Վեթինգը զտում չէ, գնահատում է և որևէ նվաստացուցիչ գործընթաց իրենից չի ենթադրում․ Աննա Վարդապետյան

Վեթինգը զտում չէ, գնահատում է և որևէ նվաստացուցիչ գործընթաց իրենից չի ենթադրում․ Աննա Վարդապետյան

«Անցումային արդարադատության վերաբերյալ տարբեր տեսակետներ են արտահայտվում, բայց միջազգային իրավական բոլոր փաստաթղթերում անցումային արդարադատությունն ամրագրված է որպես գործիքների, կառուցակարգերի ամբողջություն, որը նպատակ ունի ապահովել հասարակության անցումը մի ֆորմացիայից, մի իրավիճակից դեպի մյուսը»,- այսօր ԱԺ-ում անցումային արդարադատության վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարեց արդարադատութան փոխնախարար Աննա Վարդապետյանը։ 

Նա նշեց, որ անցումային արդարադատության մասին խոսելիս շատ հաճախ իրավաբանները, քաղաքագետները նշում են, թե խոսքը պատերազմական պետությունների, արյունահեղությունների մասին է, և, չգիտես ինչու, մոռանում են նշել, որ զանգվածային խախտումները կարող են լինել ոչ բռնությամբ դրսևորում, կարող են լինել քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային բազմաթիվ զանգվածային խախտումներ, որոնք, ի վերջո, բերում են հասարակության մեջ ժողովրդավարական արժեքների նվազեցման։

«Այս պատճառով պետությունը՝ ինքը, ազատ է ընտրել, թե ինչ կառուցակարգ և ինչ գործիք է օգտագործելու։ Եթե պետությունը ցանկություն է արտահայտում օգտագործել անցումային արդարադատության գործիքները, դա չի նշանակում, որ հակված է և պարտավորված է բոլոր գործիքները հատ-հատ կիրառել։ Յուրաքանչյուր պետություն ինքն է ընտրում, թե ինչ գործիքակազմ է իրեն անհրաժեշտ՝ լրացնելու այն գործիքակազմը, որ ինքն ունի»,-ասաց արդարադատության փոխնախարարը։

Ըստ նրա՝ շատ հաճախ հնչող կարծիքներում իրավաբանները փորձում են տարանջատել, սեպ խրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Եվրոպական կոնվենցիայի և ՄԱԿ-ի՝ անցումային արդարադատության վերաբերյալ միջազգային փաստաթղթերի միջև։ «Անցումային արդարադատության բոլոր գործիքները միտված է մի բանի՝ հաշտեցման, եթե հասարակության մեջ կա դիսոնանս, և անցումային արդարադատության յուրաքանչյուր գործիք պետք է մեկնաբանվի այս լույսի ներքո՝ հաշտեցման»,- ասաց նա։

Այնուհետև անդրադարձավ «վեթինգ» տերմինին, որի մասին հայտարարել էր վարչապետը, որ դատավորները պետք է ենթարկվեն վեթինգի։ 

«Ցավոք, իմ գործընկերներից շատերը վեթինգը բառացի թարգմանում են որպես զտում։ Այս առումով, կարծում եմ, տառացի մեկնաբանությունն ավելորդ իմաստային շփոթ է առաջացնում։ Վեթինգը գնահատման գործընթաց է, գնահատում, որը ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի լույսի ներքո ունի հստակ պահանջներ՝ լինել կանխատեսելի և թափանցիկ։ Շատ հաճախ իմ գործընկերներն օրինակ են բերում Արևելյան Եվրոպայի երկրները, որտեղ «վեթինգ» բառը չեն կիրառում, «լյուստրացիան» են կիրառում, որը վեթինգի շատ ավելի խիստ դրսևորումն է, և այսօր չի խրախուսվում, իհարկե, և նշում են, որ ոչ մի դրական օրինակ չկա։ Շատ երկրների փորձով, այո, չկա։ Ինչո՞ւ, որովհետև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ունի վեցերորդ հոդված, որը կոչվում է արդար դատաքննության օրավունք։ Արդար դատաքննության իրավունքը յուրաքանչյորիս իրավունքն է՝ անկախ նրանից, թե ինչ գործընթացի միջով ենք մենք անցնում։ Եվ, այս առումով, վեթինգի գործընթացը պետք է ապահովի պատշաճ հավասարակշռությունը՝ իրավունքների տեսանկյունից, այն հանրային պաշտոն զբաղեցնող անձի, որն անցնում է այս գործընթացը, և հասարակության միջև, որն ակնկալիք ունի այս գործընթացից։ Եվ որևէ դեպքում որևէ նվաստացուցիչ գործընթաց սա չի ենթադրում։ Չի կարող լինել զտում, ֆիլտրում, սա գնահատում է»,- ասաց փոխնախարարը։

Աննա Վարդապետյանն իր այս ելույթով թերևս ակնարկում և հեռահար պատասխանում էր արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, քանզի հենց նա էր իր ելույթներում պնդում, որ «վեթինգ»՝ նշանակում է զտում, ֆիլտրում, և որ այն կիրառվել է Արևելյան Եվրոպայի երկրներում, մասնավորապես՝ հետպատերազմական իրավիճակներում։