Ամեն ինչ շատ պարզ է՝ մասնագիտացված դատարանները քաղաքական պատվեր են կատարելու

Ամեն ինչ շատ պարզ է՝ մասնագիտացված դատարանները քաղաքական պատվեր են կատարելու

ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանի բոլոր հիմնական մրցակիցները ժամանակին տարբեր քրեական գործերով անցնող մեղադրյալներ էին, եւ այն ժամանակ բոլորի հետ կապված՝ դատարանները որոշումներ էին ընդունել՝ ոչ իշխանահաճո որոշումներ: Վերհիշենք դրանք․

2020 թվականի նոյեմբերի 16-ին դատավոր Մարինե Մելքոնյանը մերժեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին կալանավորելու միջնորդությունը: Արթուր Վանեցյանը մնաց ազատության մեջ:

2019 թվականի մայիսի 18-ին դատավոր Դավիթ Գրիգորյանը  հրապարակեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշումը, որի համաձայն` Քոչարյանը կալանքից ազատ արձակվեց անձնական երաշխավորության դիմաց: 

2020 թվականի հունիսի 21-ին դատավոր Ռոբերտ Պապոյանը մերժեց Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը՝ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ, իսկ հուլիսի 20-ին վերաքննիչ քրեականի դատավոր Մխիթար Պապոյանը մերժեց դատախազության բողոքը, եւ Ծառուկյանը մնաց ազատության մեջ:

Եղել են բազմաթիվ այլ որոշումներ, որոնք ապացուցում են, որ Հայաստանում դատարանները վերջապես ազատվել էին իշխանության թելադրանքից եւ ունակ էին տեսանելի արդարադատություն իրականացնել: Գոնե այդ ճանապարհին էին։ 

Սակայն իշխանությունը համարեց, որ այս իրավիճակն անթույլատրելի է, եւ որոշեց հիմնել մասնագիտացված դատավորների ինստիտուտը, որի մասին խոսվում է մեկ տարուց ավելի։ Պաշտոնական հիմնավորումն այն է, որ ներդրվում է քրեական գործերի քննության ժամկետները կրճատելու, կալանքի ու ձերբակալության հարցերն առանձնացնելու համար, սակայն հիմնավոր կասկածներ կան, որ նպատակն անհնազանդ «հին» դատավորներից ազատվելն է, նախկիններին վերաբերող հանցագործությունների քննությունից նրանց հեռու պահելը:  
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին կառավարությունը որոշում ընդունեց դատավորների թվակազմն ավելացնելու վերաբերյալ: Ըստ այդմ՝ Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը կավելանա 8 դատավորով, մյուս մարզերի քրեական մասնագիտացման դատավորներինը՝ 9 եւ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորների թվակազմը՝ 3 դատավորով:

Նախարարությունից հայտնում են, որ մասնագիտացված դատարանների ստեղծման գործընթացը կտեւի երեք ամիս: «Առաջիկա երեք ամիսների ընթացքում պետք է բոլոր թեկնածուները ներգրավվեն, ընտրվեն, ուսուցանվեն, պետք է ցուցակ կազմվի։ Դրանից հետո կլինի նշանակման գործընթացը, որը կտեւի մոտ մեկ ամիս»,- հայտնում է նախարարության խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը։ Ըստ նրա՝ մարզային դատավորները կտեղավորվեն մարզային դատարանների շենքերում, իսկ Երեւանի դատավորների ավելացած թվակազմի համար նոր շենքային պայմաններ կապահովվեն: Գործընթացն այս եւս տեղի է ունենում: 

Դատավորների քանակն ավելացնելու անհրաժեշտություն, անշուշտ, կա՝ գտնում է ԲԴԽ կասեցված լիազորություններով նախագահ, նախկին դատավոր Ռուբեն Վարդազարյանը, բայց ասում է, թե տեղեկություն չունի, որ իշխանությունները կամ ԲԴԽ-ն դատավորների թվակազմն ավելացնում են կամակատար դատավորներ ունենալու նպատակով: Այսինքն՝ հիմնավոր չե՞ք համարում կասկածը, որ քաղաքական նկատառումներով է փոփոխությունն արվում, որ հետագայում նոր դատավորներն իշխանության թելադրանքով աշխատեն:

