Խոր ծովում լողալ գիտե՞ք

Խոր ծովում լողալ գիտե՞ք

Հանդիպած կլինեք այնպիսի «մամայի բալա» տղաների, որոնք ամառային հանգստյան օրերին, ծովափի ոչ խորը եւ անվտանգ տեղերում` ի տես իրենց հարազատների ու աղջիկների, ջրի հետ հազար ու մի խաղեր են խաղում, գլուխկոնծի տալիս եւ այլն: Միամիտ մարդուն մի պահ պիտի թվա, թե նրանք կարող են հմուտ լողորդներ լինել։ Բայց ոչ․ նրանք խոր ծովում լողալ չգիտեն: Ավելի ճիշտ՝ այդպիսիք այդ կարգի հնարքներով փորձում են թաքցնել խոր ծովում լողալ չիմանալու իրենց գաղտնիքը: Հենց այդ պատճառով էլ նախընտրում են անվտանգ ափը եւ իրենց հնարքները. թե՛ գործն է հեշտ եւ թե՛ հանդիսատեսը՝ շատ:

Մեր նոր իշխանավորների որոշ արարքներ հիշեցնում են հենց այդ տղաներին ու նրանց գործերը: Երկու տարի եղավ, որ տեղի է ունեցել իշխանափոխություն: Երկրում կանգ է առել արտասահմանյան խոշոր ներդրումների հոսքը: Իսկ տեղաբնակների գումարները կա՛մ կուտակված են բանկերում, կա՛մ էլ կրկնակի ու եռակի անգամ ավելի խոշոր գումարներ՝ տներում: Խոշոր ներդրման ընդունակ արտասահմանցի մարդիկ էլ որ գալիս են խոսում, քննում, վարչապետի հետ գրկախառնվում, լուսանկարվում, բայց վերջում, իհարկե, մտածում են. «Քիչ մըն ալ սպասինք տեսնանք…»։

Գուցեեւ մի փոքրիկ ներդրումով էլ սիրաշահում են մեր տղաներին, բայց խոշորի մասին՝ առայժմ ոչ: Իսկ մեր նորելուկ իշխանավորները, անգիտանալով այդ համատարած վերապահումների հոգեբանական իրավիճակին, որ ստեղծել են հենց իրենք, շարունակում են համակարգչային խաղեր հիշեցնող գործողություններով զբաղեցնել թե՛ իրենց եւ թե՛ հասարակությանը: Եթե սկզբում դետեկտիվ հնարքներով հայտնաբերում էին գոնե խոշոր կամ միջին խոշորությամբ, անօրինական ճանապարհով վաստակած գումարներ եւ առգրավում դրանք, հիմա արդեն այդ գումարների տեսակարար կշիռն իջել եւ հասել է ողորմելի չափերի:

Ով գիտե՝ քանի-քանի պետական պաշտոնյաներ եւ իրավապահ մարմիններ, հազար ու մի ճանապարհներով, երկար-բարակ ստուգումներից հետո հայտնաբերում են որոշ տվյալներ այս կամ այն ձեռնարկատիրոջ կամ ինչ-որ ստեղծարար եւ ձեռներեց մի մարդու մասին: Դրան հետեւում են ճոռոմ հայտարարություններ, թե իբր հափշտակված գումարներ են վերադարձնում բյուջե: Վերջում պարզվում է, որ այդ մարդու մոտ հայտնաբերված, բայց դեռեւս չապացուցված հանգամանքներով հափշտակված գումարը, որը որակվում է որպես պետությանը հասցված վնաս, չի գերազանցում նույնիսկ մեկ-երկու միլիոն դրամը:

Հիմա կարող է առարկություն լինել, թե հանցագործությունը բացահայտելը՝ անկախ պետությանը հասցված վնասի չափից, պետք է իրականացնել միշտ: Շատ լավ, այդ դեպքում եկեք ձեւակերպենք այսպես. մեր պետական երիտասարդ եւ ազնիվ այրերը մտահոգ չեն մեկ-երկու միլիոն դրամի հափշտակությունը հայտնաբերելու համար ծախսվող պետական ռեսուրսներով (միլիոնների վնաս պատճառելով պետությանը):

