«Հայաստան» դաշինքն ամեն ինչի մասին խոսել է, բացի՝ ամենագլխավորից

«Հայաստան» դաշինքն ամեն ինչի մասին խոսել է, բացի՝ ամենագլխավորից

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը, վերջին օրերին տեղի ունեցած դեպքերի առնչությամբ հանդես է եկել բավականին ծավալուն հայտարարությամբ։ Տարածված տեքստում, ըստ էության, որեւէ նոր խոսք չկա․ ամեն բան, ինչպես ասում են՝ «ժանրի կանոններին համապատասխան»՝ հայտարարության բովանդակությանն ավելի չանդրադառնալու համար։ Այն, որ Հայաստանի գործող իշխանությունները դավաճանական քաղաքականություն են վարում եւ այլն, հասկանալի է վաղուց եւ դրա ու նմանօրինակ այլ թեզերի հետ թերեւս շատերն են համաձայն։ Սակայն եկեք մի քանի բանի վրա կենտրոնանանք։ 

Հայտարարությունում ասվում է․ «Նոյեմբերի 9-ի փաստաթղթով սահմանված ժամկետից շուտ սպառնալով փակել Հայաստանն Արցախին կապող միջանցքը և պահանջելով իրեն հանձնել հարակից բնակավայրերը՝ Ադրբեջանն ակնհայտորեն հերթական անգամ խախտում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը»։

Այսինքն՝ այն, որ Հայաստանն ու Արցախը իրար կապող միջանցքի ճանապարհը փոխվելու է, դա սկզբից ի վեր գիտեինք, որովհետեւ նախատեսված էր եռակողմ հայտարարությամբ։ Այն, որ Ադրբեջանը խախտում է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի կրակի դադարեցման եռակողմ հայտարարությունը, ժամկետից շուտ պահանջներ ներկայացնելով, ապա եկեք հասկանանք մի նրբություն՝ իսկ ո՞վ է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարության «քավորը» կամ երաշխավորը։

Այո, ճշմարիտ է` Ռուսաստանը։ Այդ դեպքում ինչո՞ւ որեւէ կերպ չի նշվում, որ Ռուսաստանը` որպես հրադադարի եռակողմ հայտարարության երաշխավոր գերտերություն, ըստ էության, բարձիթողի վիճակում է թողել Ղարաբաղյան հարցը կամ առնվազն դեմ չէ, որ Ադրբեջանն առաջխաղացում ունենա, ու մեղմ ասած՝ «խուլ» եւ «կույր» է ձեւացել, «հերթապահ» հայտարարությունները մի կողմ թողած։ Այո, համաձայն ենք, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դավաճանել է հայոց շահերին եւ այլն եւ այլն, բայց դրանով հանդերձ ինչ են անում ռուսները՝ ռեալ կերպով։ Իրենց որքանո՞վ է անհանգստացնում այն, ինչ կատարվում է իրենց իսկ պատասխանատվության գոտում։ Եթե «վերը նշյալ եռակողմ հայտարարությունը որևէ կետով չի նախատեսում ճանապարհաշինության նպատակով բնակավայրերի հանձնում, չի պարունակում նաև դրույթ, որի համաձայն նոր ճանապարհը պետք է շրջանցի Բերձոր, Աղավնո եւ Սուս համայնքները», ապա ինչո՞ւ, օրինակ, չկա ոչ մի տող այն մասին, որ, ըստ էության, Ադրբեջանը ներկայացնում է այնպիսի պահանջներ, որոնք խախտելով արդեն նշված հայտարարությունը, առաջացնում են Ռուսաստանի համարժեք արձագանքման անհրաժեշտությունը, եւ ինչո՞ւ Ռուսաստանի արձագանքման պահանջ չկա արձանագրված։ Եւ հետո, եթե ընդունում ենք, որ այո, Հայաստանի եւ Արցախի իշխանությունները պատրաստակամորեն երբ կատարում են Բաքվի պահանջները, ապա առնվազն հիմքեր կան ենթադրելու, որ կրկին գործ ունենք ժողովրդի թիկունքում ձեռք բերված համաձայնությունների, «բանավոր փոխըմբռնման» ու բանավոր պայմանավորվածությունների հետ, եւ այս իրադարձությունները կրկին վերահաստատում են այն համոզմունքը, որ միակողմանի զիջումների գնով առաջարկվող խաղաղությունը չի կարող իրական, կայուն ու երկարաժամկետ լինել, ապա ինչ են առաջարկում «Հայաստան» դաշինքի մեծարգո ներկայացուցիչները, ինչ «դեղատոմս» են առաջարկում որպես լուծում։ Այո, համաձայն ենք «պարտության անիվը օր առաջ պետք է կանգնեցնել», սակայն ինչպե՞ս, ո՞րն է «Հայաստան» դաշինքի «ճանապարհային քարտեզը», որի համեմատ եթե շարժվենք, ապա հնարավոր կլինի եղածը պահպանել, նոր կորուստներից խուսափել ու հասնել իրական խաղաղության։ Սա ամենից կարեւոր հարցն է այժմ ու հենց այս հարցի մասին՝ ոչինչ չկա ասված։ Հետեւաբար, թող ներվի ասել, հայտարարությունն ավելի շատ «ճառ ասելու», քան «զանգ կախելու» մասին է։ 

Դեռեւս ամիսներ առաջ, երբ ընդդիմությունը փողոցային պայքարի էր դուրս եկել, մենք արդեն ունեցել էինք առիթ «Հրապարակում» գրելու, որ առաջնային հարցը հետեւյալն է՝ որն է այն այլընտրանքը, որը առաջարկվում է մեզ, ներկա իրականությունը ինչով ենք փոխարինելու։ Ավելի կոնկրետ՝ եթե ասենք 20 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը վատն է, շատ վատն է, մահու չափ վատն է, ապա ո՞րն է դրա այլընտրանքը, որպեսզի ՀՀ քաղաքացին իմանա, որ այ, եթե աջակցի ընդդիմությանը, նրանք էլ գան իշխանության, ապա կչեղարկեն այդ հայտարարությունը եւ իրենց առաջարկած այլընտրանքով վիճակը կշտկեն։ Այն ժամանակ էլ այլընտրանքի մասին խոսք անգամ չեղավ, հիմա էլ խոսք չկա «դեղատոմսի» մասին։ Ու այս ամենն ի նկատի ունենալով՝ ո՞վ է լուրջ վերաբերվելու այդ հայտարարությանը։ Քաղաքացին, մեղմ ասած, հոգնել է դատարկախոսությունից, պաթոսից, ազգային-հայրենասիրական նվիրական ապրումների վրա լարախաղացությունից։ Քաղաքացին ակնկալում է կոնկրետություն, որը կամ կա, կամ չկա։ Եթե կա, ապա կմտածի, ծանրութեթեւ կանի ու կորոշի` աջակցել թե ոչ: Եթե չկա, ապա հերթական անգամ կլսի սիրուն խոսքեր՝ «հայտարարություն զուտ հայտարարության համար» ու կանցնի առաջ։