«Մարմնավաճառն ու գազավաճառը»․ ԵՄ-Բաքու «սիրախաղը» շարունակվում է

«Մարմնավաճառն ու գազավաճառը»․ ԵՄ-Բաքու «սիրախաղը» շարունակվում է

Փետրվարի 28-ին Եվրախորհրդարանն ընդունեց արտաքին քաղաքականության ու ԵՄ անվտանգության և պաշտպանության քաղաքականության վերաբերյալ 2 բանաձև, որոնցից յուրաքանչյուրում ԵՄ-ին կոչ է արեց անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը: 

Բանաձևերով կոչ արվեց նաև պատրաստ լինել թիրախավորված և անհատական պատժամիջոցներ սահմանելու Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության դեմ, կասեցնել նավթի և գազի ներմուծումը Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում, ինչպես նաև չեղարկել Ադրբեջանի հետ նոր գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները։
Առաջին հայացքից, սա հին մայրցամաքի քաղաքական նոր գնահատականն է Բաքվի շարունակական սադրիչ գործողություններին, և երկրորդ «ծանր ապտակը» Ադրբեջանի ղեկավարությանն ու անձամբ Ալիևին՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չվավերացնելուց հետո։ Բաքվի բռնապետն այնքան ծանր տարավ տարեսկզբին, իր վերընտրությունից առաջ, հասցված այդ ապտակը, որ մինչև հիմա բողոքում է այդ որոշման դեմ և սպանում ընդհանրապես լքել Եվրախորհուրդը։ 
Իրականում, Եվրոպան, միայն իրեն ու թեթև վարքի տեր անձանց բնորոշ շարժումներով, ապացուցեց, որ մի կողմից՝ շարունակում է «քաղաքական աճպարարությունն ու սիրախաղը Բաքվի հետ», մյուս կողմից՝ ներքին հակասություններ ունի՝ չխախտելով առանձին երկրների ու գործիչների անմեղության ու բարեխղճության կանխավարկածը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն, ի դեպ, արձագանքելով ԵԽ ընդունած զույգ բանաձևերին, հայտարարեց, թե այդ փաստաթղթերը «ոչ մի նշանակություն չունեն իրենց համար, ինչպես և դրանց նախորդները»։ Իր համայնքի դիրքորոշման «սնանկությունն ու անարժեքությունը», կամա թե ակամա, ապացուցեց նաև Եվրամիությունը, որքան էլ դա զավեշտալի հնչի։ Եվրամիությունը համաձայնության է եկել Ադրբեջանի հետ՝ ավելացնելու գազի մատակարարումները միության երկրներ։ Այս մասին երեկ Բաքվում հայտարարեց էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը։ 

«Այսօր մենք պայմանավորվեցինք մի շարք առանցքային հարցերի շուրջ։ Նախ՝ այս տարածաշրջանի բոլոր գործընկերներն ու շահագրգիռ կողմերը ձգտում են ավելացնել Ադրբեջանից գազի մատակարարումները։ Սա ներառում է մատակարարումների ավելացումը մինչև 20 միլիարդ խորանարդ մետր՝ ներառյալ 2027 թվականը։ Մեզ անհրաժեշտ կլինի նաև արդիականացնել գոյություն ունեցող գազային ենթակառուցվածքը»,- ընդգծեց եվրահանձնակատարն ու հավաստեց՝ պատրաստ ենք ընդլայնել համագործակցությունը էլեկտրաէներգիայի շուկայում։

Սիմսոնի և առհասարակ ԵՄ-ի «սերը Բաքվի ու նրա էներգետիկ բարեմասնությունների նկատմամբ», իհարկե, նորություն չէ։ 2022 թ․ հուլիսի 18-ին Ադրբեջանը և Եվրամիությունը՝ ի դեմս Ալիևի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, Բաքվում փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին էներգետիկ ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ։  Եվրոպացի պաշտոնյան Բաքու էր ժամանաել ԵՄ-ին ադրբեջանական գազի մատակարարման նոր համաձայնագիր ստորագրելու համար։ 

«ԵՄ-ն դիմում է էներգիայի ավելի հուսալի մատակարարների: Այսօր ես Ադրբեջանում եմ՝ նոր համաձայնագիր ստորագրելու համար։ Մեր նպատակն է մի քանի տարում կրկնապատկել Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարումները։ Ադրբեջանը կարևոր գործընկեր կլինի մեր մատակարարումների անվտանգության և կլիմայական չեզոքության ճանապարհին»,- այդ ժամանակ խանդավառության ծանուցել էր Լայենը, որի ադրբեջանական ուղևորությանը մասնակցել էր նաև նույն Քադրի Սիմսոնը։
Չմոռանանք, սակայն, որ գազի մատակարարների դիվերսիֆիկացման հարցը Եվրոպայի համար հատկապես արդիական է դարձել Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո։ Եվրահանձնաժողովը հայտարարել է մինչև 2030 թվականը ռուսական գազի ամբողջական մերժման անհրաժեշտության մասին՝ մշակելով համապատասխան ծրագիր, որը կոչվում է REPowerEU։ 

Բայց սա Եվրահանձնաժողովի ղեկավարի՝ Բաքվի հանդեպ «սիրո միակ խդրսևորումը»․ 2022 թ․ դեկտեմբերի 17-ին Ադրբեջանի, Վրաստանի և Հունգարիայի ղեկավարները Բուխարեստի Կոտրոցենի պալատում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ներկայությամբ ստորագրեցին կանաչ էներգիայի զարգացման և տրանսպորտի ոլորտում ռազմավարական գործընկերության համաձայնագիր: Գործարքի նպատակն է ապահովել էներգիա ստորջրյա փոխանցման տարբերակով, որը կարող է դառնալ էներգիայի նոր աղբյուր Եվրամիության համար՝ ուկրաինական հակամարտության հետևանքով առաջացած էներգակիրների մատակարարումների սահմանափակման պայմաններում:
Համաձայանգիրը ստորագրելուց հետո Լայենը մամուլի ասուլիսի ժամանակ խոստովանեց՝ Ադրբեջանը Եվրոպայի վստահելի գործընկերն է էներգետիկայի ոլորտում․ «Այս փաստաթուղթը էլ ավելի է մոտեցնում Եվրամիությանը Հարավային Կովկասի մեր գործընկերներին»։ Եվրոպացիների սերն անպատասխան չմնաց, Ադրբեջանի նախագահն էլ վստահեցրեց, «Մեր երկիրը ծրագրում է Եվրոպայի համար դառնալ էլեկտրաէներգիայի կարևոր մատակարար»։

Եվրոպա-Ադրբեջան սիրախաղի մի սերիալ էլ դիտեցինք այս տարվա փետրվարի 2-ին։ Ադրբեջանը Եվրամիության հուսալի գործընկերն է։ Այդ մասին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Վերջինս, այդուհանդերձ, դժգոհեց, որ ԵԽԽՎ-ում Ադրբեջանին զրկել են լիազորություններից և Եվրոպային մեղադրել անարդարության մեջ։ Չգիտես ինչու, նա այս որոշումը կապեց տարածաշրջանում խաղաղության հետ՝ սպառնալով, որ որոշումը «չի նպաստում դրա կայացմանը»։

Բայց, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ․ Եվրոպան և Ադրբեջանը կրկին «նույն անկողնում են» և շարունակում են իրենց շահադիտական կեղտոտ սիրախաղը․․․