Կարևոր է, որ ճանաչումը ՀՀ անվտանգային համակարգի մի մաս դառնա, մեզ պաշտպանի Թուրքիայի և Ադրբեջանի ցեղասպանական նկրտումներից

Կարևոր է, որ ճանաչումը ՀՀ անվտանգային համակարգի մի մաս դառնա, մեզ պաշտպանի Թուրքիայի և Ադրբեջանի ցեղասպանական նկրտումներից

Ի՞նչ կտա Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, հաշվի առնելով, որ քաղաքական հստակ գնահատական է, որն այսօրվանից համարվում է ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ: Բայց այն չի հանգեցնելու որևէ փոխհատուցման, քանի որ Թուրքիան չի ճանաչել իր մեղքը։ Հարցն ուղղում ենք թուրքագետ Անուշ Հովհաննիսյանին։ Նա ասում է՝ իհարկե, կարևոր իրադարձություն է, որին ԱՄՆ-ն վերջին տարիներին գնում էր։ Հետևաբար՝ օրինաչափ։

«Կարծում եմ՝ ԱՄՆ-ի կողմից ճանաչումը կարող է դոմինոյի էֆեկտ ունենալ, և այլ երկրներ նույնպես սկսեն ճանաչել, սա` մեկ։ Եվ երկրորդ՝ սա ցուցիչ է, որ ԱՄՆ-ն իր քաղաքականությունը Թուրքիայի հանդեպ փոխում է, որովհետև մինչ այդ, վերջին պահին Թուրքիայի ճնշումների տակ նախորդ նախագահները հրաժարվել են։ Բայց հիմա կարևոր է, որ սա իսկապես դառնա քաղաքականության մի մաս, որ հետևողական լինի ԱՄՆ-ն ցեղասպանությունը դատապարտելու և ճանաչելու գործում։ Եվ դա դառնա ԱՄՆ միացալ քաղաքականության մի մասը, դրա համար մեր հայ լոբբիստները և ՀՀ կառավարությունը որոշակի դիվանագիտական աշխատանք կատարեն։ Դե, լոբբիստների վրա կասկած չունեմ, կառավարության առումով չեմ տեսնում, որ ընդգծված քաղաքական գիծ ունեն, հետևում են այդ գծին Ցեղասպանության ճանաչման հարցում, որովհետև համենայնդեպս, այս 3 տարվա ընթացքում որևէ ընդգծված քաղաքական հայտարարություն չեղավ։ Միայն Բայդենի հայտարարությունից հետո վարչապետի նամակն էր։ Բայց ընդհանուր առմամբ մշակված քաղաքականություն չեմ տեսնում։ Սա է կարևոր, որ դա դառնա քաղաքականության մի մաս»։

Անուշ Հովհաննիսյանը ամփոփելով ասում է, որ մեզ համար կարևոր է, որ Ցեղասպանության ճանաչումը ՀՀ անվտանգային համակարգի մի մաս դառնա։ Մեզ՝ Հայաստան պետությունն ու հայերիս, պաշտպանի Թուրքիայի և Ադրբեջանի ցեղասպանական նկրտումներից։ 

Հիշեցնենք, որ «America Magazine» պարբերականը Ջո Բայդենի կողմից ճանաչման նախօրին հայ-թուրքական հարաբերություններին անդրադարձել էր «Թուրքիան Ցեղասպանությունը շարունակում է առայսօր՝ հայ ժողովրդի դեմ չդադարող ագրեսիայի ձևով. դրա ճանաչումն ազդակ կլինի առ այն, որ Անկարայի անպատժելիության ժամանակաշրջանն ավարտվել է» վերնագրով։