Դատավորների մեղքն է, որ Ջհանգիրյանը կարողացել է իրենց «իրենով անել». Ռուբեն Վարդազարյան

Դատավորների մեղքն է, որ Ջհանգիրյանը կարողացել է իրենց «իրենով անել».  Ռուբեն Վարդազարյան

«Պարոն Ջհանգիրյանի պաշտոնավարման վերաբերյալ ես իմ կարծիքը հայտնել եմ մինչև նրա ընտրվելը. գտնում եմ, որ նա չպետք է ընտրվեր ԲԴԽ անդամ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»։ Այս մասին, այսօր Դատավորների միության 25-ամյակին նվիրված միջոցառմանը լրագրողների հետ զրույցում ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը (լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են) պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի աշխատանքը։

Լրագրողի դիտարկմանը, թե մամուլում կան հրապարակումներ, որ Ջհանգիրյանը կարողացել է որոշ դատավորների «իրենով» անել և այժմ էլ պատրաստվում է հրաժարվել պաշտոնից, Վարդազարյանն ասաց. «Եթե նա կարողացել է դատավորներին իրենով անել, ապա ես գնահատում եմ, որ դա ոչ թե պարոն Ջհանգիրյանի, այլ էդ դատավորների մեղքն է։ Եթե այդքան շուտ և հեշտ կարող էին կոտրվել, ապա երևի թե այդ մարդիկ արժանի չէին դատավորի բարձր կոչմանը»։

ԲԴԽ՝ իր վերադարձը Ռուբեն Վարդազարյանը համարեց անհնար, մինչև իր նկատմամբ հարուցված քրեական գործը չավարտվի։

Նա նշեց, որ ըստ օրենքի, եթե Ջհանգիրյանը հեռանա, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար կդառնա ԲԴԽ-ի տարիքով ավագ անդամը, իսկ դա Ստեփան Միքայելյանն է:

Վարդազարյանը նաեւ նշեց, որ վերջին օրենսդրական փոփոխությունների ներքո ԲԴԽ-ն դարձել է քաղաքական կամ կիսաքաղաքական մարմին։

Ռուբեն Վարդազարյանն անդրադառնալով նրան, որ ԲԴԽ-ն թույլ տվեց դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել, Վարդազարյանն ասաց, որ ինքը գործի նյութերին ծանոթ չէ եւ չի կարող հստակ ասել, որ եթե ինքը լիներ ԲԴԽ-ում, թույլ կտա՞ր, թե թույլ չէր տա: