Նախկին աշխատակիցը պնդում է` իրեն ապօրինի ազատել են աշխատանքից Փիլոյանի ժամանակ

Նախկին աշխատակիցը պնդում է` իրեն ապօրինի ազատել են աշխատանքից Փիլոյանի ժամանակ

Մեր խմբագրություն է ահազանգել ԱԻՆ նախկին աշխատակից Սերգեյ Ծատուրովը եւ պնդում, որ իրեն ոչ օրինական կերպով Անդրանիկ Փիլոյանի ժամանակ ազատել են աշխատանքից։

«Ես գործուղված կարգավիճակում ծառայում էի Սեւանի հրշեջ փրկարար ծառայությունում՝ որպես հրշեջ փրկարար։ Ֆելիքս Ցոլակյանի օրոք իմ կողքին իմ նախարարն էր, ինձ նա նշանակել էր Աբովյանում ծառայության, սակայն գործուղել էր Սեւան։ Ես դիմել եմ Ցոլակյանին, ասել եմ՝ ոչ անձնական տրանսպորտ ունեմ Աբովյանում, ոչ կարող եմ տուն վարձել, եթե ուշանամ աշխատանքից ծառայողական քննություն կնշանակվի։ Ես Սեւանցի եմ, խնդիր է առաջանում Աբովյան գնալու, չեմ կարող այդքան գալ-գնալ, մարդն ասաց՝ հարց չկա»։ 

Ըստ Ծատուրովի՝ ամեն ինչ դեպի վատն է գնացել, երբ Ցոլակյանից հետո Աինախարար է նշանակվել Անդրանիկ Փիլոյանը։

«Հետո նոյեմբերից եկավ Անդրանիկ Փիլոյանը, ես այդ ժամանակ կորոնավիրուսով էի վարակված, 2021 թվականի հունվարի 8-ին հրաման է տալիս՝ արի Աբովյան, ոնց ուզում ես Սեւանից գնա արի։ Ես էլ գրեցի նախարարին՝ չեմ կարա այդքան գնամ-գամ, փաստացի ապրում եմ Սեւան քաղաքում։ Մտնում եմ իր մոտ, ասում է՝ դե մտածի, ոնց գնաս-գաս,  հասկանո՞ւմ եք սենց բան։ Հնարավոր է, որ փող էր ուզում, որ գործուղումս մնար, ինքը տենց բան չի ասել, բայց իր խոսքերը՝ դե մտածի․․․․ես ասի՝ լավ։  Հետո ես ճողվածքի վիրահատություն տարա, եւ հունիսի դրությամբ ես լավացել էի։ Մեկ էլ օգոստոսի 31-ին իմ սմենն էր, չեմ կարողանում հասնել ծառայության վայր, ես բազմիցս իրեն ասել եմ, որ չունեմ հնարավորություն գնալ-գալու․․․․Ինձ աշխատանքից ազատում են սեպտեմբերի 2-ին՝ իբր ունեմ առողջական խնդիրներ։ Ես հասկանալով, որ այստեղ ինչ-որ բան է կատարվում, ես անցնում եմ MRT հետազոտություն։ Իրենք ռազմաբժշկական քննություն են արել, բայց կոպիտ խախտումներով։ Երբ, ես այդ թուղթն ունեցա, գնացի տարբեր հիվանդանոցներ,  ասում են, որ ես չունեմ խնդիր»։ 

Ծատուրովը դիմել է Վարչական դատարան իրեն ծառայությունից ազատելու համար։ Նախորդ ամիս նախնական դատական նիստ է տեղի ունեցել։ Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ գործը մտել է դատաքննության փուլ։

Նշենք, որ Անդրանիկ Փիլոյանը այժմ կալանքի տակ է։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝  քննվող քրեական գործի շրջանակներում արձանագրվել են ենթադրյալ հանցագործությունների կատարման բազմաթիվ դեպքեր, որոնցում ներգրավված են արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ինչպես նաև ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում` տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:

ԱԻՆ-ից Ծատուրովի աշխատանքից ազատման վերաբերյալ «Հրապարակ»-ին փոխանցեցին․

«Տեղեկացնում  ենք, որ պաշտոնաթող փ/ծ սերժանտ Սերգեյ Էդուարդի Ծատուրովը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի 31.08.2021 թվականի N 17/1764-Ա հրամանով ազատվել է աշխատանքից, ինչի համար հիմք են հանդիսացել Սերգեյ Ծատուրովի կողմից ներկայացված բժշկական փաստաթղթերը, որոնց հիման վրա  անցկացված ռազմաբժշկական փորձաքննության արդյունքում  նա ճանաչվել է ոչ պիտանի փրկարար ծառայության համար:

Ելնելով պարոն Ծատուրովի անձնական տվյալների պաշտպանությունից՝ այլ մանրամասներ չենք ներկայացնում»։