Լավրովը Հայաստանին անվանեց օկուպանտ, ագրեսոր` Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթի հիման վրա

Լավրովը Հայաստանին անվանեց օկուպանտ, ագրեսոր` Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթի հիման վրա

«Հրապարակի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը:

- ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանը տասնյակ տարիներ օկուպացրել էր Ադրբեջանի 7 շրջանները, իսկ ՀՀ նախկին իշխանությունները հրաժարվում էին ՌԴ միջնորդությունից՝ ցանկանալով պահել գրաված տարածքները, որոնք իրենց չէին պատկանում: Լավրովի պնդմամբ` Ադրբեջանը վերադարձրել է իրեն պատկանող հողերը: Այս հայտարարությունն ընկալվել է յուրովի: Քաղաքական տարբեր շրջանակներ, այն ընկալել և մեկնաբանել են տարբեր կերպ: Ի վերջո` ի՞նչ հայտարարություն էր սա:

- Նախ պետք է հասկանալ, թե Լավրովն ինչի հիման վրա արեց այդ հայտարարությունը: Նրա խոսքով` Հայաստանն օկուպացրել է 7 շրջանները, սակայն պաշտոնապես Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմ չի եղել: Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը մշտապես եղել է այն, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակն է պատերազմել Ադրբեջանի հետ և հենց Ղարաբաղն է այդ տարաքծները գրավել որպես անվտանգության գոտի: Հիմա, երբ Սերգեյ Լավրովն ասում է Հայաստանն է օկուպացրել 7 շրջաններն, ունի մեկ հիմնական հիմք. 2020 թվականի նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթողթի տակ Նիկոլ Փաշինյանը պարտավորվել է իր հայկական բանակի զորքերը դուրս բերել այդ 7 շրջաններից, այսպիսով նա ընդունել է, որ այնտեղ Հայաստանի զորքերն են, սա է ողջ պրոբլեմը: Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի համաձայնագրով ընդունել է, որ 7 շրջաններում հայկական զորքեր են տեղակայված: Սերգեյ Լավրովի հայտարարությունն արվել է դրա հիման վրա, ինչը խիստ վտանգավոր է: Դա նշանակում է, որ Հայաստանն ագրեսոր է, պրոբլեմատիկ է դա այն առումով, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրելուց հետո կարող է նաև ռեպարացիաների հարց ներկայացնել` փոխհատուցում պահանջելով:

- Առհասարակ Նիկոլ Փաշինյանը հասկանո՞ւմ է, թե ինչ կետերի տակ է ստորագրել, թե՞ անգիտակցաբար արել է քայլեր` պատերազմը դադարեցնելու համար, որոնց խնդրահարույց լինելու մասին հասկանում է հիմա:

- Փաստն այն է, որ ստորագրվել է մի փաստաթղթի տակ, որի կործանարար հետևանքների մասին նույնիսկ այսօր լավ չենք գիտակցում: Ուրիշ բան, որ Փաշինյանը ստորագրեր մի փաստաթուղթ, որով պարտավորվում է ամեն հնարավոր բան անել, որպեսզի Արցախի պաշտպանության բանակի զորքերը դուրս բերվեն ինչ-որ ժամանակահատվածում, բովանդակային առումով գուցե դա լիներ նույնը, սակայն փաստաթղթով ամրագրված չէր լինի, որ այնտեղ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորքերն են:

- Թե հասարակության և թե քաղաքական ուժերի կողմից այս առումով շեշտադրումները բավականին պարզունակ արվեցին: Լավրովի ասածների մեջ շատերին ցավեցրել է 7 շրջանների ադրբեջանական լինելու հանգամանքը:

- Պարզունակ շեշտադրումներ արվեցին իշխանության և ընդդիմության կողմից: Ինչո՞ւ: Իշխանությունները հերթական առիթն ունեցան ցույց տալու, թե որքան վատ է մեզ համար ռուսական ուղղվածությունը, որ պետք է գնալ դեպի Արևմուտք, և այլն, և այլն…. Փաստորեն Սերգեյ Լավրովը Հայաստանին անվանեց օկուպանտ, ագրեսոր Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթի հիման վրա: Ընդդիմությունն էլ իր հերթին Լավրովին քննադատեց այն պատճառով, որ Լավրովն ասաց Հայաստանի նախկին իշխանություններն ուզում էին պահել այն տարածքները, որոնց նկատմամբ երբևէ հավակնություններ չեն ունեցել, մինչդեռ Հայաստանի նախկին իշխանությունների դիրքորոշումը եղել է այն, որ Հայաստանը պատրաստ է 7 շրջաններից 5-ը վերադարձնել Ադրբեջանին՝ պայմանով, որ Ադրբեջանը պարտավորվի ճանաչել Ղարաբաղի ինքնորոշման իրավունքն առանց սահմանափակումների, ընդհուպ` Ղարաբաղի լիակատար անկախություն: Նախկին իշխանություններն այդ տարածքները չեն վերադարձրել, քանի որ Ադրբեջանը չի համաձայնել այդ պայմանին: Այժմ ներկայացվում է լուրջ մեղադրանք նրանց ևս, ուստի նրանց պատասխանն էլ խիստ նյարդային էր:

- Լավրովը խոսեց նաև ՀԱՊԿ խաղաղապահ զորքի մասին, նշելով, որ ՀԱՊԿ-ը կկարողանա զորք տեղակայել՝ առանց ՄԱԿ-ի ԱԽ պատժամիջոցի: Ի՞նչ է սա նշանակում:

- Դա կարծում եմ մեզ առանձնապես չի վերաբերում, քանի որ մենք ՀԱՊԿ խաղաղապահ առաքելություն չունենք տարածաշրջանում, ունենք ռուսական խաղաղապահ առաքելություն, սակայն դա որևէ կապ չունի ՀԱՊԿ առաքելության հետ: Շատ ավելի կարևոր է այն, որ ՀԱՊԿ-ը չկարողանա որևէ երկրում առաքելություն իրականացնել, առանց տվյալ երկրի թույլտվության, այսինքն` եթե խոսվում է Հայաստանի մասին, պետք է լինի Հայաստանի համաձայնությունը: