատառներ է պոկում իմ հայրենիքից, ու որպեսզի դա տեղի չունենա՝ անհրաժեշտ է պարտության սիմվոլին, այսինքն՝ քեզ, հեռացնել իշխանությունից: Այլապես քո պատճառով տեղի ունեցող այսօրվա կորուստներին կհետևեն հաջորդները՝ վաղը և մյուս օրը: Ինչ մնում է դառնությանը, դու այն դարձրիր անչափելի, չնայած քեզ տրված էր հնարավորություն այն վերացնելու: 

Նիկոլ
Հիշո՞ւմ ես քանի-քանի առիթներով և քանի-քանի տարիներ ես ապրել այն համոզումով, որ «էս երկրում ապագա չկա»: Ու այն ժամանակ, երբ փոխում էիր համոզումդ, վրա հասավ ամենամեծ աղետն ու էլի սկսեցիր մտածել, որ ապագա չկա: Բայց այսօրը ապագա էր երեկ: Իսկ վաղն ապագա է այսօր, ու այն պիտի գա, եթե դու որոշես, որ այն կա՛, որովհետև ցավից չպիտի կորցնես ապագայի մասին երազելու և ապագան ամենօրյա աշխատանք դարձնելու կարողությունդ:

4-րդ պատասխան Նիկոլին
Ես վաղուց արդեն իմ ամենօրյա աշխատանքով արարում էի իմ ապագան այս երկրում, իմ երկրում: Ուրիշներին ևս ուղղորդում էի նույնը անելուն: Եվ ամեն աշխատանքային օր ավելի լուսավոր ու բարեկեցիկ էր այն դարձնում՝ մինչ այն պահը, երբ ես խաբվեցի քո կողմից ու քեզ դարձրի ինձ վարչապետ: Ու այսօր ես վախենում եմ իմ երկրի ապագայի առումով: Ու դա տեղի ունեցավ հենց քո պատճառով: 

Չքվիր իմ երկրից, որպեսզի ես ազատվեմ պարտության խորհրդանիշ Նիկոլից, ու կրկին կառուցեմ իմ երկրի ապագան:

Հայաստանի Հանրապետության քաղաքացի
Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