Ի՞նչ կգրեր այժմ Ժվանեցկին. պետության եւ ժողովրդի հարաբերությունների մասին 

Ի՞նչ կգրեր այժմ Ժվանեցկին. պետության եւ ժողովրդի հարաբերությունների մասին 

Միխայիլ Ժվանեցկին ռուս-խորհրդային գրող-սատիրիկ էր (1934-2020), Ուկրաինայի և ՌԴ-ի ժողովրդական արտիստ, Օդեսացիների համաշխարհային ակումբի նախագահը (1988-2020): Ամուսնացած է եղել 4 անգամ, ունեցել է ամուսնական և արտաամուսնական երեքական երեխաներ: Կենսախինդ, ինտելեկտուլ անձնավորություն էր, անհատակա­նություն, նուրբ ու բարձրաճաշակ հումորով՝ սատիրայի Վարպետ: 

Նրա բազմաթիվ ստեղծագործություններից, գուցե, արդիական է «Պետությունը և ժողովուրդը»: Ուշագրավ հատվածներից. 

«Հարաբերությունները հայրենի պրոլետարական պետության հետ զարգանում են շատ նրբորեն։ Պրոլետարիատը պատերազմում է ոստիկանության, գյուղացիությունը՝ շրջկոմների, մտավորականությունը՝ КГБ-ի (Комитет государственной безопасности), միջին խավը՝ ОБХСС-ի (Отдел по борьбе с хищениями социалистической собственности) հետ։ Այդպես էլ մենք ճարպկացանք. չշրջվել մեջքով՝ կօգտվեն: Միայն դեմքով: Մենք շրջվենք՝ նրանք մեզ: Նրանք շրջվեն՝ մենք նրանց: 

Էլեկտրական հաշվիչի մեջ՝ բուլավկա, սպիրտի խողովակաշարում (ասում են, թե խորհրդային ժամանակներում Կիլիկիա թաղամասի բնակիչները Երևանի կոնյակի գործարանից գաղտնի խողովակաշար էին անցկացրել)՝ շտուցեր, ցիստեռնում՝ ռետինե խողովակ և քաշում են, անհանգիստ նայելով շուրջը: Մենք անպայման կխմենք այն ամենը, ինչ հոսում է. պրակտիկան ցույց էր տալիս, որ այն հաճախ հարվածում է գլխին: Ձեռքերն անընդհատ շարժվում են՝ շոշափելով, փորձելով…Պտտվում է՝ կհանենք: Կհոսի՝ կհավաքենք: Հնարավոր է մասնատել՝ կմասնատենք և գիշերը, կանգնած էլեկտրահաշվիչի պայմաններում կուսումնասիրենք:

Այն ամենը, ինչը հնարավոր է՝ պետությունը վերցնում է մեզանից, մենք՝ պետությունից: Նա հարազատ է, մենք էլ ենք հարազատ: Նրա և մեզ մոտ, կարծես, ոչինչ չի մնացել: Դե, այնտեղ ռազմական ինչ-որ բան…Հեռավոր Արևելքում պարաբոլային անտենան, եզակի…Ինչ-որ մեկը շրջվեց՝ և այն չկա…Սարայներով, ջերմոց­ներով…Բեռնատարը վթարից հետո կողաշրջված է, իսկ նրանում քչփորում են: Առավոտյան՝ միայն կմախքն էր մնացել. պիրանիաներ…»

Ենթադրաբար, նոր Հայաստանի առնչությամբ Ժվանեցկին կգրեր հետևյալ տողերը.
«Հարաբերությունները հայրենի ժողովրդավարության պետության հետ զարգանում են շատ թավշորեն, ոչ բռնի։ Հայաստանում պրոլետարիատ չկա, այդ իսկ պատճառով էլ ոստիկանների հետ պատերազմում են նախկինները, այսինքն՝ նախկինում պրոլետար եղած, բայց բուլավկան, շտուցերը, ռետինե խողովակը և անընդհատ շարժվող ձեռքերը հմտորեն օգտագոր­ծածները, այդ իսկ պատճառով՝ նրանց գլուխները համաչափ կոտրում են ոստիկանները: Շրջկոմներ չկան, այդ իսկ պատճառով՝ գյուղացիները պատերազմում են ջրօգտագործող ընկերությունների հետ՝ ոռոգման ջուրն անվճար օգտագործելու համար: Մտավորականություն չկա, այդ իսկ պատճառով՝ КГБ-ի հետ պատերազմող չկա. КГБ-ն երանության մեջ է: Սոցիալիստական սեփականությունը նախկինները դարձրել են անձնական, հետևաբար՝ ОБХСС չկա, բայց կա հարկային, որը չի թողնում շնչել միջին խավին և հնազանդ է խոշոր գործարարին: Ժողովուրդ կա, որը կազմված է բացառապես վարչապետներից և կարող է ջարդել իր հայրենի կառավարության դռները և այն ամենը, ինչը պետոթւյանն է ու ջարդվող: Ժողովուրդ կա, որը «ոչ այնքան ազնիվ մետաղներից հատում է մանդատներ…որոնք բացում են «ժանգոտած» հաղորդակցային ուղիներ, խաղաղության դարաշրջաններ, երկնքից իջեցնում ժողովրդավարական աստղեր…»»:

Հայաստանում այլևս բուլավկան չի աշխատում, որովհետև էլեկտրականությունը մասնա­վորին է պատկանում: Շտուցերի գործ էլ չկա, ոչ էլ՝ ռետինե խողովակի (կոնյակի խողովակաշարն էլ ապամոնտաժվել ու վաճառվել է հարևան երկրին): Պետությունից այլևս տանելու բան չկա, բայց պետությունը դեռ մեզանից վերցնում է ինչը հնարավոր է և, հատկապես, անհնար: Փաստորեն՝ նա մեզ հարազատ չէ, մենք էլ նրան…եթե հարազատ չենք, էլ ուրիշ ի՞նչ ենք…»:

Միխայիլ Ժվանեցկու հավանությամբ՝

Գագիկ Վարդանյան