Զարեհ Սինանյանը հանձնառու է քայքայելու Հայաստան-Սփյուռք կապերը

Զարեհ Սինանյանը հանձնառու է քայքայելու Հայաստան-Սփյուռք կապերը

Սփյուռքի հարցերով վարչապետի հատուկ հանձնակատար Զարեհ Սինանյանն այս օրերին գտնվում է Միացյալ Նահանգներում։ Գլենդելում հայ համայնքի ներկայացուցիչները նրա հետ հանդիպումը վերածել են ցույցի` «Նիկոլ, դավաճան», «Զարեհ, դավաճան» վանկարկումներով ընդունել, Արցախի դրոշն ու այլ պաստառներ պարզել։ Թեմայի շուրջ զրուցել ենք գրականագետ, սփյուռքի նախկին փոխնախարար Սերժ Սրապիոնյանի հետ։

-Ինչո՞վ է պայմանավորված Գլենդելի հայ համայնքի նման վերաբերմունքը  Զարեհ Սինանյանի նկատմամբ։

- Զարեհ Սինանյանն ի՞նչ կապ ունի Սփյուռքի հետ։ Նրան բերեցին, որ Սփյուռք-Հայաստան կապերը, որը տասնյակ տարիների ընթացքում իսկապես համառ աշխատանքներ էր տարել և երեք արժեք գոյացրել՝ Հայաստան-Սփյուռք-Արցախ, այդ կապերը քանդեր, ջնջեր, ոչնչացներ։ Եվ սա` նրա համար, որ Արցախը հանձնվի։ Զարեհ Սինանյանն աշխատում է հենց այս ուղղությամբ։ Հայաստանի ոչ բարով ներկայացուցիչը կծկված, ծեծված, մի անկյուն նետված կատվի նման պարզապես այդ համաժողովներին կամ ներկա է, կամ ներկա չի։ Որովհետև Սփյուռքի գործոնն էապես թուլացրել են։ Եվ Զարեհ Սինանյանի նմանատիպ դիմավորումը, ես կարծում եմ, այդ արածների տրամաբանական գնահատականն է, որին Սփյուռքը տալիս է։ Այդ գնահատականին նա արժանի է:

- Հայաստանում 2018 թվականի հեղափոխության ժամանակ Սփյուռքը մեծ ոգևորվածություն էր ցուցաբերում։ Ի՞նչը փոխվեց։

- Դուք ասում եք` հեղափոխություն, իսկ ես կասեմ` իրականում իշխանության բռնազավթում։ Սփյուռքի ոգևորվածությունը պայմանավորված էր Հայաստանում արդարության պակասով։ Ամբողջ աշխարհի Սփյուռքը մի կարծիքի էր՝ ունեն մի Հայաստան հայրենիք, և բոլորի պարտքն է` հզորացնել այդ հայրենիքը՝ հետագայում հնարավոր կատակլիզմների ժամանակ իրենց տունը, օջախն ունենալու համար։ Միայն Հայաստան-Սփյուռք վեց համաժողով էր գումարվել, որոնցում Սփյուռքի ներկայացուցիչները իրենց դժգոհությունն էին բացեիբաց հայտարարում Կառավարությանը։ Դժվար է ասել, թե Սփյուռքը Հայաստանի անկախացումից ի վեր՝ Խորհրդային Միության փլուզումից հետո, ինչ մեծ ներդրումներ կատարեց Հայաստանում։ Ես միշտ ասել եմ ու կասեմ՝ Ալիևը Հայաստանի անխոցելիությունը համարում էր Սփյուռքի գոյությունը։ Թշնամին նավթային վիթխարի ռեսուրսների համեմատությամբ Սփյուռքը համարում էր ավելի գերադասելի, ավելի գերակա։ Եվ այս իշխանություններին, ըստ էության, եղել է հանձնարարություն՝ քայքայել Սփյուռքի հենման կետը Հայաստանում։ Հիմա Սփյուռքը գլխի է ընկել, հասկացել է, թե ինչ է կատարվում երկրում։ Հասկացել է, որ վտանգված է առհասարակ հայրենիքը։ Պետականությունից չեմ խոսում, որովհետև պետականություն, որպես այդպիսին, մենք հիմա դե ֆակտո չունենք, դե յուրե է միայն։ Որովհետև, եթե մի երկրի խնդիրները՝ սկսած սահմանազատումից, վերջացրած Արցախի կարգավիճակով, Հայաստանում բանակ պահել կամ չպահելու իրավունքի քննարկումով, վերջացրած այն բանով, որ Հայաստանը քանի բնակիչ պիտի ունենա, որի մասին նաև Ալիևն  է հայտարարություն արել, լուծում են օտար երկրների ղեկավարները, բոլոր-բոլորը` բացի Հայաստանից։

- Այնուամենայնիվ, Զարեհ Սինանյանն ամուր է կառչած իր պաշտոնից։ Նմանատիպ մի դեպք էլ Ֆրանսիայում տեղի ունեցավ՝ նա արժանացավ Ֆրանսիայի հայ համայնքի նմանատիպ վերաբերմունքին։ 

