Առաջինների հայտագրումը վերածվել է մարաթոնյան վազքի

Առաջինների հայտագրումը վերածվել է մարաթոնյան վազքի

ՀՀ պետական բոլոր հանրակրթական դպրոցներում այս տարի առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվում է առցանց համակարգով։ Հունիսի 1-ից, ժամը 9։00-ից hayt.emis.am կայքում մեկնարկեց բուն հայտագրման գործընթացը։ Քանի որ այս տարի սահմանվել էր առաջնահերթություն, հունիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում կարող էին հերթագրվել նախեւառաջ այն հայտատուները (առաջին դասարան գնացողները), որոնց ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է, եւ այդ երեխան ունի տվյալ դպրոցում արդեն սովորող հարազատ քույր կամ եղբայր:

Հունիսի 11-ից, ժամը 9։00-ից սկսած՝ հայտագրումը բաց է եղել արդեն բոլորի համար, բայց շատ դպրոցների դեպքում րոպեներ անց տեղերն արդեն սպառված են եղել։ «Շատ դպրոցների պարագայում 9։00-ին հայտագրումը բացվել է, 9։05-ին՝ փակվել, որովհետեւ բոլոր 88 տեղերն արդեն սպառված, հայտագրված են եղել»,- մեզ հետ զրույցում ասում է դպրոցի մանկավարժներից մեկն ու հավելում, որ ծնողներից եւս զանգեր ու դժգոհություններ են ստացել, ինչն իրենք բացատրում են նրանով, որ կոնկրետ դպրոցների վրա կենտրոնացում կա, եւ ծնողները մի կողմից նախընտրում են անունով, մյուս կողմից՝ նաեւ որակյալ կրթություն ապահովող դպրոցները։ «Հետո, քանի որ տարածքային սահմանափակում չկա, եւ, օրինակ, մասիվում ապրող ծնողը կարող է իր երեխայի հայտը լրացնել կենտրոնի որեւէ դպրոցներից մեկում, դրա համար, այսպես ասած, պահանջված դպրոցների հայտերի քանակը շուտ է լրացել»։

Թե որքանով է ռեալ 5 րոպեում հայտագրվելը, մեր զրուցակիցը նկատեց, որ կախված է ինտերնետ կապից եւ արագ կողմնորոշումից․ հայտը լրացնելիս քայլերը շատ չեն, բայց քիչ էլ չեն՝ անձնական տվյալներ, դպրոցի, համայնքի, մարզի ընտրություն եւ այլն․ «Դուրս են մնում նրանք, ովքեր ուշ են կողմնորոշվում, ինտերնետ կապն է վատը, հայտը լրացնելու տեմպն է դանդաղ»։  

Ինֆորմացիան ստուգեցինք անձնապես․ հունիսի 11-ի ժամը 12։00-ի դրությամբ, օրինակ, կենտրոնի մի շարք դպրոցների հայտերն արդեն սպառված էին։ Դրանց թվում են Երեւանի Ն. Աղբալյանի անվ. թիվ 19 հմ/դպրոցը` 250 տեղով, Ա. Չեխովի անվ. թիվ 55 հմ/դպրոցը՝ 88 տեղով, ինչպես նաեւ ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար նախատեսված 35 տեղով։ Ե. Չարենցի անվ. թիվ 67 հմ/դպրոցը՝ 95 տեղով, Ն. Ստեփանյանի անվ. թիվ 71 հմ/դպրոցը՝ 95, Ջոն Կիրակոսյանի անվ. թիվ 20 հմ/դպրոցը՝ 100, Ա. Պուշկինի անվ. թիվ 8 հմ/դպրոցը՝ 159, եւ ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար նախատեսված 35 տեղով։ Խ. Աբովյանի անվ. թիվ 2 հմ/դպրոցը՝ 88 տեղով։

Պարզվում է՝ ծնողներն իրենց երեխաների համար ցանկալի դպրոցներում գրանցելու համար դեռ մի քանի օր առաջ դիմել են «մասնագետների» օգնությանը, ովքեր, իրենց ձեռքի տակ ունենալով ծնողների տրամադրած բոլոր տվյալները, ժամը 9։00-ից կազմուպատրաստ՝ սպասել են, որպեսզի համակարգը բացվի, եւ կարողանան հաշված րոպեներում գրանցել երեխաների հայտերը։ Այդ մասին ինֆորմացիան մեզ փոխանցեց IT ընկերություններից մեկի տնօրենը՝ նշելով, որ կոնկրետ իրենց գրասենյակ դիմել է 10 ծնող եւ խնդրել նման ծառայություն մատուցել։

Օրվա երկրորդ կեսին արդեն իր ֆեյսբուքյան էջում գրառում արեց նաեւ նախարարությունը․ «Այս պահի դրությամբ արդեն հայտագրվել է 8․262 առաջին դասարանցի, ընդհանուր՝ 17․514 հայտագրված։ Նշենք, որ հայտագրման ընթացքում ծրագրային եւ տեխնիկական խնդիրներ չեն արձանագրվել։ Երեւանի եւ մարզերի թվով 27 դպրոցում տեղերը լրացվել են մեկ րոպեից քիչ ժամանակում»։ Գրառման տակ, առցանց գրանցման տարբերակից իրենց դժգոհություններն էին հայտնել նաեւ քաղաքացիները, ծնողները․ «Շատ դժգոհ եմ օնլայն տարբերակից, 45 վայրկյան հետո տեղերը սպառվեցին։ 8։30-ին նստած սպասում եմ, բայց վայրկյաններ հետո տեղ չկար։ Ի՞նչ անել հիմա։ Այս հարցին ո՞վ կարող է լուծում տալ»։ Մեկ այլ արձագանք եւս՝ ի պատասխան ԿԳՄՍՆ-ի գրառմանը․ «Քո հորինած խաղը շատ տհաճ խաղ ա, Հարությունյան... Քույր, եղբայր՝ մնացածն ի՞նչ անեն։ Ի՞նչ խաղեր ես հնարել... 8:59-ից սկսած անց 5 գրանցում ենք արել, ու ոչ մի հաստատում։ Բա ինչպե՞ս եղավ, որ անց 7 գրանցում ա եղել։ Երբ անց 2 արդեն մոխրագույն էր... Խեղաթյուրել եք կրթական համակարգը»։ 

Փաստորեն, առաջին դասարանցիների ընդունելության հայտագրման գործընթացը վերածվել է մարաթոնյան վազքի՝ պայքարից դուրս թողնելով նրանց, ովքեր ուշ են կողմնորոշվել եւ հնարամիտ ու ճկուն չեն գտնվել։