Այս պայմաններում անիմաստ է նման ակցիաներ անելն ու ժողովրդին հոգնեցնելը

Այս պայմաններում անիմաստ է նման ակցիաներ անելն ու ժողովրդին հոգնեցնելը

«Հրապարակի» հարցերին պատասխանում է Երեւանի նախկին քաղաքապետ, Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը:

- Պարոն Բազեյան, մեր նախորդ զրույցի ժամանակ նշում էիք, որ «Միասին» շարժումը նախատեսում է մեծ հանրահավաք, որն այս իշխանություններին կստիպի հրաժարական տալ: Հանրահավաքը կայացավ, սակայն այն սակավաթիվ էր, ինչո՞ւ:

- Ես այդ հանրահավաքին չեմ մասնակցել: Կարծում եմ` բոլոր ընդդիմադիր ուժերը պետք է համախմբվեն, նոր միայն մեկ միասնական դաշինքով հանրահավաք մեկնարկեն: Այժմ շտապում են: «Միասին» շարժումը չէ միայն, կան այլ բազմաթիվ ուժեր, կա «Համախմբում» շարժումը, այլ շարժումներ եւս կան, կան ընդդիմադիր մի շարք կուսակցություններ ու կառույցներ: Նրանց բոլորին պետք է համախմբել մեկ միասնական դաշինքում, նոր միայն պայքարի դուրս գալ: 500 կամ 700 հոգով իշխանափոխության հասնել հնարավոր չէ:

- Իսկ, Ձեր կարծիքով, ինչո՞ւ այժմ հասարակությունը փողոց դուրս չի գալիս: Չէ՞ որ այսքան շատ պատճառներ կան ընդվզելու։

- Որովհետեւ միայն «Միասին» շարժումը վստահություն չի ներշնչում: Բացի այդ շարժումից, պետք է միանան մյուս ընդդիմադիրները: Պետք է մի կողմ թողնել բոլոր անձնական համակրանքներն ու հակակրանքները, քաղաքական կողմնորոշումները, ռուսամետությունն ու արեւմտամետությունը եւ գնալ կոնկրետ մեկ նպատակի ուղղությամբ: Այն պետք է Համահայկական միացյալ դաշինք անվանել, այնուհետեւ ժողովրդին ոտքի հանել:

- Ըստ Ձեզ, եթե ընդդիմադիրները` բոլորն անխտիր համախմբվեն, հասարակությունը փողոց դուրս կգա՞:

- Եթե ժողովուրդը տեսավ, որ կա նման հզոր դաշինք, այդ դեպքում ոչ միայն Հայաստանի քաղաքացիներն ակցիային կմիանան, այլեւ Արցախի ժողովուրդն ու սփյուռքահայերը: Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է: Պետք է ժամանակավոր կառավարություն ձեւավորել` կարճ ժամկետով, որն արդար Ազգային ժողովի ընտրություններին կնպաստի:

- Երբ ասում եք՝ բոլոր ընդդիմադիր ուժերը համախմբվեն, Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին է՞լ նկատի ունեք:

- Ոչ, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանն անձնապես չպետք է մասնակցեն նման շարժումներին:

- Բայց այսօրվա քաղաքական դաշտը նրանց ղեկավարած ուժերից է կազմված, ամենաակտիվ ընդդիմադիրները նրանք են:

- Նրանք պատասխանատու են այսօրվա իրավիճակի համար, սակայն դա չի նշանակում, որ ամենամեծ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանը չէ, բնավ՝ ամենամեծ պատասխանատուն հենց նա է:

- Երբ ասում եք՝ բոլոր ընդդիմադիրները համախմբվեն, ո՞ւմ նկատի ունեք:

- Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք այսօրվա իշխանությանը դեմ են:

- Դե, նախկին նախագահներն էլ են դեմ այս իշխանությանը, թե՞ այդպես չէ:

- Նախկին իշխանությունները եթե լավ ղեկավարեին երկիրը, ճիշտ աշխատեին, օրինականություն հաստատեին Հայաստանում, բանակն ու երկրի տնտեսությունը հզորացնեին՝ սեփական բարեկեցության մասին մտածելու փոխարեն, երկիրն այս վիճակում չէր հայտնվի: Նիկոլ Փաշինյանի նման մեկին հենց նրանք նպաստեցին, որ կարողանա իշխանություն վերցնել:

