Եթե ունեմ մշակույթի նախարար, նշանակում է ունեմ մշակո՞ւյթ

Եթե ունեմ մշակույթի նախարար, նշանակում է ունեմ մշակո՞ւյթ

«Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված է մշակույթի եւ սփյուռքի նախարարությունները կառուցվածքային փոփոխությունների ենթարկել, մասնավորապես՝ մշակույթի նախարարությունը միավորվելու է եւ դառնա կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն։ 

Դերասանուհի Լալա Մնացականյանի կարծիքով մշակույթը դա նախեւառաջ հասարակության որակն է․ «Արդյոք մենք մեր մեջ իսկապես կրո՞ւմ ենք այդ մշակույթը եւ այն փորձը, որ ունեն արտասահմանում՝ Գերմանիայում, Ֆրանսիայում եւ ուրիշ երկրներում, կարելի՞ է կիրառել մեզ մոտ։ Եթե այն վերցնենք ու պրոյեկտենք մեզ վրա, արդյո՞ք կաշխատի, չէ՞ որ մենք վերցնում ենք փորձն արդեն մշակութային երկրից, որտեղ ամեն քաղաքացի իր մեջ այդ մշակույթը կրում է, եւ կրում են դարեր, հարյուրամյակներ շարունակ, իսկ մենք նոր ենք սկսում»։ 

Մնացականյանը կարծում է, որ այս հարցը պետք է դրվի քննարկման․ «Չեմ կարծում, որ եթե միանգամից այդպես իրար խառնեն՝ մի բան դուրս կգա, կարծում եմ այս հարցը պետք է դրվի քննարկման, մասնագետները խոսեն, իրենց կարծիքն արտահայտեն, թե որ տարբերակն է մեզ ավելի մոտ, ինչպես կարող ենք ինչ որ բան սինթեզել, վերցնել։ Հակառակ դեպքում կփոխենք էլի անունը, բայց չենք փոխի վերաբերմունքը։ Եթե պետություն կա մշակույթի հետեւը կանգնած, այդ մշակույթը կունենա իր տեղն ու դիրքը, իսկ եթե սա արվում է, որպեսզի պետությունը իր վրայից գցի մշակույթի հանդեպ ունեցած իր պատասխանատվությունը, այդ պարագայում մենք կունենանք նոր անուն, բայց ոչ նոր բովանդակություն»։

Մշակույթը մեր հասարակության առանձնահատկությունն է, երակը, որը կոնկրետ մարդու հետ չի ձեւավորվում, ընդգծում է դերասանուհին․ «Օրինակ եթե ունեմ մշակույթի նախարար, նշանակում է ունեմ մշակո՞ւյթ, իհարկե՝ ոչ, մշակույթը դա նաեւ մեր կենցաղն է, վարվելակերպը, իրար հանդեպ ունեցած վերաբերմունքը, այս ամբողջը մշակույթ է։ Արվեստը, կինոն, ներկայացումը, դրանք արդեն մշակույթի արտահայտչաձեւերն են։ Ինչ մշակույթի կրող տվյալ ժողովուրդն է, այդպիսին էլ լինում են նրա ներկայացումները, կինոները։ Մեզ պետք է ինքներս լինել այդ մշակույթի կրողը, թե չէ մշակույթի նախարար կա, թե՝ չկա, այդքան էլ կարեւոր չէ։ Այո, պետք է փոխվի ինչ- որ բան, բայց չի կարելի հրատապ, արագ- արագ անել, գցել մի կողմ ու ասել այս հարցը լուծեցինք։ Պետք է քննարկումներ լինեն, բանավեճեր, ելույթներ եւ գանք ընդհանուր հայտարարի, թե մեզ որ մոդելը ավելի մոտ կլինի։ Այն, որ եղել է մշակույթի նախարարություն, որը բազմիցս իրեն ապացուցել է, որ չի արդարացնում՝ դա փաստ է։ Էլի թող լինի մշակույթի նախարար, բայց մշակույթը ինչ բովանդակությամբ նա պետք է կրի ու մատուցի այ սա է կարեւորը։ Արդյոք մենք ուզո՞ւմ ենք աշխարհին ներկայանալ մեր մշակույթով, թե՝ ոչ, սա է կարեւոր։ Այն երկրներում, որտեղ մշակույթը հետին պլան է մղված, այդ երկրներին տիրելը հեշտ է, դժվար է հարձակվել այն երկրի վրա, որի մշակույթը ամուր է»։