Գյուղապետերի նկատմամբ քրեական գործերը շարունակվում են

Գյուղապետերի նկատմամբ քրեական գործերը շարունակվում են

Դատախազությունը հաղորդեց, որ լայն թափով շարունակվում են համայնքային սեփականության հողամասերն առերևույթ սխեմատիկ հանցավոր մեխանիզմներով ենթավարձակալության հանձնելու փաստերով քրեական գործերի հարուցման, համայնքներին հասցված վնասների վերականգնման, վարձակալության ապօրինի պայմանագրերի լուծման գործընթացները։ Այդ գործերի շրջանակում  ուսումնասիրել են Ծաթեր և Հարժիս համայնքներին պատկանող հողամասերի գործարքները։

Հաղորդում են, որ Լոռու մարզի դատախազության հանձնարարությամբ ոստիկանության Թումանյանի բաժնում նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ մարզի Ծաթեր համայնքի ղեկավարը (ով ներկայումս հանդիսանում է խոշորացված Օձուն համայնքի Ծաթեր վարչական շրջանի ղեկավարը) 2004 և 2009թթ. անցկացրել է համայնքային սեփականություն հանդիսացող երկու հողամասեր վարձակալության տրամադրելու ձևական մրցույթներ: Դրանց արդյունքում հաղթող են ճանաչվել, մի դեպքում, համայնքի ղեկավարի հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ գտնվող անձը, մյուս դեպքում՝ համայնքի ղեկավարի տեղակալը: Վերջինիս ղեկավարը՝ Բագրատ Լալայանը, մեզ հետ զրույցում ասաց, որ «մորգում է», չի կարող որևէ հարցի պատասխանել։

Ըստ իրավապահների հաղորդած մանրամասների՝ 2004թ. հոկտեմբերին կնքված պայմանագրով նրան գյուղատնտեսական գործունեության նպատակով տարեկան 168․000 ՀՀ դրամ վարձավճարով 25 տարի ժամկետով վարձակալության է տրվել 14 հա հողամաս: Չունենալով համայնքապատկան հողամասի վարձակալության իրավունքը մասնակի երրորդ անձին փոխանցելու կամ զիջելու իրավունք՝ 2008թ. նոյեմբերին վարձակալը նույն հողամասի մի փոքր՝ 0,02 հա հատվածը, համայնքի ղեկավարի գիտությամբ, տարեկան 480․000 դրամ վարձավճարի դիմաց ենթավարձակալությամբ հանձնել է կապի օպերատոր ընկերությանը՝ մինչև 2019թ. ստանալով ընդհանուր 1․6 մլն ՀՀ դրամ շահույթ՝ վարձավճարի տեսքով:

Մյուս դրվագով նախկին գյուղապետը 2009թ. ապրիլին կնքված պայմանագրով վարձակալության է տվել 2 հա հողամաս՝ 25 տարի ժամկետով և տարեկան ընդամենը 8․000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց, որից միայն 0,01 հա մակերեսով հատվածը 2010թ. մարտին վարձակալը 22.5 անգամ ավելի թանկ՝ տարեկան 180․000 դրամ վարձավճարի դիմաց, ենթավարձակալության է հանձնել կապի այլ օպերատորի և մինչև 2019թ. ստացել ընդհանուր 5.3 մլն դրամի չափով շահույթ:
Գործարքների հետևանքով համայնքը զրկվել է իր սեփականության գույքերի օգտագործման դիմաց առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր մոտ 7 մլն ՀՀ դրամի եկամուտ ստանալու հնարավորությունից։
 
Իսկ Սյունիքի մարզի Հարժիս համայնքի նախկին ղեկավարը, ըստ ոստիկանությունում նախապատրաստված նյութերով ձեռք բերված փաստական տվյալների, 2010թ. օգոստոսին 25 տարի ժամկետով, տարեկան 7.500 դրամ վարձավճարով Հարժիս համայնքի հետ կնքել է արոտավայր հանդիսացող՝ համայնքին պատկանող 10 հա մակերեսով հողատարածքի վարձակալության պայմանագիր: Այնուհետև, բառացիորեն օրեր անց, նշված հողամասից ընդամենը 150 խմ մակերեսով հողատարածքը 10 տարի ժամկետով, ամսական 30.000 դրամ վարձավճարով ենթավարձակալության է հանձնել կապի օպերատոր ընկերությանը, որի դիմաց մինչև 2020թ. ստացել է, ընդհանուր առմամբ, շուրջ 3.5 մլն դրամ շահույթ՝ համայնքին զրկելով գրեթե նույն չափով բյուջետային միջոցները համալրելու հնարավորությունից։

Հարժիսի նախկին գյուղապետ Սուրիկ Աբրահամյանը մեզ հետ զրույցում նախ ասաց, որ տեղյակ չէ՝ իր նկատմամբ քրեական գործ հարուցվել է, թե ոչ։ Բայց հետո չբացառեց՝ կարող է։ Գյուղապետը մեծ դժվարությամբ հիշեց, որ որոշ ժամանակ առաջ մոտ 2,5-3 միլիոն դրամ է մուծել պետբյուջե։

Հարցրինք, թե ինչպես է եղել, որ 7․500 դրամով պայմանագիր է կնքել, ու ամիսը չբոլորած՝ նույն հողատարածքը ենթակապալառուն վերավարձակալության է տվել 30 հազար դրամով։ Ասաց․ «Էն ժամանակ ես խորհրդակցել եմ մարզպետարանի, մարզպետարանի իրավաբանական բաժնի հետ, նորմալ․․․ հարցրել եմ՝ օրենքի խախտում կա՞, ասել են՝ չէ»։

Գյուղապետը գրեթե ոչ մի հարցի չէր պատասխանում՝ ասելով, որ տասը տարի է անցել, չի կարողանում հիշել։ Միայն ասաց․ «Այդ գումարը չեմ էլ օգտագործել»։