«Դա կախված է Բարձրագույն դատական խորհրդից, թե արդյոք պայմանով կընդունի՞ այդ դատավորներին, թե՞ իրականում կանցկացվի դատավորների մրցույթ, պրոֆեսիոնալ դատավորներ կնշանակի եւ պայմանը կդնի բացառապես օրենքով աշխատելը: Պետք է դրա մասին համապատասխան ինֆորմացիա ունենալ, որ նման պայման չի դրվել կամ որ պայման է դրվել, հակառակը՝ քաղաքական հետապնդման դեպքում կալանք տալ, խուզարկության սանկցիա տալ, բավարարել դատախազության միջնորդությունները: Ամբողջը կախված է քաղաքական կամքից: Եթե իշխանությունները, ԲԴԽ-ն դատավորներ ընտրելիս ու նշանակելիս առաջնորդվի բացառապես օրենսդրական դրույթներով, օրենքով, ապա քանակն ավելացնելը շատ ողջամիտ է: Մյուս դատավորները բավականին կձերբազատվեն ծանրաբեռնվածությունից, եւ կարելի կլինի ավելի ճիշտ կազմակերպել աշխատանքները: Իսկ եթե դա քաղաքական որոշում լինի՝ այդ դատավորներին քաղաքականացնել ու ասել, որ, այ, դուք պետք է միշտ լինեք դատախազության ու քննչականի կողմը, ես դա շատ բացասական եմ գնահատում»:  

Դժվար է հավատալ, որ պայման է դրվելու բացառապես օրենքով աշխատելը: Այս պահին, համենայնդեպս, ԲԴԽ-ն օրենք է խախտում, չի կատարվում Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով բավարարվել է նրա բողոքը՝ իրեն որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ։ Հիշեցնենք․ նրան մեղադրում են պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ արդարադատության իրականացմանն ու քննությանը խոչընդոտելու համար: Մի՞թե սա բավական չէ՝ համոզվելու համար, որ այս մարմնի համար օրինականությունը սկզբունք չի լինելու, արդյո՞ք սա խախտում չէ: «Դա միանշանակ խախտում է, երբ որ դատախազությունը չի կատարում դատարանի որոշումը; Իմ խորին համոզմամբ՝ կգա մի օր, չգիտեմ, թե երբ է գալու այդ օրը՝ մեկ, երկու, թե երեք տարի հետո, բայց այն դատախազն ու քննիչը, որոնք որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չեն կատարում, ենթարկվելու են քրեական պատասխանատվության»: 
Փաստաբան Մուշեղ Շուշանյանը կարծում է, որ ճիշտ կլիներ, եթե հենց կալանքի հարցով մասնագիտացված դատավորներ լինեին: Բայց միայն այն դեպքում, եթե ունենայինք անկախ, ինքնիշխան եւ իրավական պետություն:

«Իսկ այս պայմաններում, երբ իշխանության եկած ուժը փորձում է ռեպրեսիվ մեքենան գործի դնել, ակնհայտ է ու հասկանալի, որ իրենք բոլորովին այլ նպատակներ են հետապնդում: Այլ կերպ ասած՝ մենք գիտենք, որ չհեղափոխությունից ի վեր բազմաթիվ դեպքերի ենք ականատես եղել, որ դատարանները քաղաքական ենթատեքստ ունեցող կալանավորման միջնորդությունները չեն բավարարել, եւ դա Փաշինյանի իշխանության համար լուրջ խնդիր է եղել: Եվ հիմա ամեն ինչ շատ պարզ է՝ այս մասնագիտացված դատարանների ներմուծմամբ հենց փորձ է արվում այդ խնդիրը լուծել, այսինքն՝ որ ամեն ինչ լինի հարթ ու սահուն, ում վրա որ քաղաքական հետապնդման պատվեր տա իշխանությունը, ի կատար ածվի: Այլ նպատակ չկա»: