Ինչպես 100 տարի առաջ… 

Ինչպես 100 տարի առաջ… 

ԱՄՆ Պետդեպարտամենտի պատժամիջոցների համակարգման վարչության ղեկավար Ջիմ Օ’Բրայենի ասելով, Հայաստանը, Վրաստանը, Թուրքիան, Ղազախստանը և ԱՄԷ-ն Ռուսաստանին օգնում են շրջանցելու արևմտյան պատժամիջոցները։ Խոսքը հատկապես միկրոչիպերի և էլեկտրոնային կառավարման համակարգերի առանցքային այլ բաղադրիչների մատակարարումների մասին է: Վերարտահանման հիմնական հոսքերն, ըստ Օ’Բրայենի, անցնում են ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի տարածքով: Սա նորություն չէր այն անձանց համար, ովքեր հետևում են գոնե հայկական լրատվական կայքերին: Էլ չեմ խոսում օտարերկրյա և այդ թվում՝ ռուսական կամ ռուսախոս արևմտյան կայքերի մասին: Բայց քանի որ ամենատարածված սոցիալական ցանցի՝ ֆեյսբուքի օգտատերերն այդքան հավես չունեն, որ նորություններ կարդան և միաժամանակ չունեն այնքան մակարդակ, որպեսզի դրանցից համապատասխան հետևություններ անեն, ապա ամենատարածված դատողությունը «թուրքերի հետ դաշնակցած՝ ռուսները ծախում են Հայաստանը» արտահայտությունն է: Դրա ածանցյալներից են «ռուսները թուրքերին բերեցին Անդրկովկաս», «ռուսները թուրքերի հետ կիսում են Հայաստանը», «ռուսները միշտ դավաճանել են մեզ» և նմանօրինակ այլ արտահայտությունները:

Իրականում պետք էր ընդամենը գիտակցել, որ հանուն իր շահերի (և տվյալ դեպքում ոչ թե կայսերական, այլ գոյութաբանական) Ռուսաստանը ստիպված եղավ իրականացնելու ռազմական հատուկ գործողությունը: Հենց հատուկ գործողությունը և ոչ թե լայնածավալ հարձակումը Ուկրաինայի վրա, քանի որ դրանք տարբեր բաներ են: Թե որքան էր դա արդարացի կամ ոչ՝ կդատի պատմությունը մի քանի տասնամյակ անց: Երբ այս օրերի՝ կոնկրետ աշխարհաքաղաքական շահերն այլևս առաջնային չեն համարվի: Ինչևէ, վերադառնանք Թուրքիային: Արդեն շուրջ տարիուկես շարունակվող ռուս-ուկրաինական պատերազմում դժվար է գերագնահատել Թուրքիայի դերը Ռուսաստանի համար: Ու այդ պատճառով էլ ՌԴ ղեկավարությունն այս ընթացքում անընդհատ «ըմբռնումով» է մոտենում թուրքական այն գործողություններին, որոնք ոտնահարում են ռուսական շահերը ինչ-ինչ  կոնկրետ հարցերում: Ինչը բնական է և նորմալ՝ դրանք չեն խոչընդոտում ավելի խոր և ավելի ծավալուն հարցերում համագործակցությանը: Եվ դրա արտահայտություններից մեկը հենց ամերիկյան դիվանագետի ներկայացրած դրվագն է: 
Երկրորդ դրվագը նավթա-գազային փոխադրումների թուրքական հաբի առկայությունն է: Իսկ էներգակիրները, չմոռանանք, ռուսական արտահանման հիմնական հոդվածներից մեկն են: 2022 թվականի դրանք կազմել են արտահանման ավելի քան 60 տոկոսը: Եվ, բնականաբար, ասիական ուղղությունից (Չինաստան, Հնդկաստան) բացի մեծ տեսակարար կշիռ ունի այդ հարցում հենց թուրքական հաբը: Ի դեպ, ՌԴ-ի համար ոչ պակաս կարևոր է նաև օդագնացության թուրքական ուղղությունը դեպի հարավ և հարավ-արևմուտք թռիչքների առումով: Եվ ինչպես 100 տարի առաջ, երբ առաջին անգամ ձևավորվեց ռուս-թուրքական (կամ բոլշևիկա-քեմալական) համագործակցությունն ընդդեմ Արևմուտքի: Եվ ինչպես 100 տարի առաջ՝ այսօր ևս Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի կարողանում կողմնորոշվել գեոպոլիտիկ փոփոխություններում՝ չնայած անընդհատ խոսում է դրա մասին: Եվ  ինչպես 100 տարի առաջ՝ դա Հայաստանի համար արժանանում է մարդկային ու տարածքային կորուստներ: Եվ ինչպես 100 տարի առաջ՝ չգիտակցելով մեր սխալները՝ ռուսներին մեղադրում ենք դավաճանության մեջ:

Թե որքան է այդ մեղադրանքը ճշմարտացի՝ ինձ համար պարզել եմ մի քանի տարի առաջ: Որքան գիտեմ՝ 2018-ից այս կողմի մի քանի հեղինակի մեկ-երկու տասնյակ գիրք է հրատարակվել Հայաստանի առաջին հանրապետության վերաբերյալ: Դրանցից մեկի հեղինակը փաստական տվյալների հիման վրա նկարագրել էր բոլշևիկների և քեմալականների գործողությունները Հայաստանի նորանկախ հանրապետության նկատմամբ: Սակայն, պատկերացնո՞ւմ եք, ոչ մի խոսք դաշնակցական կառավարության գործողությունների մասին: Եվ երբ փորձեցի ճշտել, թե ինչու է բաց թողնվել այդ հանգամանքը, պատասխանն ինձ խիստ զարմացրեց՝ «Իմ առջև նման խնդիր չեմ դրել»: Այսինքն, նկարագրվում է կենդանի օրգանիզմի նկատմամբ շրջակայքի ազդեցությունը՝ առանց հաշվի առնելու այդ օրգանիզմի կենսագործունեությունը: Իսկ պետությունը, այն էլ ձևավորման փուլում գտնվող՝ իր տատանումներով, վախերով ու հույսերով, հենց կենդանի օրգանիզմ է, որ կա: Կարծում եմ, որ այդ մտայնությունն առնվազն արժանի է պատմագիտության ասպարեզում հականոբելյան (կամ իգնոբելյան) մրցանակի:

Ինչևէ, որպեսզի 100 տարի անց էլ մեզ չքննադատեն ու նույնիսկ հայհոյեն մեր սերունդները, մենք պետք է խելքներս գլուխներս հավաքենք: Որպեսզի, նախ, չկրկնենք 100 տարի առաջվա սխաները, և ապա՝ ձևավորենք  արտաքին մարտահրավերներին դիմագրավելու պատրաստ իշխանություն: Եվ վերադարձնենք մեզ և մեր սերունդներին մեր արժանապատվությունը: Ու ձևավորենք իրական խաղաղություն մեր տարածաշրջանում: