Իսկ գուցե Սեւ լճի հարցո՞ւմ էլ Ադրբեջանի հետ գաղտնի պայմանավորվածություն է կայացվել

Իսկ գուցե Սեւ լճի հարցո՞ւմ էլ Ադրբեջանի հետ գաղտնի պայմանավորվածություն է կայացվել

Արդեն պարզ է, որ Սյունիքի Իշխանասարի շուրջ ստեղծված իրավիճակը պարզապես ընթացիկ հետպատերազմյան լարվածության հերթական դրվագ չէ, այլ Հայաստանի տարածքի օկուպացիա, զավթում, որի վերաբերյալ, չգիտես ինչու, Հայաստանի իշխանություններն օլիմպիական հանդարտություն են պահպանում, մատը մատին չեն խփում, եւ Սեւ լիճն արդեն մի քանի օր է՝ շարունակում է մնալ ադրբեջանցիների վերահսկողության տակ։ 

Մայիսի 12-ին, կեսգիշերին մոտ Նիկոլ Փաշինյանի հրավիրած անվտանգության խորհրդի նիստից պարզ դարձավ, որ  ադրբեջանական զինված ուժերի գործողություններն «անհանդուրժելի են Հայաստանի համար», Փաշինյանը մի քանի անգամ հատուկ շեշտեց, թե կրակոցներ, զոհեր, վիրավորներ չեն եղել: Այսինքն՝ ճիշտ է, թշնամին մի 3-4 կմ ՀՀ տարածք է օկուպացրել Հայաստանից, բայց կարեւորը, որ դա առանց կրակոցների է եղել՝ խաղաղ  ճանապարհով։ Իսկ իրենց անելիքների մասով Փաշինյանը հայտարարեց, թե դեռ քննարկում են։ Այդուհանդերձ, ինչո՞ւ Հայաստանն ի սկզբանե համապատասխան միջոցներ չի ձեռնարկել եւ չի կրակել սահմանախախտների ուղղությամբ։

Ինչո՞ւ սահմանախախտներին գերի չեն վերցրել, այդ ինչպե՞ս  ադրբեջանցիներին հաջողվեց անարգել հատել մեր սահմանի մի քանի կիլոմետրը՝ այն դեպքում, երբ մանավանդ Նիկոլ Փաշինյանը հատկապես վերջերս հաճախակի է մարդկանց ականջներից լապշաներ կախում, թե Սյունիքն այսօր անվտանգ է։ Մասնավորապես, խորհրդարանում վարչապետի թեկնածուի իր ելույթում օրերս Փաշինյանն ասաց, թե Սյունիքի մարզում հիմնադրվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի երկու նոր հենակետ։ 

«Այդ նոր հենակետերի հիմնադրումը լրացուցիչ երաշխիք է Սյունիքի մարզի եւ ընդհանրապես ՀՀ անվտանգությունն ապահովելու համար: Սա շատ կարեւոր արձանագրում է: Ես նախկինում էլ անդրադառնալով ասել եմ՝ խնդիրն այն է, որ անվտանգային այն համակարգը, որը մենք ունեցել ենք եւ ունենք, տարածվել է ՀՀ-ի սահմանների վրա: Իսկ որո՞նք են այդ սահմանները՝ այդ սահմանների նկարագրությունը տվել է ՀՀ Ազգային ժողովը 2010 թվականին ընդունված վարչատարածքային բաժանման մասին օրենքով»։ Դրանից առաջ Վայոց Ձորում էլ նա խոսում էր, որ «մեր երկրի անվտանգության համակարգը հիմնված է հայ-ռուսական ռազմավարական, ռազմաքաղաքական դաշինքի վրա: Զուտ անվտանգային նկատառումներով, մենք Ռուսաստանի հետ ունենք միացյալ զորախումբ եւ Ռուսաստանի հետ ունենք կովկասյան տարածաշրջանում միասնական հակաօդային պաշտպանության համակարգ:

Եվ հարձակումը Հայաստանի վրա նշանակում է հարձակում Ռուսաստանի Դաշնության վրա»։ Ինչո՞ւ են ՀՀ իշխանությունները հապաղում դաշնակիցներից օգնություն խնդրել, եթե հարցը կարող են անգամ ՀԱՊԿ-ի օրակարգում քննարկել։ «Ես կարծում եմ, որ մեր անելիքների մասով ճիշտ կլինի Աննա Նաղդալյանի հետ խոսեք, ինքը կտեղեկացնի՝ ինչ քայլեր են արվում»,- երեկ ԱԳՆ մամուլի խոսնակի կողմն ուղղորդեց ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Վիկտոր Բիագովը։ Նա չցանկացավ պատասխանել հարցին՝ Սյունիքի իրադարձությունները ՀԱՊԿ-ում քննարկման առարկա կդառնա՞ն, թե՞ ոչ, անգամ չասաց՝ ՀՀ արտգործնախարարությունը դիմե՞լ է ՀԱՊԿ-ին, թե՞ կարծում են, որ երկկողմ՝ հայ-ռուսական ռազմավարական դաշինքի համատեքստում է պետք լուծում տալ։ Միայն պարզեցինք, որ պարտադիր է կառույցին պաշտոնապես դիմելը, եթե ուզում ենք, որ խնդիրը քննության առարկա դառնա։ Ավելի ուշ Բիագովը հանդես եկավ հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստի ժամանակ  «տեղեկացրել» է Սյունիքի դեպքերի մասին, եւ «ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ստեղծված իրավիճակը հեռախոսով քննարկել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի եւ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ: ՀԱՊԿ-ն ուշադրությամբ հետեւում է Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրադրության զարգացմանը:

Իրադրության զարգացմանը զուգընթաց, անհրաժեշտության դեպքում, գործողություններ կձեռնարկվեն՝ Հավաքական անվտանգության պայմանագրի եւ ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին համապատասխան»,-նշված է Բիագովի հայտարարության մեջ։

Իսկ Աննա Նաղդալյանը մեր զանգերը թողեց անպատասխան, եւ չկարողացանք պարզել՝ բացի «տեղեկացնելուց», պաշտոնապես դիմելո՞ւ են ՀԱՊԿ-ին, թե՞ դրա կարիքն առայժմ չկա։
Ողջ օրը ընդհատակ էին անցել նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի իմքայլական պատգամավորները։ «Հենակետ վերլուծական կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար, պաշտպանական հարցերով զբաղվող Տիգրան Աբրահամյանի կարծիքով, վերջին օրերի զարգացումներում բավականին մութ դրվագներ կան, որոնք պետք է պարզաբանվեն քաղաքական իշխանությունների կողմից։ Նրա խոսքով՝ այս միջադեպը պետք է լուրջ քննության առարկա դառնա՝ «պարզելու, թե արդյոք քաղաքական որոշման արդյունքո՞ւմ է, որ համապատասխան պաշտպանություն չի իրականացվել սահմանային այդ հատվածում, ինչի արդյունքում թշնամին կարողացել է 3.5 կմ մխրճվել դեպի մեր պետական սահմանը, իսկ եթե չկա որոշում, եւ պաշտպանության նախարարությունը ֆունկցիոնալ պարտականությունները չի կատարել, դա հարցի մյուս կողմն է։ Բոլոր դեպքերում՝ պետք է լուրջ քննություն տարվի»։

Հայ-ռուսական հարաբերությունների, Հայաստան-Ռուսաստան պայմանավորվածությունների եւ դաշնակցության մասով Աբրահամյանը նկատում է․ «Բնական է, որ բոլոր դետալները չեն հրապարակվում, բայց հասկանալի է, որ կա ընդհանուր աշխատանքի բաժանում՝ կապված անվտանգության հարցերով ընդհանուր համագործակցության մասով, եւ, դժվար է ասել, թե որ կողմն ինչ պարտավորություններ ունի ստանձնած, համատեղ խնդիրներն ինչ ձեւով պետք է կարգավորվեն։ Ռուսաստանի հետ միացյալ զորախումբն ունի իր գործառույթները, 102-րդ ռազմաբազան ընդլայնել է իր գործունեությունը եւ հենակետեր է հիմնել Սյունիքի մարզում, բայց պարզ չէ, թե ինչ խնդիրներ է լուծում եւ որ ուղղությամբ։ Սրա մասին, այս հարցադրումների պատասխանները պետք է տա երկրի քաղաքական ղեկավարությունը»։ Միայն այդ ժամանակ, ըստ Աբրահամյանի, հնարավոր կլինի գնահատականներ տալ, երբ հասկանալի կլինի, թե ով ինչ պարտավորություններ ուներ եւ ով ինչ պիտի կատարեր ու չի կատարել․ «Եվ ընդհանրապես, դեռ պարզ չէ՝ ՀՀ իշխանությունը դիմե՞լ է ռուսական կողմին՝ որեւէ ձեւով այս կոնֆլիկտը կարգավորելու համար»։

Աբրահամյանը հիշեցնում է, որ հետպատերազմական փուլում գաղտնի պայմանավորվածությունների հիման վրա հայկական վերահսկողության տակ գտնվող մի շարք տարածքներ են հանձնվել Ադրբեջանին, նաեւ կարծիք հայտնում՝ գուցե Սեւ լճի վերաբերյալ եւս կա նման բանավոր պայմանավորվածություն․ «Օրինակ, պատերազմից հետո բանավոր պայմանավորվածությունների արդյունքով հանձնված տարածքներն են Սանասարը՝ նախկին Կուբաթլուն, Կովսականը՝ Զանգելան, դրանց այն հատվածները, որոնք պետք է մնային հայկական վերահսկողության ներքո, բայց հանձնվեցին։

Նույնը դեկտեմբերին Հադրութի շրջանի Խծաբերդ եւ Հին Թաղեր համայնքների մասին է, երբ նոյեմբերի 9-ից հետո մեր վերահսկողության տակ պիտի մնային, բայց պարզվեց, որ  բանավոր պայմանավորվածությունների արդյունքում Հայաստանի վարչապետը հանձնել է։ Հենց միայն վերջին վեց ամսվա իրադարձությունները ցույց են տալիս, որ իշխանությունը ամենակարեւոր՝ անվտանգային հարցերում խուսափել է հանրությանը տեղեկացնելուց եւ գաղտնի որոշումներ է կայացրել, եւ այս դեպքում էլ կարող է լինել այլ պայմանավորվածություն, որի մասին հանրությունը չգիտի, բայց Ադրբեջանի հետ կա որոշակի պայմանավորվածություն, որոնք իրականացվում են»։ Աբրահամյանի համոզմամբ՝ եթե զիջենք ՀՀ տարածքում էլ, ապա Ադրբեջանը կշարունակի է իր հավակնությունները։