Փոխարենը առգրավում են հափշտակած՝ թեկուզեւ չնչին գումարը, որպեսզի նոր Հայաստանում այլեւս ոչ ոք չմտածի անօրինական ճանապարհով նույնիսկ մեկ լումա վաստակելու մասին: Եկեք ծափահարենք նրանց, բայց…  համաձայնեք, որ այդ կարգի գործողություններով չենք կարող հասնել հայտարարված նպատակներին: Ավելին, այդ գործողությունների հրապուրանքից հարբած՝ մոռանում ենք հոգ տանել կարեւորի՝ գործարար եւ ձեռներեց մարդկանց շրջապատի վրա ավերիչ ազդեցության մասին: Ո՞վ կարող է չափել եւ ասել, թե այդ գործողությունների տրամաբանական հետեւանքների պատճառով ինչ ահռելի վնասներ է հասել Հայաստանի Հանրապետությանն ու նրա քաղաքացիներին: Միայն գործից հասկացող մարդիկ կարող են չափել երկրի կրած այն վնասները, որոնք առաջանում են խոշոր ներդրումների բացակայության կամ ձեռներեց մարդկանց՝ առայժմ անգործ եւ սպասողական վիճակում մնալու հետեւանքով: Իսկ այդ բոլորի պատճառը, առաջին հերթին, հենց այդ ֆոկուսնիկ տղաների անհեռատես վարքագիծն է, որ այլեւս ձանձրալի է դարձել: Այդ կարգի բացահայտումներից բխած պատժիչ գործողություններ կատարվում են աշխարհի բոլոր պետություններում, բայց ո՛չ մեր նորելուկ իշխանավորների նման՝ բեմականացված եւ ուշադրություն հրավիրող գոռուն-գոչուններով: Բոլորն էլ հասկանում են, որ նման պահվածքն անվստահության մթնոլորտ է ստեղծում աշխատող եւ ռիսկի դիմող ձեռներեց մարդկանց մոտ: Իսկ աշխարհի ո՞ր երկրում այդ ո՞ր մեծ գործն է, որ ռիսկեր չի պարունակում: Մեր սիրելի տղաներն արդյոք հասկանո՞ւմ են, որ Հայաստան երկիրն առանց այն էլ բիզնեսի համար ռիսկային երկիր է համարվում: Այդքան հեշտ, անտեսելով իրենց ուսերի վրա դրված՝ երկիր ղեկավարելու պատասխանատվությունը եւ մանավանդ այդ գործողությունները լիաբերան հայտարարելու իրենց անվերջանալի ցանկությամբ արդյոք չե՞ն նմանվում հենց այն տղաներին, որոնք ծովի ափին յուրայինների համար աճպարարություններ են անում եւ սպասում բուռն ծափահարությունների: Իսկ երբ այլեւս ձանձրույթ են պատճառում՝ նույնիսկ յուրայիններին, սկսում են անհանդուրժող դառնալ այլեւս իրենց չհավանողների կամ քննադատողների նկատմամբ:  

Վերջերս ականատես եղանք բազմակի ոլորտների նախարարի կողմից արված անհիմն ու հերյուրանքով լի խոսքերին: Նա, ստեղծված իրավիճակը ճիշտ գնահատելու եւ մի ողջամիտ լուծում առաջարկելու փոխարեն, մանկամտորեն փորձեց պառակտում մտցնել մի այնպիսի կուսակցության շարքերում, որի մասին բացարձակապես բան չգիտի: Մենք նրանից չլսեցինք իր դիրքին ու կոչմանը վայել ոչ մի կարգին խոսք: Երանի չխոսեր ամենեւին… 

Պետք է բոլորի եւ հատկապես մեր նոր իշխանավորների համար պարզ լինի, որ նրանց ծափահարող ժողովուրդն ամենից առաջ սիրում է իր երկիրն ու այդ երկրի մեջ իր բարօր կյանքը: Եթե նա դեռ չի հիասթափվել եւ հույսերով է ապրում, ապա միայն այն պատճառով, որ կարծում է՝ այս նորեկները վերջապես մի օր կհասկանան եւ կուղղեն մինչ այժմ թույլ տված իրենց սխալները: Մինչեւ ե՞րբ ենք ուզում հափշտակված գումարները հետ բերելով ու նախկին իշխանավորների արած գործերից գոյացող հարկերի հաշվին ապրել:

Վահան ԴԱՐԲԻՆՅԱՆ