- Հանրահավաքներից զատ, ի՞նչ պետք է անեն ընդդիմադիրները, ինչը մարդկանց կհամախմբի, եւ ի՞նչ քայլեր պետք է նախատեսի ընդդիմությունը՝ այդ նպատակին հասնելու համար:

- Եթե համախմբվածություն եղավ, ժողովրդին ոտքի կհանենք, ձեւավորում ենք ուժեղ մասսա, որը դառնում է կրիտիկական զանգված: Միայն այդպես կարող ենք Նիկոլ Փաշինյանին ստիպել՝ հրաժարական տալ: Նիկոլ Փաշինյանը սահմանված կարգով պետք է դատական պատասխանատվության ենթարկվի: Պահպանելով անմեղության կանխավարկածը՝ ասում եմ․ եթե դատարանը նրան անմեղ ճանաչի, թող գնա տանը նստի ու բարձր կենսաթոշակ ստանա՝ ապրի…. Իսկ եթե մեղավոր ճանաչվեց, պետք է ցմահ դատապարտվի:

- «Միասին» շարժման առաջնորդների` Հրանտ Բագրատյանի, Արամ Սարգսյանի հետ չե՞ք խոսել պայքարի Ձեր տարբերակի, Ձեր առաջարկների մասին: Չե՞ք քննարկել այդ հարցերը նրանց հետ:

- Բոլորի հետ էլ զրուցել եմ, բոլորի հետ էլ առնչվում եմ: Ես իմ կարծիքն ասել եմ: Երբ ամսի 4-ին հանրահավաք էին անում` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի եւ Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով, ես ասացի, որ դա անհնար է: Անհնար է, որովհետեւ նույն Փաշինյանն Ազգային ժողովում ունի բացարձակ մեծամասնություն: Այս պայմաններում անիմաստ է նման ակցիաներ անելն ու ժողովրդին հոգնեցնելը: Պետք է իրատես լինել, հատկապես՝ երբ քաղաքական քայլեր ես անում: Իհարկե, շարժման ժամանակ եղան լավ ելույթներ, մասնակցեցին լավ մարդիկ, բայց դա ոչինչ չփոխեց: Մի քանի հարյուր հոգի լսեց, մնացածն իրենց համար սրճարաններում նստած՝ սուրճ էին խմում: Ես առաջին պլանում չեմ եղել, ելույթ չեմ ունեցել, որովհետեւ համաձայն չէի այդ միջոցառումների կազմակերպման հետ:

- Ձեր գործընկերները չե՞ն կիսում Ձեր տեսակետները:

- Ասացին, որ արդեն հանրահավաքի մասին հայտարարել են ու ոչինչ չեն կարող փոխել: Դե, ինչ ասեմ, արել են՝ թող…. Ես ամեն օր տարբեր քաղաքական գործիչների ու դիվանագետների հետ եմ հանդիպում: Կան մարդիկ, որոնք պաշտոններ են ունեցել, մեծ փորձ ունեն եւ չեն թալանել: Կան նաեւ բազմաթիվ ազատամարտիկներ, որոնք շատ հայրենասեր են ու պատրաստ են ամեն ինչի:

- Ովքե՞ր են նրանք:

- Անուններ չեմ ուզում տալ:

- Առաջիկայում Երեւանի քաղաքապետի ընտրություններն են: Հնարավո՞ր է՝ Դուք էլ մասնակցեք ընտրություններին: Ի վերջո, քաղաքը ղեկավարելու փորձ ունեք:

- Բացարձակապես՝ ոչ: Ես ոչ մի ցանկություն ու հավակնություն չունեմ այդ ընտրություններին մասնակցելու: Կան այլ մարդիկ, որոնք կարող են մասնակցել այդ ընտրություններին:

- Ո՞ւմ եք համարում արժանի թեկնածու:

- Անուններ չեմ ուզում տալ: Եթե Նիկոլ Փաշինյանն իշխանության ղեկին մնաց, քաղաքապետ է ընտրվելու Տիգրան Ավինյանը: Այս իշխանություններն օգտագործելու են վարչական լծակներն ու Ավինյանին քաղաքապետ են դարձնելու: Առաջնահերթ պետք է Նիկոլ Փաշինյանից ու նրա կլանից ազատվել: