Արայիկ Հարությունյանին ընդամենը 611 ձայն է պակասել

Արայիկ Հարությունյանին ընդամենը 611 ձայն է պակասել

Այսօր ժամը 5-ին Արցախի ԿԸՀ-ն կհայտարարի արցախյան նախագահական ընտրությունների առաջին փուլի, ինչպես նաեւ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները:

Շատերը չէին բացառում, որ անվավեր քվեաթերթիկների վերհաշվարկի արդյունքում կարող են անակնկալներ լինել. բանն այն է, որ հաղթանակին շատ մոտ կանգնած թեկնածու Արայիկ Հարությունյանին ընդամենը մի քանի հարյուր քվե էր պակասում 50 պլյուս 1 հավաքելու համար:

Հնարավո՞ր են անակնկալներ. հարցրեցինք Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանին. «Չեմ կարծում, մենք հիմա վերջնական ամփոփում ենք իրականացնում, ընդհանրացնում ենք, ավելի կոնկրետ` ընդհանրացնում ենք ենթադրյալ խախտումների տվյալները, որոնք արձանագրում են, որ «աղաղակող խախտումների» մասին բարձրագոչ հայտարարություններն իրականության հետ որեւէ աղերս չունեն»: Բողոքարկումներ եղե՞լ են. «Ոչ, ոչ մեկի կողմից որեւէ բողոքարկում չի եղել»: Վերհաշվարկի որեւէ պահանջ չի՞ ներկայացվել․ «Ոչ, վերահաշվարկի պահանջ նույնպես չի ներկայացվել, ոչ էլ քվերաթերթիկներն անվավեր ճանաչելու»: 611 ձայն չի հերիքել Արայիկ Հարությունյանին՝ անվավերները որքա՞ն են. «2600»: Մասիս Մայիլյանի շտաբից նույնպե՞ս որեւէ դիմում չեք ստացել. «Վերահաշվարկի-անվավեր ճանաչելու` ոչ, ընդամենը մեկ դիմում ենք ստացել` առանձին փաստերին վերաբերող»: