Լուզերը

Լուզերը

«Լուզեր» (loser) անգլերեն բառը նշանակում է պարտված, անհաջողակ: Արեւմտյան երկրներում այդ բնութագրումը ստացած անձինք համալրում են հասարակությայն լուսանցքային գոտում հայտնվածների շարքերը: Հիմա պատկերացրեք` եթե մեր պետության ղեկավարը լուզեր է, դա նշանակում է, որ նա չի վայելում որեւէ հարգանք արեւմտյան երկրների ղեկավարության շրջանում՝ էլ չասած Ռուսաստանի նախագահի մասին: Ճիշտ է, նրա հետ շփվում են, սակայն դա կտեւի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի թշնամական Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար: Նրա առումով կա մեկ այլ նպատակ եւս՝ նպաստել Ռուսաստանի հեռացմանը մեր տարածաշրջանից: Բայց այդ մեկին հետամուտ կլինեն այնքանով, որքանով... Որովհետեւ Արեւմուտքում գիտակցում են, որ «մեր» լուզերի քաշը բավարար չէ նման մասշտաբի գործողություն իրականացնելու համար՝ բացառությամբ Արցախի: Իսկ խաղաղության պայմանագիր կնքելու հարցն ավելի հեշտ է, քանի որ այն ամբողջովին լինելու է հօգուտ Ադրբեջանի, ինչը խաղաղություն մուրող եւ թշնամու հետ էսկալացիայից խուսափելու տրամադրվածություն ցուցաբերող Նիկոլի առումով ավելի քան ենթադրելի է: Եվ ինչին չեն կարող խոչընդոտել ադրբեջանական սադրանքները, մեր տարածքային ու մարդկային ավելացող կորուստները: Հատկապես, որ այդ պայմանագիրը ներկայացվում է որպես սադրանքներից ազատվելու միջոց:

Ի տարբերություն, այսպես կոչված, կենցաղային կամ սովորական լուզերի, վարչապետի պաշտոնին բազմած լուզերը թշնամու հետ փոխհարաբերություններում իր լուզերությունը փոխհատուցում է երկրի ներսում բռնապետական հակումներով: Եթե սովորական լուզերը դժբախտ է անձնապես եւ ծանր բեռ իր հարազատների համար, ապա նիկոլանման լուզերը դժբախտություն է ողջ ազգի համար, սակայն եւ «երջանկության աղբյուր»՝ իր հարազատների եւ մերձակա շրջապատի համար: Ինչի ականատեսն ենք մենք վերջին հինգ տարիներին: Եթե կենցաղային լուզերը հոգեբանի կամ հոգեբույժի կարիք ունի, ապա անհաջողակ ղեկավարի դեպքում հոգեբույժի օգնության դեր է կատարում ընդամենը նրան պաշտոնից հեռացնելը: Ինչն իրատեսական է այնքանով, որքանով ադեկվատ վերաբերմունք է դրսեւորվում հասարակության կողմից, որին ուղղված են լինում սպառնալիքները: 

Հայաստանյան հասարակությունը 2020 թվականի վերջից այս կողմ, դժբախտաբար, աչքի չի ընկնում ադեկվատությամբ: Նման դեպքում մնում է ապավինել ակտիվ, միաժամանակ հայրենասեր եւ գրագետ այն երիտասարդներին, որոնք անտարբեր չեն իրենց ապագայի նկատմամբ: Հիշենք․ 1917 թ. նոյեմբերի 7-ին (նոր տոմարով) հրեական ծագմամբ ռուս բոլշեւիկ Լեւ Տրոցկին որոշեց շնորհավորել սեփական ծննդյան օրը եւ բանվորների ու զինվորների դեպուտատների Պետրոգրադի խորհրդի միջոցով Ռուսաստանի մայրաքաղաքում կազմակերպեց հեղաշրջում: Որը հետո պատմության մեջ մտավ «Հոկտեմբերյան (մեծ) հեղափոխություն» անվամբ: