Ամերիկյան շահերը գերակա են սեփական երկրի շահերից. այս կանոնի դեմ ընդվզողները ենթակա են պատժի

Ամերիկյան շահերը գերակա են սեփական երկրի շահերից. այս կանոնի դեմ ընդվզողները ենթակա են պատժի

Ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու եւ սեփական երկրի շահերը պաշտպանելու համար Վրաստանի իշխանությունները ենթարկվում են ամերիկյան իշխանությունների բացահայտ եւ կոշտ ճնշումներին: Վրաստանում սկսել են խոսել, որ ԱՄՆ իշխանությունները տվել են նոր հեղափոխության մեկնարկը՝ «կարմիր քարտ» ցույց տալով վրացական իշխանություններին: Օրեր առաջ Վրաստանում ԱՄՆ դեպսպանատունը մի հարղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ այդ երկրի իշխանությունները վիզային պատժամիջոցներ են կիրառում Վրաստանի 4 դատավորի նկատմամբ: Խոսքը Վրաստանի Վերաքննիչ դատարանի նախագահ Միխաիլ Չինչալաձեի,  Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամ Լեւան Մուրուսիձեի, Թբիլիսիի վերաքննիչ դատարանի դատավոր Իրակլի Շենգելիայի, Թբիլիսիի վերաքննիչ դատարանի նախկին նախագահ Վալերիան Ցերցվաձեի մասին է: Նրանք մեղադրվում են կոռուպցիայի մեջ ներգրավված լինելու համար: «Այդ անձինք չարաշահել են Վրաստանի դատարանների նախագահների եւ Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամների իրենց դիրքերը՝ խարխլելով օրենքի գերակայությունը եւ հանրային վստահությունը Վրաստանի դատական համակարգի նկատմամբ»,- ասվում է Վրաստանում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:

Վրաստանի իշխանությունների արձագանքը չուշացավ՝ Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակում կոչ է արել՝ վերայանել այդ որոշումը, հիմնավորելով, որ եթե Վաշինգտոնը չվերանայի այն, ապա Վրաստանի պետությունը եւ վրաց ժողովուրդը դա կընկալեն որպես «ճնշում ինքնիշխան պետության անկախ դատարանի վրա եւ կոպիտ միջամտություն նրա գործունեությանը», ինչը կվնասի Վրաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ երկարամյա բարեկամական հարաբերություններին։ Վրաստանի իշխանությունները դիմել են ԱՄՆ-ին՝ խնդրելով ներկայացնել դատավորների կոռումպացվածության կոնկրետ փաստեր, սակայն այդպես էլ որեւէ պատասխան չեն ստացել: Մի՞թե հնարավոր է պատկերացնել ավելի կոպիտ միջամտություն այլ երկրի ներքին գործերին, քան նման ցուցադրական պատժամիջոցներն են: Եթե ԱՄՆ իշխանությունները ցանկանում են որեւէ մեկին մերժել՝ իրենց երկիր մուտքի վիզա տրամադրելու հարցում, դա կարող են անել առանց հիմնավորելու, առանց այդ մերժումը հրապարակայնացնելու: Մինչդեռ նման հայտարարությունները նպատակ ունեն վարկաբեկել այդ անձանց՝ կասկածի տակ դնելով նրանց գործունեությունը:

Վրաստանի ընդդիմությունը ցնծության մեջ է. նրանք համարում են, որ այս պատժամիջոցները ցույց են տալիս, որ ԱՄՆ իշխանությունների համբերությունը սպառվել է, եւ նրանք այլեւս չեն պատրաստվում հանդուրժել կոռումպացված «դատական կլանի» գործունեությունը, որի հետեւում կանգնած է երկրի հակաժողովրդավարական եւ բռնապետական ռեժիմը: Ընդդիմությունը հույս ունի նաեւ, որ ԱՄՆ պատժամիջոցները  կնպաստեն իշխանության կազմաքանդմանը` իշխանության ներկայացուցիչների մի մասը չի ցանկանա փչացնել հարաբերությունները ԱՄՆ իշխանությունների հետ, եւ ներքին միասնականությունը կորցրած համակարգը փուլ կգա:

Արդյոք ԱՄՆ իշխանություններին հետաքրքրո՞ւմ է Վրաստանի դատական համակարգի անկախությունը՝ դժվար է հավատալ: Այդ նույն տրամաբանությամբ նրանց պետք է առնվազն հետաքրքրեին նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի դատական իշխանությունների անկախությունն ու անաչառությունը: Ադրբեջանում դատավորները երկարամյա բանտարկության են դատապարտում հայ ռազմագերիներին, ընդդիմության ներկայացուցիչները ենթարկվում են քաղաքական հետապնդումների, եւ կայացվում են գործադիր իշխանության կողմից հրահանգավորվող դատավճիռներ: Նույն վիճակը Հայաստանում է. քաղաքական ընդդիմության ներկայացուցիչները, ակտիվիստները եւ, ընդհանրապես, իշխանության հետ որեւէ հարցում անհամաձայնություն ունեցող անձինք ազատազրկվում են, զրկվում են ազատ տեղաշարժի իրավունքից, մարդկանց առանց դատական ակտերի տարիներով պահում են անազատության մեջ: Մինչդեռ ԱՄՆ իշխանությունները որեւէ դատավորի կամ դատարանի նախագահի նկատմամբ պատժամիջոց չեն սահմանում: Դրա պատճառն այն է, որ Հայաստանի իշխանությունները հնազանդորեն կատարում են ԱՄՆ իշխանությունների եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ցուցումները՝ որպես իրենց վերադասից իջեցված կարգադրություններ:

Վրաստանի իշխանությունները, ռուս-ուկրաինական պատերազմից սկսած, հակադրվում են ԱՄՆ իշխանություններին եւ Վրաստանը չեն վերածում Ռուսաստանի դեմ պայքարի երկրորդ ճակատի՝ առնվազն տնտեսական պատժամիջոցներին հետեւելու իմաստով: ԱՄՆ իշխանությունները կցանկանային, որ Վրաստանը Ռուսաստանին սահմանակից մյուս պետությունների օրինակով փակեր իր ցամաքային սահմանը Ռուսաստանի հետ, ինչը կկտրեր նաեւ Թուրքիա-Ռուսաստան ցամաքային կապը: Մինչդեռ Վրաստանի իշխանությունները ցանկանում են տնտեսական օգուտ ստանալ ստեղծված վիճակից, Վրաստանի տասնյակ եւ հարյուր հազարավոր քաղաքացիներ տնտեսական շահ են ստանում Ռուսաստանի հետ առեւտրից, ռուս զբոսաշրջիկներից ու ռելոկանտներից, տարանցիկ բեռնափոխադրումներից: Վրաստանի բյուջեն եւս միլիոնավոր դոլարների շահ է ստանում Ռուսաստանի հետ առեւտրատնտեսական հարաբերությունները չխզելուց:

ԱՄՆ իշխանությունները չեն կարող ներել որեւէ վասալ երկրի իշխանության, որը փորձում է սեփական շահերը վեր դասել ամերիկյանից, որովհետեւ, ԱՄՆ իշխանությունների տրամաբանությամբ, ամերիկյան շահերը, ամեն դեպքում, պետք է գերակայեն եւ առաջնահերթ լինեն աշխարհի ցանկացած կետում: Վրաստանի իշխանությունները չեն ցանկանում պահել այս կանոնը, իսկ նման հակասությունը վերացնելու միայն մի հնարավորություն կա՝ հեռացնել անհնազանդ իշխանությանը: Ամերիկյան պատժամիջոցները մի մեթոդ են, որով երկրի քաղաքական եւ տնտեսական էլիտային ցույց է տրվում մետրոպոլիայի դժգոհությունը գաղութային կառավարիչներից: Դա պետք է նշան լինի այդ երկրի էլիտաներին, որ գաղութային կառավարիչները ենթակա են փոփոխության, եւ, ըստ այդմ, էլիտաները պետք է վերադիրքավորվեն եւ աջակցեն այդ իշխանության փոփոխությանը: Վրաստանի ընդդիմությունը պատրաստ է իր աջակցությունը բերել նման փոփոխություններին:

Պատժամիջոցների կիրառումը Վրաստանի իշխանություններին ստիպել է գնալ հակադարձ քայլերի: ԱՄՆ դեպսպանատան հաղորդագրությունից հետո Վրաստանի իշխանություններն արգելել են ԱՄՆ մի քաղաքացու մուտքը երկիր՝ պատճառաբանելով, թե նա մասնակցություն է ունեցել մարտին կազմակերպված հակաիշխանական ցույցերին: Խնդիրն այն չէ, որ Վրաստանի գործող իշխանությունը մտադիր է փոխել երկրի արտաքին քաղաքական կուրսը եւ Վրաստանը եվրաինտեգրացիայից տանել դեպի Ռուսաստանի գիրկը, ինչպես պնդում են շատերը: Ավելի շուտ, Վրաստանի իշխանությունը փորձում է ցույց տալ, որ իրենք եւս կարող են ունենալ պետական եւ ազգային շահեր եւ իրավունք՝ առաջնորդվել իրենց շահերով, հանուն երկրի եւ նրա քաղաքացիների բարեկեցության: Թե որքան կխորանան հակասությունները Վրաստանի եւ ԱՄՆ իշխանությունների միջեւ, դժվար է ասել, հնարավոր է, որ առաջիկայում մենք ականատես լինենք նոր Վարդերի հեղափոխության, որի նպատակը կլինի «կոռումպացված եւ հակաժողովրդավարական վարչախմբի հեռացումը եւ դեմոկրատական կարգերի վերականգնումը»՝ ի շահ ամերիկյան իշխանությունների:

Հայաստանի իշխանությունների պարագայում մենք, բնականաբար, չենք տեսնի որեւէ պատժամիջոց կամ սահմանափակում իշխանության եւ նրան կից դատական իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, քանի որ, ինչպես նշեցինք, Հայաստանի իշխանությունները հնազանդորեն կատարում են վերադասից իջեցված ցանկացած հրահանգ: Հայաստանի շահերի պաշտպանության մասին ակնարկն անգամ անտեղի է, քանի որ Հայաստանի գաղութային վարչախմբի միակ մտահոգությունն իր ունեցած կարգավիճակը չկորցնելն է:

Ավետիս Բաբաջանյան