Արցախի ղեկավարությունը նախ պետք է հարցեր ուղղի ՀՀ իշխանությանը

Արցախի ղեկավարությունը նախ պետք է հարցեր ուղղի ՀՀ իշխանությանը

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, Հ1-ի եթերում խոսելով Արցախում ներկայում տիրող իրավիճակի մասին, ի թիվս այլ հարցերի, ասել է․ «Ադրբեջանի հնարամտությունը սահմաններ չունի։ Ի վերջո, մենք հասանք մի կետի, երբ Ադրբեջանն ադրբեջանցի բժիշկներ ներգրավեց եւ պայմաններ դրեց Կարմիր խաչի առջեւ, որ Հայաստան մեկնող հիվանդները պետք է լրացուցիչ բուժզննության ենթարկվեն անցակետում։ Սրանք պայմաններ են, որոնք ուղղված են մեր քաղաքացիների արժանապատվության դեմ, նրանց անհարմար դրության մեջ դնելուն։ Եվ ինչպե՞ս եք պատկերացնում՝ այս պայմաններում մեր քաղաքացիներն ադրբեջանցիների կողմից բուժզննության ենթարկվեն։ Ես չեմ բացառում, ավելին՝ համոզված եմ, որ այդ գործընթացը նույնիսկ տեսախցիկների տեսադաշտում է լինելու»։

Այն, որ ադրբեջանական գործելաոճը մարդու արժանապատվության դեմ է, որեւէ մեկը չի վիճարկում։ Նաեւ լիովին հասկանալի են պաշարման մեջ գտնվող շարքային արցախցիների վիճակը եւ վճռականությունը։ Սակայն անհասկանալի է, թե Ադրբեջանից ինչ են սպասում արցախյան վերնախավում, այն վերնախավում, որոնք պատրաստ են բոլորին մեղադրել ու անարգանքի սյունին գամել, բացի Հայաստանի գործող իշխանություններից։ Չէ, հարցն այն չէ, որ ադրբեջանցիները ցանկացած ստորության պատրաստ են։ Դա չենք ուզում մատնանշած լինել։ Այլ այն, որ եթե Հայաստանի արտաքին գործերի նախարարը ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստում հայտարարում է՝ հղում տալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանը 86 600 քառ կմ տարածքով, որը ներառում է նաեւ Արցախը (խոսքի մյուս մասը՝ «սակայն այն ընկալմամբ, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների եւ անվտանգության հարցը պետք է քննարկվի միջազգային մեխանիզմի ներքո՝ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջոցով»-ը, այլ բան չէ, քան սեւ սրտի մխիթարանք)։ Սա նշանակում է, որ առնվազն Գուրգեն Ներսիսյանի համար պարզ պետք է լիներ, որ այն, ինչ կատարվում է հիմա Արցախի հետ, մեղմ ասած՝ «դեռ ծաղիկներն են»։

Ի վերջո, եթե ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավարն է արձանագրում, որ Հայաստանի միակ ղեկավարը Փաշինյանն է, իսկ նա ճանաչում է Արցախն իբրեւ Ադրբեջանի մաս, նշանակում է՝ դրանով արցախցիները դառնում են Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի էթնիկ ծագումով հայ քաղաքացիներ, որոնց կյանքի եւ անվտանգության պատասխանատուն դառնում է Բաքուն։ Իսկ Բաքվի միակ նպատակն ամեն բան անելն է, որպեսզի Արցախի ներկայիս փաստացի ղեկավարությունը սկսի երկխոսություն Ադրբեջանի հետ Բաքվում, թերեւս՝ առանց միջնորդների, որով կլեգիտիմացվի արցախահայության իրավունքների եւ այլնի հետ կապված խնդիրների՝ Ադրբեջանի ներքին գործ լինելու մասին իր պնդումը։

Հետեւաբար, այս դեպքում առաջնահերթ կերպով պետք է սլաքներն ուղղել Հայաստանի գործող իշխանությունների կողմը, որոնք պարզապես ընտրել են ամենահեշտ, սակայն ամենից աբսուրդային տարբերակը՝ «գլխացավից ազատվելու համար որոշել են կտրել գլուխը»։ Իսկ կտրվող գլուխը դեռ պայքարում է, մաքառում է, բայց ոչ կտրողների դեմ, այլ դանակի եւ վիրահատական սեղանի։