Լավրովն իր համար «ալիբի» էր ձևավորում

Լավրովն իր համար «ալիբի» էր ձևավորում

«Հրապարակի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

- ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ , Հայաստանը տասնյակ տարիներ օկուպացրել էր Ադրբեջանի 7 շրջանները, իսկ ՀՀ նախկին իշխանությունները հրաժարվում էին ՌԴ միջնորդությունից՝ ցանկանալով պահել գրաված տարածքները, որոնք իրենց չէին պատկանում: Լավրովի պնդմամբ` Ադրբեջանը վերադարձրել է իրեն պատկանող հողերը: Այս հայտարարությունն ընկալվել է յուրովի: Քաղաքական տարբեր շրջանակներ, այն ընկալել և մեկնաբանել են տարբեր կերպ: Ի վերջո` ի՞նչ հայտարարություն էր սա:

-Իմ կարծիքով, սա Ռուսաստանի թուլությունն արդարացնող հայտարարություն էր: Լավրովը շատ լավ տեղյակ է, թե ով է մերժել խնդրի կարգավորման խաղաղ տարբերակները: Ամենավառ օրինակներից մեկը 2011 թ. Կազանյան բանակցություններն են, երբ Ալիևը ուղղակի վերջին պահին դուրս է եկել բանակցություններից: Ուստի ՌԴ–ն պետք է ընդունի, որ չի ունեցել և չունի բավարար ճնշում Ադրբեջանի վրա գնալ խաղաղ կարգավորման: Դրանով Լավրովն արդարացրել է Ալիևի ագրեսիան: Իսկ դա շատ վտանգավոր է: Սա Լավրովի ոչ առաջին, ցավոք ոչ էլ վերջին հայտարարությունն է, որտեղ հստակ ադրբեջանական թեզեր են արտացոլված:
Ինձ սա հիշեցնում է նույն Նիկոլ Փաշինյանի գործելաոճը՝ մեղքը բարդել այլոց վրա, քանի որ ինքդ անկարող ես հարց լուծել:

- Լավրովն ըստ էության խոսեց 7 շրջանի ադրբեջանական լինելու մասին: Սա կարո՞ղ է պաշտոնական Մոսկվայի կողմից Բաքվին ուղղված ակնարկ  դիտարկվել, որ միայն 7 շրջանն էր ադրբեջանական, իսկ ահա մնացյալ տարածքները հայկական են:

- Եթե հիշեք ժամանակին Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ հարցերով հանձնակատար Իգոր Պոպովը՝ պատասխանելով  Նիկոլ Փաշինյանի՝ «44 օրյա պատերազմի ակունքները» վերնագրով  հոդվածին, նշել էր. «Պնդել, որ Ռուսաստանն առաջարկել է վերադարձնել ԼՂ 7 շրջանները «հենց այնպես», մոռանալ կարգավիճակի մասին ու հանգստանալ, չի համապատասխանում իրականությանը... «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է լիներ համաժողովրդական քվեարկություն անցկացնելու միջոցով՝ կողմերի կողմից համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո։ Այն պետք է արտահայտեր Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտությունը և ունենար իրավաբանորեն պարտադիր բնույթ՝ միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին համապատասխան: Ընդ որում, քվեարկության դրվող հարցի կամ հարցերի ձեւակերպումները ոչնչով չէին սահմանափակվելու, իսկ քվեարկության ցանկացած արդյունք հարգվելու է կողմերի կողմից»։ Այս նույն կերպ կարելի է պատասանել Լավրովի հայտարարությանը: Ալիևը ուժ կիրառելով չի վերացրել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Այդ իրավունքը բանակցային գործընթացի երեք հիմնարար սկզբունքներից մեկն է: Եթե ՌԴ–ն կամ մեկ այլ կողմ շահագրգռված են լուծման մեջ, ապա պետք է հաշվի առնեն այս հանգամանքը:
 Ներկայիս ԼՂՀ–ի մասով, որից օկուպացված է Շուշին ու Հադրութը, Լավրովը փորձում է կիրառել Ալմա–Աթայի հռչակագիրը: Բայց դա ևս սխալ  է: Նախ, այդ հռչակագիրը ՀՀ Գերագույն խորհուրդն ընդունել է վերապահումներով: Երկրորդ, ԼՂԻՄ–ը առանձնացել է Խորհրդային Ադրբեջանից՝ ԽՍՀՄ սահմանադրության համաձայն: Այդ հռչակագիրը որևէ կերպ չի փոփոխում ԼՂԻՄ–ի ինքնորոշման իրավունքը:

- Ի՞նչ նպատակ էր հետապնդում նրա այդ հայտարարությունը:

- Իմ դիտարկմամբ, այս հայտարարությամբ ևս Լավրովը իր համար «ալիբի» էր ձևավորում: Ի վերջո, ՌԴ-ն չի կարողանում կարգավորման իր տարբերակը պարտադրել Ադրբեջանին, որտեղ նշված է՝ կարգավիճակի հարցի հետաձգում և խաղաղապահների ժամկետի երկարաձգում: ՀՀ–ն կողմ է արտահայտվել այդ առաջարկներին, Ադրբեջանը մերժել է: Հիմա փոխարենն ընդունել, որ իրենք չեն կարողանում Ադրբեջանին հարկադրել գնալ այդ տարբերակով, Լավրովը այնպիսի մեկնաբանություններ է անում, որ մեղավոր լինեն ՀՀ իշխանությունները:

ՌԴ-ն այսօր չի կարողանում Ադրբեջանին հարկադրել բացել Լաչինի միջանցքը: Բայց նույն Լավրովը Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշել էր, որ «Ղարաբաղի ղեկավարությունը» չի գնացել զիջման: Այսինքն՝ ըստ ՌԴ–ի ամեն անգամ, երբ իրենք ձախողում են որևէ բան պարտադրել Ադրբեջանին, ՀՀ–ն կամ ԼՂՀ–ն պետք է զիջման գնան: Սա վտանգավոր մտածելակերպ է:

- Լավրովը նաև հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ գործունեության նկատմամբ չափազանցված միջոց է։ Նա նշեց, որ ՀԱՊԿ խաղաղապահ պայմանագրային և իրավական դաշտում պարզաբնում է մտցվել. ՀԱՊԿ-ը կկարողանա զորք տեղակայել առանց ՄԱԿ-ի ԱԽ պատժամիջոցի: Ի՞նչ է սա նշանակում:

- Կդժվարանամ այս հարցին պատասխանել, քանի որ այստեղ միջազգային իրավական կարգավորումներ են գործում: Ամեն դեպքում, իմ տպավորությամբ, ՀՀ իշխանությունները շահագրգռված չեն ՀԱՊԿ զորքերի տեղակայմամբ: Ես ևս կողմ եմ, որ մենք պաշտպանենք մեր սահմանները, դա ամենավստահելի տարբերակն է, բայց հարցն այն է, որ բանակի հետ չի տարվում այնպիսի աշխատանք, որ դա իրագործելի լինի: Սա, թերևս, առանձին քննարկման թեմա է: