Facebook, թե՞ TikTok․ Թրամփ-Բայդեն մրցապայքարը նոր թիրախ ունի

Facebook, թե՞ TikTok․ Թրամփ-Բայդեն մրցապայքարը նոր թիրախ ունի

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Facebook-ը համարում է ամերիկացիների «թշնամի»։

«Կարծում եմ՝ Facebook-ը ժողովրդի թշնամին է,- ասել է Թրամփը CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ հավելելով,- ըստ իս, Facebook-ը շատ վատ ազդեցություն ունի մեր երկրի վրա, հատկապես, երբ խոսքը ընտրությունների մասին է»։

Թրամփն այսպես է մեկնաբանել ԱՄՆ ներկայիս վարչակազմի ջանքերը՝ արգելափակել չինական TikTok հավելվածը, որը կարող է օգուտ տալ Facebook-ին։
CNBC-ն հիշեցնում է, որ ԱՄՆ օրենսդիրներն ակտիվացնում են ջանքերը՝ լուծելու TikTok-ի հետ կապված մտահոգությունները: Այսպես, նրանք առաջարկում են կամ ByteDance ընկերությունը հրաժարվի TikTok-ից կամ ամբողջապես արգելափակվի հավելվածը։

Ի դեպ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ կստորագրի հավելվածն արգելող օրինագիծը, եթե ԱՄՆ Կոնգրեսն ընդունի այն։

Հավելենք, որ այս տարվա նոյեմբերին ԱՄՆ-ում անցկացվող նախագահական ընտրություններում, ենթադրաբար, գլխավոր պայքարն ընթանալու է հենց հանրապետական Թրամփի և դեմոկրատ Բայդենի միջև, որոնք իրենց վերջին ելույթներում փոխադարձ մեղադրանքներ ու նույնիսկ վիրավորանքներ են հնչեցնում միմյանց հասցեին։