- Ճիշտ եք նկատել։ Զարեհ Սինանյանը համառորեն մնում է այդ պաշտոնին, որովհետև ավելի բազմերեսանի, պրովոկատորական գործունեություն ուրիշ մեկին դժվար հաջողեր իրականացնել։ Օրինակ, հենց իրենից առաջ ՔՊ-ական Մխիթար Հայրապետյանը, որն ընդամենը մի վեց ամիս Սփյուռքի նախարար աշխատեց, նրան իշխանափոխության սկզբում ավելի լավ դիմավորեցին Սփյուռքում, որովհետև տակավին էյֆորիայի մեջ էր ժողովուրդը և հավատում էր, որ կարող է ավելի լավ լինել, քան նախկինների օրոք էր։ Հետո արդեն սկսեցին հասկանալ։ Հասկացավ նաև այդ տղան, որ չի կարող անել այնպիսի քանդարար գործունեություն, ինչպիսին կարողանում է անել այսօր Զարեհ Սինանյան կոչվածը։ Այդ պատճառով էլ նախ Սփյուռքի նախարարությունը քանդեցին, որովհետև նախարարությունը հնչեղանում էր և բավականին ավելի գերատեսչական մարմին էր և այդ իրավունքներն ուներ։ Զարեհ Սինանյանին բերեցին որպես  հատուկ հանձնակատար։ Նա հանձնառու է քայքայելու Հայաստան-Սփյուռք կապերը և կատարում է և շարունակելու է կատարել, քանի այս խունտան իշխանության գլուխ է։

- Գլենդելում տեղի ունեցած միջադեպը լայնորեն լուսաբանվեց, իհարկե` ոչ պետական կամ իշխանական լրատվամիջոցների կողմից: Թեեւ կարող էին գոնե պարզ լուր հաղորդել կամ պարզաբանում տալ։

 -Այո, որևէ կերպ Զարեհ Սինանյանի նման խայտառակ ընդունելությանը պետականամետ լրատվամիջոցները գրեթե չանդրադարձան։ Իսկ եթե կեսբերան էլ անդրադարձել են՝ այն կադրերն են ցուցադրվել, որտեղ Զարեհ Սինանյանը կարծեք թե ինչ-որ իրենց գաղափարակիցների կողմից ընդունվում է։ Իրականում ամբողջ Սփյուռքն է դժգոհ, որովհետև ես դեռ իմ աշխատանքի տարիներից կապ ունեմ Սփյուռքի մեծ հեղինակություն ունեցող անձանց հետ, որոնք պարզապես շշմած են, չեն հասկանում, թե ինչ է կատարվում Հայաստանում և հանուն ինչի է կատարվում։ Այս ամենը, ինչ արվում է, տրամաբանությունից, խելքից, մտքից դուրս է։ Դա Հայաստանի տակ ական դնելու նման մի բան է, ինչին էլ ձգտում են այս մարդիկ՝ իրենց տերերի թելադրանքով։ Հիմա ի՞նչ պիտի անի Զարեհ Սինանյանը, որտեղ մտել է, այնտեղ քանդումը պատրաստ է։

- Կառաջանա՞ արդյոք անառողջ մթնոլորտ նաև Սփյուռքում՝  տասնյակ տարիների ընթացքում ստեղծված մի մեծ, հին Սփյուռք` իր կառույցներով, և Հայաստանի կողմից փորձեր՝ նոր Սփյուռք ձևավորելու։

- Սփյուռքի միջև, կառույցների միջև հակասությունների սրումը, այո, ակնառու է։ Որտեղ մտել է, որտեղ հանդիպումներ է ունեցել, նույն բանն է։ Քանի տարի է պետք, որ մարդիկ համոզվեն, որ Սփյուռքը, որը ոչ կյանքի դրական ազդակներով է ձևավորվել, այնուամենայնիվ, կարողացել են այս մարդիկ իրենց տքնաջան աշխատանքով, սերունդների աշխատանքի կյանքի գնով եղանակ ստեղծել այն երկրներում, որտեղ իրենք են։ Նրանք այնտեղ ընդունված են, հարգված են և կարողանում են դրսից ազդել Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի վրա։ Հեղինակություն են ստեղծում Հայաստանի համար, հնարավոր ամեն ինչ անում են, որպեսզի այս պետությունն ընդունվի ազգերի ընդհանուր ֆորումի մեջ՝ որպես պետություն։ Եվ մարդիկ ամեն ինչ դարձրեցին ոչինչ։ Եթե իշխանափոխություն լինի, այդ իշխանության գլուխ եկողը ունենալու է մեծ գլխացավանք՝ այս փոսը գցած քարը հանելու համար։ Զարեհ Սինանյանը Հայաստան-Սփյուռք կապերի գծով ավելի մեծ ավերակող է, քան այստեղ մի շարք պաշտոնյաներ, որոնք ավերակում են իրենց ոլորտները։ Սուտը, որպես օրինական ուժ ունեցող հասկացություն, այս մարդկանց օրոք ձեռք բերեց մեծ պատիվ, և նրանք բոլոր հնարավոր մանիպուլյացիոն միջոցներով փորձում են հակառակը համոզել Սփյուռքին։ Իսկ Սփյուռքում ես էլ ունեմ հարազատներ, ինչպես, դժբախտաբար, ամբողջ հայ ժողովուրդը, այն, ինչ կատարվում է Հայաստանում, մասամբ են տեղյակ, եթե չասեմ` համայնքներ կան, որոնցում առհասարակ լրատվություն չկա, և կամ միայն պետական պաշտոնական լրատվությունն է գործում։ Նրանք շատ լավ փորձարկել են մեդիա դաշտը և հրաշալի գիտեն, թե դա ինչպես է ազդում մարդկանց ուղեղների վրա։ Գրեթե փակ են բոլոր հաղորդակցական միջոցները, չլինեին այսօրվա տեխնոլոգիական կապի միջոցները, երբ անհատներն են իրար կապում և որոշակի տվյալներ են իրար հաղորդում, Սփյուռքը պարզապես տեղյակ չէր լինի, թե ինչ է կատարվում Հայաստանում։