Սորոսական նախարարություն եւ մամուլից խուսափող փոխնախարարներ

Սորոսական նախարարություն եւ մամուլից խուսափող փոխնախարարներ

Արդարադատության նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանը նախարարությունը համալրում է սորոսականներով, իրականացնում է սորոսականների ծրագրերը եւ սորոսական մթնոլորտ է ձեւավորում իր ղեկավարած նախարարությունում։ Սեպտեմբերի 30-ին Անդրեասյանն իր տեղակալ նշանակեց Երանուհի Թումանյանցին, որը ժամանակին ՄԻՊ Կարեն Անդրեասյանի տեղակալն է եղել։ Նրա ողջ գործունեությունը ՀԿ սեկտորում է կայացել՝ մասնակցել է Սորոսի հիմնադրամի կազմակերպած տարբեր ծրագրերին։ Այսօր փոխնախարարն ԱԺ-ում առաջին անգամ նախագիծ էր զեկուցում, որից հետո փորձեցինք նրան հարցեր ուղղել` հրաժարվեց պատասխանել։

Նախարարի մյուս տեղակալը` Քրիստինե Գրիգորյանը, որն այդ պաշտոնին նշանակվել էր դեռ Ռուստամ Բադասյանի օրոք, նույնպես հետ չի մնում նրանից: Նա էլ է լծվել սորոսականների ներկայացրած բարեփոխումներն առաջ տանելու գործին։ Երկու կին փոխնախարարներն էլ, թեեւ քաղաքացիական հասարակության հետ սերտ առնչություններ ունեն, բայց մամուլի հետ «չունեն»` երկուսն էլ լրագրողներին հարցազրույցներ չեն տալիս՝ հղում անելով նախարարի հորինած ինչ-որ «կարգի»:

Փոխարենը շատ ակտիվ մասնակցում են սորոսականների կազմակերպած սեմինարներին, ասուլիսներին։ Վաղն էլ նման մի ասուլիս-քննարկում ունի Քրիստինե Գրիգորյանն` Արթուր Սաքունցի հետ, Մեդիակենտրոնում։ Այս մարդիկ, փաստորեն, իրենց համար կոմֆորտ զոնա են ապահովել երկրի ամենակարեւոր նախարարություններից մեկում և, զբաղեցնելով քաղաքական պաշտոն, իրենց հեռու են պահում լրագրողների հետ «օրակարգից դուրս» շփումներից, նրանց հարցերին պատասխանելուց: Նրանցը բարձր պարգեւավճարներ ստանալն է, հաճախակի գործուղումների մեկնելը եւ տարբեր սորոսական ՀԿ-ների թելադրած ծրագրերն իրականացնելը: