Երբ ստելն իրավունք է, իսկ սուտը պաշտպանելը՝ պարտավորություն

Երբ ստելն իրավունք է, իսկ սուտը պաշտպանելը՝ պարտավորություն

Նիկոլ Փաշինյանը ՔՊ-շնիկ պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ բանակի շարքերը սպրդած 5-րդ շարասյան ներկայացուցիչներին եւ օտարերկրյա գործակալներին հայտնաբերելու մի շատ գործնական առաջարկով հանդես եկավ: Ուրեմն՝ բռնում ես բարձրաստիճան զինվորականին եւ հարցնում՝ ինչո՞ւ ես N բարձունքը հանձնել: Այդ զինվորականը չի կարողանում ասել, որ վարչապետի հրամանն է կատարել, որովհետեւ վարչապետը, որքան այդ նույն վարչապետը հիշում է, բարձունքը հանձնելու հրաման չի տվել: Դրանից հետո բարձրաստիճան զինվորականն այլեւս չի իմանում ինչ ասի եւ ընդունում է մեղքը՝ սխալվել եմ, ինձ դատեք, եղածը 7 տարի է, կնստեմ: Եվ այդտեղ վարչապետը եզրակացություն է անում. «Բայց վսյո ժե կարող ա՞ էդ բարձրաստիճան զինվորականն օտարերկրյա գործակալ ա»: Եթե հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, թե ում հարցին պատասխանելիս վարչապետը հանդես եկավ այս խորհուրդ-առաջարկով, ապա ամեն ինչ միանգամից իր տեղը կընկնի: Հարց տվողը Քոչարյան Անդրանիկն էր՝ մարդ, որ ի պաշտոնե հայ-ադրբեջանական վերջին պատերազմների հանգամանքներն ուսումնասիրելով է զբաղված:

Առաջ չանցնելով ասեմ, որ ես իմ ֆեյսբուքյան էջում նախապես գրել էի, որ դիտավորյալ, իսկ ավելի ստույգ՝ առողջապահական նկատառումներով, չեմ հետեւելու խնդրո առարկա հարցուպատասխանին: Այսուհանդերձ, վերեւում նկարագրված դրվագի տեսանյութը կայքերից մեկում այնքան ճոխ էր ներկայացված, որ համակարգիչը միացնելուն պես աչքովս ընկավ, ու չկարողացա շրջանցել: Սկզբում Քոչարյան Անդրանիկն ինչ-որ բաներ մրթմրթաց բանակում 5-րդ շարասյան մասին, կարծիք հայտնեց, որ նմանատիպ շարասյուներ կան նաեւ քաղաքական դաշտում, ապա առատորեն օճառված մի հայացք նետեց Նիկոլ Փաշինյանի կողմը: Տեսանյութը կա, ես ոչինչ չեմ ավելացնում ինձնից եւ Նիկոլից ու Քոչարյան Անդրանիկից զզվողներին խորհուրդ կտամ անպայման դիտել:

Նիկոլ Փաշինյանը, ինչպեսեւ սպասվում էր, չդիմացավ Քոչարյան Անդրանիկի այդ հայացքին եւ մոտեցավ գլխավոր ամբիոնին: Հա, ի դեպ՝ գլխավոր ամբիոնի մասին: ԱԺ նիստեր վարողները, ելույթ ունեցողներին դիմելիս, հաճախ են օգտագործում «համեցեք գլխավոր ամբիոնի մոտ» խոսույթը: Ճիշտն ասած՝ ԱԺ վերջին վերանորոգումից հետո ես նիստերի դահլիճում դեռ չեմ եղել եւ չգիտեմ՝ այնտեղ կա՞ երկրորդ՝ ոչ այնքան գլխավոր ամբիոն, թե՞ ոչ: Ամեն դեպքում նշեմ, որ Նիկոլ Փաշինյանը Քոչարյան Անդրանիկի «հարցից» հետո լնգլնգալեն մոտեցավ գլխավոր ամբիոնին եւ քորվելով՝ սկսեց պատասխանել հարցին: Թե ինչ պատասխանեց՝ վերեւում արդեն գրել եմ եւ ասեմ, որ նրա պատասխանից մի քանի հարցեր առաջացան, որոնց մասին կուզենայի բարձրաձայնել:

1. Պարոն վարչապետ, 44-օրյա պատերազմում քանի՞ դեպք է եղել, երբ Ձեր հրամանով որեւէ բարձունք կամ դիրք գրավելուց հետո բարձրաստիճան սպաներից մեկը, առանց Ձեր գիտության, եկել ու կարգադրել է այդ բարձունքը կամ դիրքը հանձնել: Հասկանալի է, չէ՞, որ եթե խոսում ենք մի ամբողջ շարասյան մասին, ուրեմն այդպիսի բարձրաստիճան սպաները մեկը-երկուսը չեն եղել:

2. Պարոն վարչապետ, 44-օրյա պատերազմի ժամանակ եղե՞լ են դեպքեր, երբ Դուք հրամայել եք՝ մինչեւ արյան վերջին կաթիլը կռվել հայրենի հողի համար, բայց բանակը չի կռվել եւ դասալքել է: Ավելի կոնկրետ՝ Դուք հրամայե՞լ եք՝ ամեն գնով պահել Հադրութը: Կա՞ այդպիսի փաստաթուղթ, թե՞, որքան հիշում եք, հրամայել եք:

3. Պարոն վարչապետ, հանրահայտ փաստ է, որ 44-օրյա պատերազմի առաջին օրերին Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը Ձեզ զեկուցել է, որ մի քանի օրվա զինամթերք ունենք, եւ առաջարկել է կանգնեցնել պատերազմը: Կարո՞ղ եք, արդյոք, պնդել, որ Դուք ամեն ինչ արել եք պատերազմը կանգնեցնելու համար, բայց «5-րդ շարասյունը» չի ենթարկվել Ձեզ:

4. Պարոն վարչապետ, հանրահայտ փաստ է, որ Ձեզ հոկտեմբերի սկզբին եւ կեսերին նույնպես առաջարկել են՝ կանգնեցնել «մսաղացը» եւ խուսափել մեծ թվով զոհերից: Ասացեք, խնդրեմ, Դուք դրանից հետո փորձե՞լ եք կանգնեցնել «մսաղացը», բայց այն չի կանգնել, որովհետեւ «5-րդ շարասյունը» չի թողել:

5. Պարոն վարչապետ, 44-օրյա պատերազմի վերջին օրերին ի՞նչ հրաման եք տվել Շուշին պահել-չպահելու մասին: Հնարավո՞ր է, արդյոք, որ որեւէ հրաման չեք տվել եւ հարցը թողել եք «5-րդ շարասյան» հայեցողությանը:

6. Պարոն վարչապետ, հանրահայտ փաստ է, որ Շուշիի անկումից հետո թշնամու ճանապարհը դեպի Ստեփանակերտ բաց էր բոլոր ուղղություններով: Ես կուզենայի տեսնել Ձերդ հանճարեղ ռազմական ստրատեգի կազմած՝ Ստեփանակերտի պաշտպանության պլանը եւ այն բարձրաստիճան զինվորականների անվանացանկը, որոնց հրամայել եք չհանձնել Ստեփանակերտը: Փորփրեք Ձեր հիշողությունը, պարոն վարչապետ, ու նաեւ չմոռանաք ասել, թե ինչով էր զբաղված ենթադրյալ «5-րդ շարասյունն» այդ օրերին, որ ուղղակի չվերացրեց Ձեզ՝ այդպիսի հանճարեղ պլան ներկայացնելու համար:

Եվ մի վերջին հարց: Պարոն վարչապետ, կարո՞ղ եք, արդյոք, մեր հանրության համար կրկնել՝ ո՞վ եք եղել Դուք 44-օրյա պատերազմի ժամանակ՝ գերագույն գլխավոր հրամանատա՞րը, թիվ 1 մեղավո՞րը, թիվ 1 մոդերատո՞րը… Ո՞վ: Դուք, առհասարակ, որեւէ հրաման տվե՞լ եք, որ կատարվել կամ չի կատարվել: Ժամանակը չէ՞, արդյոք, բացելու 44-օրյա պատերազմի ժամանակ Ձեր արձակած բոլոր հրամանները, որպեսզի հասկանանք, թե է՞լ ինչով է զբաղված եղել այդ «5-րդ շարասյունը»:

ՀԳ. Քոչարյան Անդրանիկն ասում է՝ մեր հանձնաժողովն ակտիվ փուլում է, հարցաքննության ենք կանչում վկաներին, բայց որոշ «վկաներ» չեն գալիս հարցաքննության: Տո այ Քոչարյան Անդրանիկ, եքա մարդ ես, հայացքդ էլ քո մասին ամեն ինչ ասում է, ի՞նչ վկաների ես սպասում: Թող Նիկոլը գա, պատմի, դու էլ գրի… Այլապես գիտահետազոտական-միտահետազոտական… Զարմացրիր, էլի: