Բայց նախագահի ինստիտո՞ւտ է մնացել, որ հարգենք, մոռացա՞նք, որ «Царь не настоящий»

Բայց նախագահի ինստիտո՞ւտ է մնացել, որ հարգենք, մոռացա՞նք, որ «Царь не настоящий»

Արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումների քննության ընթացքում ՍԴ-ն մերժեց որպես վկա հրավիրել նախագահ Արմեն Սարգսյանին: Միջնորդությամբ հանդես էր եկել ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը. դատավորն ուզում էր հենց նախագահից լսել, որ հունիսի 20-ը քվեարկության օր նշանակելիս նրա վրա որեւէ հարկադրանք չի եղել։ «Իմ ներքին համոզմունքը կայանում է դրանում, որ ես կասկածներ չունեմ, որ նախագահին հարկադրվել է, պարտադրվել է, բայց դատարանը պիտի անդրադառնա դրան, դատարանը պիտի գնահատական տա դիմողների կողմից բարձրացված հարցերին եւ գնա առաջ»,- ասաց Թովմասյանը: 

Հիշեցնենք, որ ընտրությունը հունիսի 20-ին անցկացնելու մասին առաջինը հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը, ինչը Սահմանադրության խախտում է: Ու մինչ բարձր դատարանը կմերժեր նախագահի աթոռը զբաղեցնող անձին դատարան հրավիրելու միջնորդությունը, իշխանականները սկսեցին մի աղմուկ բարձրացնել, սուգ ու շիվան կապել, թե բա՝ մեր նախագահի ինստիտուտը չեն հարգում: Ու այս մարդիկ կարծես թե մոռացել են, որ Արմեն Սարգսյանի նախագահած ինստիտուտի առաջին գնահատականը տվել է հենց իրենց քաղաքական առաջնորդը, ով դեռեւս ընդդիմադիր եղած ժամանակ էր հայտարարել, որ «царь не настоящий»: Մոռացել են, որ արդեն երեք տարի Հայաստանում ոտնահարվում է թե՛ ՀՀ սահմանադրությունը, թե՛ նախագահի ինստիտուտը:

Բայց այնպես չէ, որ հենց միայն Փաշինյանի իշխանության օրոք սկսեցին ոչնչացնել նախագահի ինստիտուտը. դեռեւս Սերժ Սարգսյանի ձեռամբ գրեթե զրոյացվեցին նախագահի լիազորությունները, նրան թողնվեց մեկ կարեւոր լիազորություն ու պարտականություն՝ պահպանել երկրի սահմանադրական կարգը: Ու այդ կարգը պահելու համար Սերժ Սարգսյանը պեղեց-գտավ մի մարդու, ով երբեք աչքի չի ընկել կամային ուժեղ հատկություններով, ում չի մտահոգում Հայաստանն իր խնդիրներով, ապագայով, իր լինելությամբ: Արմեն Սարգսյանը դարձել է միայն երկրի վարչապետի կամայականությունները վավերացնող «ստորագրիչ»։

Կարեւոր չէ՝ վարչապետը Սերժ Սարգսյանն է, թե Նիկոլ Փաշինյանը: Արմեն Սարգսյանն ամեն ինչ կստորագրի, քանի որ նրա համար Հայաստանն ընդամենը հանգստավայր է, որտեղ եկել է «հյուրախաղերի», պետության հաշվին առոք-փառոք ապրելու, ուտել-խմելու, շրջագայություններ անելու: Արդեն երեք տարի նա՝ երջանիկ ժպիտը դեմքին, անտեսում է սահմանադրական կարգի ոտնահարումները, հլու-հնազանդ ստորագրում այն թղթերը, որոնք իր առջեւ դնում է Փաշինյանը: Արմեն Սարգսյանը, ով պարտավոր էր պահպանել երկրի սահմանադրականությունը, մի գիշերվա մեջ ստորագրեց մի թուղթ, որով մեկ մարդու կամայականությամբ ոտնձգություն կատարվեց մեր երկրի ՍԴ-ի նկատմամբ:

Արդեն երեք տարի կոպտորեն խախտվում է երկրի մայր օրենքը. Սահմանադրության խախտմամբ Փաշինյանը գլխավոր եւ պատասխանատու զինվորական ու այլ պաշտոնյաների է հեռացնում, իր ուզած մարդկանց է պաշտոնի նշանակում, երկրի սահմաններն են փոփոխվում, խախտվում են մայր օրենքի տարբեր դրույթներ, բայց նախագահի աթոռը զբաղեցնողը դրանք կա՛մ չի տեսնում, կա՛մ չտեսնելու է տալիս: Հայաստանում Սահմանադրությունը բզկտված ու հոշոտված է ու ո՛չ պաշտպան ունի, ո՛չ տեր: Հիմա եկել են ու թե՝ նախագահի ինստիտուտը հարգեք…