Հատուկ Ազգային անվտանգության ծառայության համար

Հատուկ Ազգային անվտանգության ծառայության համար

ՀՀ ԿԱ ԱԱԾ Շիրակի մարզային վարչությունում նախապատրաստված նյութերով սույն թվականի դեկտեմբերի 2-ին ձերբակալվեց «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿԻ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ալեքյանը, դեկտեմբերի 9-ին էլ նա կալանավորվեց: 

Լուսանկարում պատկերված անձանցից մեկը Գեւորգ Ալեքյանն է, մյուսը Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը. ձերբակալությունից շուրջ մեկ շաբաթ առաջ՝ նոյեմբերի 26-ին, ըստ պաշտոնական տեղեկատվության, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այցելեց «Արփի լիճ ազգային պարկ» և Գևորգ Ալեքյանի հետ լուսանկարվելուց հետո հայտարարեց․ «Մեզ համար Շիրակի հյուսիսի ներուժի օգտագործումը հստակ առաջնահերթություն է, զբոսաշրջության զարգացման համար պետք է ազգային պարկն իր ողջ ներուժն օգտագործի, պետք է կարողանանք ենթակառուցվածքների զարգացման համար քայլեր ձեռնարկել». (մեջբերումը ՇՄ մարզպետի հայտարարությունից):

Լուսանկարը այդքան էական չէր թվա, եթե չհիշեինք ՇՄ մարզպետի կենսագրականից հետևյալը. 2016թ.-ից «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ խորհրդի անդամ։ 

Հարց է առաջանում, ի՞նչ կապ ունեն իրար հետ ձերբակալվածը, «Կոմպասս» կենտրոնը և Շիրակի մարզպետը։ 

Պատասխանը հետևյալն է. «Կոմպասս» ՀԿ-ն 2017թ. հուլիսից իրականացրել է «Էկոպարկ» ծրագիրը, որը միտված է եղել ազգային պարկի՝ որպես էկոտուրիստական գոտու զարգացմանը: Ծրագիրը իրականացվել է ՀՀ  նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում. շրջանառվում է շուրջ 40 միլիոն ՀՀ դրամի դրամաշնորհը փոշիացնելու կասկածանքը: Եթե հավելենք, որ  «Կոմպասս»-ի տնօրենն է Ղարիբ Հարությունյանը, և ծրագրին ակտիվորեն մասնակցել է «Արփի լիճ ազգային պարկ»-ի  նախկին  տնօրեն Հովսեփ Սիմոնյանը  (նաև ՇՄ նախկին մարզպետ), պատկերը կամբողջանա։ Վերոնշյալ անձինք այսօր վարչապետի անունից եղանակ են թելադրում մարզում, փոխանակ սույն քրեական գործի շրջանակներում պատասխան տան, եւ բացատրեն, թե ուր է գնացել զարգացման դրամաշնորհը։ Իսկ որ այն չի ծառայել իր նպատակին, այդ մասին է վկայում այսօր «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, մասնավորապես՝ լճի, բուսական և կենդանական աշխարհի ողբալի վիճակը:
Գուցե, մարզպետը գնացել էր «дух» տալու այսօր արդեն կալանավորված իր թիմակցին ՝ Գևորգ Ալեքյանին:

ՀԳ. ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում շարունակվում է «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի կողմից կատարված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարին մեղադրանք է առաջադրվել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը, պայմանագրով չնախատեսված հողատարածքում խոտհունձ կազմակերպելը թույլատրելու համար, շրջակա գյուղերի բնակիչներից պահանջել և ստացել է կաշառք: Մասնավորապես՝ կազմակերպության տնօրենի պաշտոնակատարը, 2019 թվականի նոյեմբերից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող մի շարք բնակիչների օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի անգործության, այն է՝ առանց խոտհարքներից օգտվելու օրենքով սահմանված պայմանագիր կնքելու, խոտհարքը տրամադրելու և խոտհարքն ապօրինի հնձելը չկանխարգելելու դիմաց, պահանջել և ստացել է տարբեր չափերի կաշառք: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով (7 դրվագ), 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հասմիկ Մելքոնյան 
Գյումրի